Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԿՀԱՆՎԵՄ

Հոկտեմբեր 14,2003 00:00

ՀԱՐԿ ԼԻՆԻ՝ ԿՀԱՆՎԵՄ Երգիչ Էմին Դավիդովը ելույթ է ունենում գիշերային ակումբներում Ըստ «Առավոտին» հասած լուրերի, էստրադային երգիչ Էմին Դավիդովը գիշերային ակումբներում «լայն պրոֆիլով» է աշխատում՝ երգելուց զատ, նաեւ ստրիպտիզ է ցուցադրում՝ մերկանալով ստրիպ-պարուհիների օգնությամբ։ Երգիչը լուրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց։ «Եթե հարկ լինի մերկանալու՝ կմերկանամ։ Ուրիշների օգնության կարիքը չեմ զգում»,- ասաց նա՝ հիշելով ռուսական էստրադայի աստղ Նատաշա Կորոլյովայի կլիպը։ Այնտեղ ստրիպ-պարող Տարզանը նույնպես մերկանում է՝ առանց կողմնակի միջամտության։ Էմին Դավիդովը առաջին երգիչներից է Հայաստանում, որ բեմ է դուրս եկել ստրիպ-պարուհիների հետ։ Նա աշխատում է գիշերային ակումբներում, որը նրան հիշեցնում է փարիզյան «Մուլեն Ռուժը»։ Համագործակցում է նաեւ երեւանյան այլ գիշերային ակումբների հետ։ Դժգոհ է Հայաստանում շոու-բիզնեսի վիճակից։ Է. Դավիդովի կարծիքով, բոլոր արտիստներն այսօր ընդամենը զբաղված են ինքնախաբեությամբ, որովհետեւ շոու կա, իսկ բիզնես՝ ոչ. «Ամբողջ շոու-բիզնեսը «գնացել» է մեծահարուստների հարսանիք, կնունք, ծնունդ։ Օրինակ, ես հոգեբանորեն պատրաստ չեմ մասնակցելու նման միջոցառումների։ Բայց մեր երգիչ-երգչուհիների մեծամասնությունը ստիպված է այդկերպ փող վաստակել, որպեսզի կլիպ նկարահանի, CD թողարկի եւ այլն։ Իսկ այս ամենը ձանձրալի է»։ Երգչի կարծիքով, իր կարիերայի սկիզբն (1996 թվական) ավելի հեշտ է «ստացվել», քան շարունակությունը, որովհետեւ միշտ դժվար է ապացուցել քո պրոֆեսիոնալ լինելը. «Իսկ ես ոչ մեջք ունեի, ոչ փող։ Ինքս ինձ համար ճանապարհ հարթեցի, թողարկեցի CD, տեսահոլովակներ, նկարահանվեցի «Անուշ լինի», «Քաղաք» մյուզիքլներում»։ Էմինը չթաքցրեց, որ ժամանակին Մոսկվայում աշխատելու հնարավորություն էլ է ունեցել։ 1991-ին ծանոթանալով հրեական թատրոնի տնօրեն Վլադիմիր Վոլոդինի հետ, նրա միջնորդությամբ հանդիպել է Վալերի Լեոնտեւի պրոդյուսեր Բորիսի (ազգանունը չհայտնեց) հետ։ Վերջինս առաջարկել է, որ Է. Դավիդովը նախ աշխատի որպես կոստյումեր, հետո աստիճաններով բարձրանա։ Այնուհետեւ Բորիսը նրան ծանոթացրել է մոսկովյան խմբերից մեկի մենեջերի՝ Տատյանայի հետ։ Միայն վերջինիս հետ ամուսնությամբ Էմինը կարող էր հաստատվել Մոսկվայում։ Ավելի ուշ Էմինը գլխի է ընկնում, որ հաշվարկով ամուսնությունը Բորիսի «պրոյեկտն» էր, ուստի մեկ ամիս զագսով ամուսնացած լինելուց հետո վերադառնում է Հայաստան։ Ռուսաստանը նրա համար ընդամենը լայնարձակ երկիր էր, իսկ Հայաստանը՝ «Լենինական, Կիրովական, Քյավառ, ուր ապրում ու ստեղծագործում եմ, թեկուզ անբավարարված»։ Է. Դավիդովը համոզված է, որ իր անբավարարության «մխիթարիչը» կոմպյուտերն է, որի հետ «համատեղ հետաքրքիր կյանքով է ապրում»։ Երգիչը հատկապես մտահոգված է հայկական մենթալիտետից հայերի կախվածությամբ։ Գտնում է, որ շատ արվեստագետներ կարող են օրիգինալ բաներ մտածել, սակայն ամենահետաքրքիր տեղում, ամենահետաքրքիր պահին իսկույն հիշում են՝ ի՞նչ կմտածեն մեր մասին։ «Օրինակ, ես երգիչ եմ եւ ոչ ստրիպ-պարող, բայց մերկանալու մեջ ի՞նչ վատ բան կա, որ բոլորը սկսել են հետաքրքրվել ինձնով։ Դրա պատճառն էլ պետք է փնտրել մեր անկատար շոու-բիզնեսի մեջ»,- զրույցի ավարտին ասաց երգիչը։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել