«Ամեն ինչ ճակատին եմ ասել» Ռուբեն Գեւորգյանի հետ իր հարաբերությունների մասին հիշում է Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանը: Հոկտեմբերի 8-ին «Առավոտում» տպագրված «Այս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ» նյութում Ռուբեն Գեւորգյանը մեղադրում էր Շիրակի տարածքի դատախազ Համլետ Հովսեփյանին հիմնադրամի անօրինականության եւ իր կողմից կատարված յուրացումների մասին 6-րդ ոստիկանության վարչությանը «առանց ամաչելու նյութեր տրամադրելու մեջ»: Այս հարցի կապակցությամբ ստացանք նաեւ մեղադրվող կողմի՝ Համլետ Հովսեփյանի պարզաբանումները: Վերջինս հավաստիացնում է, որ ոչ մի անգամ, ոչ մի տեղ այդ հողերի վաճառքի, աճուրդի հետ կապված հայտարարություն չի արել, ավելին՝ Դավիթաշենի տարածքում Ռուբեն Գեւորգյանի թաղապետության ժամանակ 6-րդ գլխավոր վարչության անցկացրած ստուգումների մասին առաջին անգամ այս թերթից է տեղեկացել: Դատախազն այս ամենը վերագրում է Ռուբեն Գեւորգյանի երեւակայական հիվանդությամբ տառապելուն: «Ես վաղուց մոռացել, իմ հիշողությունից ջնջել եմ Ռուբեն Գեւորգյանին, ինչու՞ է նա ինձ հիշել: Չեմ հասկանում էդ մարդն ինչի՞ց է նեղացել, ումի՞ց է նեղացել: Ռուբեն Գեւորգյանը լավ կհիշի, որ իր պատգամավոր, անձեռնմխելի լինելու ժամանակ ես իր երեսին ամեն ինչ ասել եմ, հիմա ոչինչ չեմ ուզում ասել»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազը: Վերջինս նաեւ մտաբերեց, որ անհայտ անունով հիմնադրամի նախագահը Ռուբեն Գեւորգյանի կինն է եղել եւ որ նախկին թաղապետը Դավիթաշենի տարածքի կոոպերատիվ հողերը (այն նախագծված էր սպորտային – առողջարարական համալիր կառուցելու) ըստ ցանկության վաճառել է: Իսկ թե վաճառքն ի՞նչ կարգով է կատարվել. օրինակա՞ն է եղել, թե՞ անօրեն, այս հարցը Համլետ Հովսեփյանին քիչ է հուզում: «Դա իմ գործը չի, դա իրավապահ մարմինների գործն է»: Շատերն են այս վաճառքից օգտվել: Համլետ Հովսեփյանն էլ 5000 դոլարին համարժեք դրամ է մուծել ու կոոպերատիվ հողի տարածքից եղբոր, հորեղբոր տղայի, իր անունով 10 կտոր հող է վերցրել (յուրաքանչյուր կտորը 400 մետր է, որի համար պահանջվել է 500 դոլարին համարժեք դրամ): Իրականում ոչ մի աճուրդ էլ չի եղել, ուղղակի պարտադրել են, որ հիմնադրամին պետք է փող մուծեն, նրանք էլ մուծել են ու սեփականության վկայականներ ստացել: Ու հիշյալ հողերը միայն կառավարության ապօրինի հողերի մասին ընդունած որոշմամբ է օրինականացվել: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի