Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հատապտուղներն արտահանվում են

Հոկտեմբեր 14,2003 00:00

Ղարաբաղի հատապտուղներն արտահանվում են Սերգեյ Ենգիբարյանի հաջողության պատմությունը 1996թ. Ղարաբաղի բանակում ծառայությունն ավարտելուց հետո Սերգեյ Ենգիբարյանը որոշեց զբաղվել բիզնեսով: Բանկից վերցրած հինգ հազար դոլար վարկով սկսեց կաթնամթերքի արտադրություն: «Ես մասնագիտոււթյամբ կաթի եւ կաթնամթերքների ինժեներ-տեխնոլոգ եմ, երեւի որոշիչ հանգամանքը դա է եղել: Եվ երկրորդ, այդ ժամանակահատվածում, երբ սկսեցինք գործը (դա 96թ. էր), նոր էր խաղաղություն հաստատվել, այդ ժամանակ կաթի արտադրությունն այնքան էլ լավ մակարդակի վրա չէր Ստեփանակերտում: Եվ դրա համար հնարավորություն ստեղծվեց, որ այդ շուկան մտնենք եւ աշխատենք»,- պատմում է Սերգեյ Ենգիբարյանը: Բիզնեսը զարգացնելու համար Սերգեյ Ենգիբարյանը բանկից 22 անգամ վարկ է վերցրել եւ վերադարձրել: Այսօր Ղարաբաղի շուկայի կաթնամթերքի 60 տոկոսն արտադրում է նրա ղեկավարած «Առաջնեկ» ընկերությունը: «Մեր արտադրանքը հիմնականում իրացվում է Ստեփանակերտում եւ Ղարաբաղի մյուս քաղաքներում: Մենք կաթնամթերք ենք մատակարարում նաեւ պաշտպանության բանակին»,172 ասում է գործարարը: Երկու տարի առաջ նա հիմնեց «Ենգիբարյան» ընկերությունը, որը սկսեց պահածոներ արտադրել: Հայաստանից հրավիրեց մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այդ գործով: Ինժեներ-տեխնոլոգ Հովհաննես Մկրտչյանը մինչեւ Երեւանի պահածոների գործարանի փակվելը այնտեղ արտադրամասի պետ է աշխատել: Մասնակցել է Հայաստանի երեք պահածոների գործարանների կառուցման եւ գործարկման աշխատանքներին: Այսօր ապրում եւ աշխատում է Ղարաբաղում: Գործարանում արտադրվում են տարբեր պահածոներ. «Հիմնական շեշտը ձգտում ենք դնել Ղարաբաղի մրգերի եւ հատապտուղների վերամշակման վրա: Մշակում ենք այնպիսի բույսեր կամ մրգեր, որոնք հատուկ են Ղարաբաղին եւ ուրիշ գործարաններ դրանք չեն վերամշակում: Օրինակ` աստղաշուշանի, սնդրուկի, շուշանի, կապարի մարինադներ: Թթից եփում ենք դոշաբ, մուրաբա: Վերամշակում ենք նուռը, թուզը, մեր անտառների հոնը, մոշը, մորին եւ այլն: Ձգտում ենք այնպիսի արտադրանք տալ, որը խորհրդանշում է Ղարաբաղը»,- արտադրանքը ներկայացնում է Ս.Ենգիբարյանը: Ընկերությունն իր արտադրանքն իրացնում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում: Գործարարի հավաստմամբ, արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի եւ Կանադայի գործարարների հետ՝ արտադրանքն այնտեղ իրացնելու: Ղարաբաղում բիզնեսին խանգարող հանգամանքը գործարար Սերգեյ Ենգիբարյանի համար վարկային բարձր դրույքաչափերն են. «Այսօր Ղարաբաղում եւ Հայաստանում վարկերի միջին դրույքաչափը 15 տոկոս է, որը շատ ծանր բեռ է ձեռներեցի համար։ Դժվար է այդ տոկոսադրույքով մեծ ներդրումներ կատարել, եթե հաշվի առնենք, որ միջին շահութաբերությունը նման արտադրություններում 20-25 տոկոս է»: «Ոքանո՞վ է կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհը նպաստելու Ղարաբաղում բիզնեսի զարգացմանը»,- հարցնում եմ գործարարին: «Մենք վերամշակում ենք հիմնականում նուրբ հատապտուղներ եւ մրգեր: Եթե լավ ճանապարհներ կան, կարելի է անհամեմատ հեռու տեղից տեղափոխել դրանք: Եթե ճանապարհները վատ են, մենք ստիպված ենք լինում սահմանափակվել մոտակա գյուղերով: Եթե ճանապարհները լավ լինեն, անհամեմատ ավելի մեծ ծավալներ կիրացնենք եւ ամենակարեւորը՝ ծախսերը կկրճատվեն»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել