Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՏԱԿ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐԻՆ»

Հոկտեմբեր 14,2003 00:00

«ԱՊՏԱԿ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄԵՐԻՆ» «Որեւէ զարմանալի բան չկա։ Կանխատեսելի էր, որ «Ա1+»-ը կրկին եթեր չի վերադառնա, որովհետեւ իշխանությունները շարունակում են վախենալ օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվությունից»,- ի պատասխան մեր հարցի՝ ինչպե՞ս է գնահատում «Ա1+»-ին հերթական անգամ եթերի հնարավորությունից զրկելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը, ասաց ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ «ԱՄ» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, հանձնաժողովի որոշումը «ապտակ էր ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլեւ ԵԽ-ի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին, որովհետեւ նրա պահանջներից մեկն էլ հենց «Ա1+»-ին եթեր տրամադրելն էր։ Եվ իշխանությունները խոստացել էին այդ»։ Ըստ Հմ. Հովհաննիսյանի. «դա ուղղակի խայտառակ իրավիճակ է, որը ստեղծվել է «Ա1+»-ի շուրջը։ Եթե ԵԽ աշնանային նստաշրջանում պատժամիջոցներից Հայաստանի վարչախմբի մազապուրծ լինելու հետեւանքը պետք է լիներ այս հերթական ոտնձգությունը միակ անկախ էլեկտրոնային լրատվամիջոցի նկատմամբ, ապա պարզ է, որ ԵԽ-ում Հայաստանի վարչակազմի դիրքերի ամրապնդումը ոչ միայն չնպաստեց Հայաստանի ժողովրդավարական ուժերին, այլ՝ ընդհակառակը, ստացված մեղքերի թողությունն օգտագործվեց հակաժողովրդական մթնոլորտի խորացմանը»։ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ՝ բոլորը գիտեն, «որ իշխանությունները նախատրամադրվածություն ունեն «Ա1+»-ի նկատմամբ։ Բայց խնդիրը ոչ այնքան «Ա1+»-ին է վերաբերում, այլ՝ հրապարակային խոսքին։ Կարելի է, իհարկե, ուրախանալ, որ իշխանությունները հրապարակային խոսքից վախենում են, բայց ավելի նողկալի է, որ այդ վախը չի ենթակայեցվում Հայաստանի ապագան վտանգելու հանդեպ ունեցած վախին»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ ինքն առայժմ բավարար չափով տեղեկացված չէ, թե ինչ է կատարվել ՀՌԱՀ մրցույթում եւ թե ինչ պատճառաբանությամբ են «Ա1+»-ին մերժել եթեր վերադառնալ։ «Իհարկե, ցանկալի կլիներ, եթե «Ա1+»-ը մրցույթով անցներ»,- ասաց Գ. Սահակյանը, պատրաստակամություն հայտնելով, ավելի մանրամասն տեղեկություններ ունենալու դեպքում անդրադառնալ այդ հարցին։ Միաժամանակ նա նկատեց, որ իմաստ ունի համապատասխան օրենքում փոփոխություններ անել, որպեսզի «Ա1+»-ի վերադարձը եթեր հնարավոր լինի։ Գ. Սահակյանի դիտարկմամբ մրցույթում ավելի շատ տեղ պետք է տրվի ֆինանսական ներդրումներին, որովհետեւ հեռուստաընկերության բովանդակային մրցույթ անցկացնելը գրաքննություն կլինի, ինչն անթույլատրելի է։ Մեր այն հարցին, թե այս մրցույթից հետո եւս միջազգային հանրությունը արձանագրելու է, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը վտանգված է, Գ. Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ, հարցն այդ համատեքստում չպետք է քննարկել։ Խնդիրն այն է, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանում են, որ «Ա1+»-ը բացելու հասարակական պահանջ կա եւ պետք է այդ պահանջին ընդառաջ գնալ»։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ձեռնպահ մնաց մրցույթին որեւէ գնահատական տալուց կամ կարծիք հայտնելուց։ Իր այդ դիրքորոշումը նա բացատրեց նրանով, որ ցանկացած անգամ, երբ մրցույթի մասին կարծիք է հայտնվում, դա դիտարկվում է քաղաքական համատեքստում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել