ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ 0:4 «Մեր տղաները պատվով դուրս եկան ահեղ մրցակցի հետ պայքարից», «նրանք կարողացան խուճապի մատնել իսպանացի պաշտպաններին», «առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում», «խաղի հաշիվը չի արտացոլում ուժերի հարաբերակցությունը», «եթե դատավորը 11-մետրանոց նշանակեր, ապա…»: Այդպիսի հանրածանոթ բառակապակցություններով են մարզական մեկնաբանները բնութագրելու շաբաթ օրը կայացած Հայաստան-Իսպանիա խաղը: Սակայն եթե նույնիսկ այդ մխիթարական բառահեղեղը երիցս ճիշտ է, դա, ի վերջո, ոչինչ չի փոխում՝ 4-ը մնում է 4, իսկ 0-ն՝ 0: Իսկ իմ սիրողական տպավորությամբ խաղը (հավանաբար, իսպանացիների պարտադրանքով) ձանձրալի էր, դանդաղ, եւ մի տեսակ «անհավես»: Այդ առումով որեւէ համեմատություն չկար գրեթե զուգահեռաբար ընթացող Ռուսաստան-Վրաստան եւ Թուրքիա-Անգլիա հանդիպումների հետ: Իհարկե, ուրիշներին քննադատելը հեշտ է: Մեկը լինի հարցնի՝ թե ինչո՞ւ է «Առավոտ» թերթը իր տպաքանակով, դիզայնով եւ ժուռնալիստիկայով զիջում ասենք «Էլ պայիս» թերթին (եթե խոսքը Իսպանիայի մասին է): Ի պատասխան այդ հարցի, մենք, բնականաբար, տասնյակ «օբյեկտիվ բացատրություններ» ենք ներկայացնելու: Բայց մենք ազնիվ չենք լինելու, եթե այդ պատճառների թվում չթվարկենք մեր պրոֆեսիոնալիզմի պակասը, սովորելու ցանկության բացակայությունը, ծուլությունը, առանց մատը մատին խփելու աշխատավարձ ստանալու ձգտումը եւ այլն: Նույնը՝ ֆուտբոլը: Բնականաբար, Իսպանիային պարտվելը ամոթ չէ: Բայց հանդիսատեսը պետք է զգա թեկուզ փոքր, բայց առաջընթաց, պետք է տեսնի խաղադաշտում ոչ թե վախեցած նորելուկների, այլ հասուն պրոֆեսիոնալների: Անընդհատ մխիթարանքներ փնտրելով եւ օբյեկտիվ պատճառաբանություններ բերելով՝ մենք դուրս չենք գա գավառական ճահճից: Ասում են՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաղթելու կամ նույնիսկ ոչ-ոքու դեպքում մեր ֆուտբոլիստներին մեծ գումարներ է խոստացել: Փառք ու պատիվ նրան՝ փողը մեծ խթան է: Բայց՝ ոչ որոշիչ: Անգլիացի Դեվիդ Բաքհեմը հաստատ միլիոնատեր է: Բայց տեսա՞ք, թե ինչպես Թուրքիայի հետ խաղում 11-մետրանոցը ձողից առնվազն 5 մետր վերեւ խփեց: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Կարդացեք