Սիրելի հայրենակիցներ Ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը բռնազավթած վարչախմբի գործունեության հետեւանքով երկրում օրեցօր խորանում է ներքին լարվածությունը, առարկայական են դառնում արտաքին մարտահրավերները: Աշխատանքից զրկվում են հազարավոր ուսուցիչներ եւ բժիշկներ, թմբկահարվող «տնտեսական աճին» զուգահեռ խորանում է սոցիալական բեւեռացումը, թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Ձմռանն ընդառաջ, ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես կախվել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի գների բարձրացման վտանգը: Օրենքի համընդհանուր ոտնահարումների պայմաններում, երկրում մոլեգնում է քրեական հաշվեհարդարների եւ սպանությունների ալիքը: «Հոկտեմբերի 27»-ի եւ Տ.Նաղդալյանի սպանության գործով դատավարությունները վերածվել են ֆարսի եւ արդարադատություն իրականացնելու փոխարեն, սպասարկում են վարչախմբի շահերը: Հայերնակիցնե՛ր, հարկավոր է վերջ տալ այս ամենին, հարկավոր է պայքարել: Իշխանությունը պետք է վերադարձվի իր միակ օրինական տիրոջը՝ ժողովրդին: «Արդարություն» դաշինքը շարունակում է պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն մեր երկրի, մեր զավակների ապագայի: Հայրենակիցնե՛ր, հոկտեմբերի 17-ին, ժ. 17:00-ին՝ բոլորս դեպի Մատենադարան, այնտեղից է սկսվելու մեր հաղթական երթը… «Արդարություն» դաշինք