ՀՌԱՀ-Ը ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի խոստովանությունից դատելով՝ երեկ կապուղիների մրցույթում հաղթողները որոշվել են ոչ թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված կարգով, այլ բանավոր զրույցներից ստացած թյուր տպավորության հիման վրա: Գնահատականները չեն փոխվում «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» երեկ դարձյալ չստացան հեռարձակման արտոնագիր: Հիշեցնենք, որ «ՆՏ»-ն ներկայացրել էր նույն փաթեթը, ինչ նախորդ մրցույթին: Սակայն եթե անցած անգամ այն արժանացել էր 21 միավորի, այս անգամ գնահատականը դեռ 1-ով էլ պակաս էր: Այս առնչությամբ չներկայացվեցին բացատրություններ: Այլ էր «Ա1+»-ի պարագայում, որի ծրագիրը «Սինեմաքսի» հայտի համեմատ հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանը «5» գնահատեց, Արա Թադեւոսյանը՝ «4», մյուս անդամները՝ «3», իսկ Արտակ Զաքարյանը, ՀՌԱՀ նախագահը եւ փոխնախագահը՝ էլի «2»: Եվ սա այն պայմաններում, երբ «Ա1+»-ի ներկայացրած առաջարկն ակնհայտ առավելություն ուներ 33 միավոր ստացած «Սինեմաքսի» համեմատ: Հաշվի առնելով, որ նախորդ մրցույթներում ՀՌԱՀ-ի առարկությունները հիմնականում վերաբերել էին «Ա1+»-ի ծրագրի ֆինանսական եւ տեխնիկական ապահովվածությանը՝ հեռուստաընկերությունն այս անգամ ե՛ւ իր ունեցած տեխնիկային նորն էր հավելել, ե՛ւ փաթեթում ներկայացրել բազմաթիվ հավաստագրեր ներդրողներից: Ներդրողին ճնշե՞լ են Հրապարակել էինք, թե նաեւ տեղական ընկերություններից մեկը՝ «Շենն» է պատրաստվում $ 200 հազար արժողությամբ գովազդային արշավ պատվիրել «Ա1+»-ին: Եվ երեկ ՀՌԱՀ նախագահը հրապարակեց նույն օրը ստացած մի փաստաթուղթ, որը ստորագրել էր «Շեն» կոնցեռն ՓԲԸ-ի նախագահ ԲԵգլարյանը: Վերջինս տեղեկացրել էր, թե ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը վերապահված է բացառապես գործադիր տնօրենին, որն իրականացնում է ընկերության տնօրենների խորհրդի որոշումներով նախանշված ծրագրերի կատարումը: Մինչդեռ «Ա1+»-ին գովազդներ պատվիրելու պարտավորագիրը «ստորագրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի կողմից՝ ՀՀ օրենքների եւ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ»: «Շենը» խնդրել էր չեղյալ համարել պարտավորագիրը: Գ. Ամալյանը տեղեկացրեց, թե իր գնահատականի վրա չի անդրադարձել «Շենի» գրությունը: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն էլ նկատեց, թե ներդրումների այդ մասից հրաժարումը չի ազդում իրենց ներկայացրած նախագծի վրա. «Դա շատ փոքր մասն էր այն գումարի, որ մենք ներկայացրել էինք»: Այնուամենայնիվ՝ նախադեպերը հաշվի առնելով, որ ժամանակին խնդիրներ են ունեցել այն տնտեսվարողները, որոնք գովազդներ ունեին «Ա1+»-ում՝ ակնհայտ է, որ «Շենի» նկատմամբ եւս իշխանության կողմից ճնշում է գործադրվել, որն այդ ընկերությունը, բնականաբար, կհերքի: Ինտելեկտը չբավարարեց հասկանալ Իր դրած «2»-ը Գրիգոր Ամալյանը հիմնավորեց հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած հարցուպատասխանով, կարծիք հայտնելով, թե նույն հանգամանքները կարող էին ազդել նաեւ հանձնաժողովի այլ անդամների ցածր գնահատականների վրա: Հիշեցրեց, որ «Ա1+»-ի առաջարկում իբրեւ առկա ներդրումներ նշվել էին արխիվը, ֆիլմադարանը, «ինտելեկտուալ սեփականությունը» եւ տեխնիկական միջոցները: Հենց այստեղ էլ պրն Ամալյանը թույլ տվեց առաջին կեղծիքը, քանի որ «Ա1+»-ի առաջարկում օգտագործված է ոչ թե «ինտելեկտուալ սեփականություն» արտահայտությունը, այլ «ինտելեկտուալ միջոցներ»: Որ նման խեղաթյուրումը միտումնավոր էր, համոզվեցինք, երբ պրն Ամալյանը թույլ տվեց արդեն երկրորդ կեղծիքը: Հիշեցրեց, թե նախորդ նիստում պարզաբանման համար հարց է տվել «Ա1+»-ի ներկայացուցչին, թե ինչ մեթոդով է գնահատվել հեռուստաընկերության $400 հազար կազմող ինտելեկտուալ սեփականությունը եւ ստացել պատասխան, թե դա «Ա1+»-ի կադրերի կրթության, նրանց մասնագիտական որակի բարձրացման վրա արված ծախսերն են: Մինչդեռ վկայակոչելով «Քաղաքացիական օրենսգրքով» սահմանված «մտավոր սեփականություն» հասկացությունը՝ պրն Ամալյանն ասաց, թե «մտավոր սեփականությունն այլ բան է»: Սակայն դիտեցինք մրցութային հայտերի քննարկման տեսագրությունը եւ համոզվեցինք, որ Ամալյանի հարցին. «Եվ դա համարում եք ձեր ինտելեկտուալ սեփականությո՞ւնը», «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը պատասխանել է. «Ո՛չ, պոտենցիալը»: Ֆիլմեր լրատվական ալիքում ՀՌԱՀ նախագահը մի հիմնավորում էլ ներկայացրեց, թե «Ա1+»-ի պրոդյուսերին հարց է տվել 10 հազար օրինակ արտոնագրված ֆիլմերի մասին. «Պատասխանից պարզ դարձավ, որ թիվը նույնը չէ եւ այդ ֆիլմերից բոլորը չէ, որ արտոնագրված են, քանի որ ժամանակի ընթացքում նրանց մի մասը կորցրել է իրենց գործողության ժամկետը եւ դրանց հեռարձակման իրավունքը տնօրինում են այլ կազմակերպություններ: Այստեղ եւս ներկայացված տվյալը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ բավական խեղաթյուրված է հենց պրն Ամալյանի պնդումը. պահպանված ձայնագրությունը վկայում է, որ պատասխանում չի եղել արտահայտություն, թե «ֆիլմերից բոլորը չէ, որ արտոնագրված են»: Բացի այդ՝ արդյոք լիարժեք իրավունք ունե՞ք ցուցադրելու այդ ֆիլմերը հարցին տրվել է նաեւ. «Այո՛, բնականաբար» պատասխանը եւ հավաստիացում, թե «Ա1+»-ը միշտ պահպանել է հեղինակային իրավունքը: Ի՞նչ հիմքով էր ՀՌԱՀ նախագահը պնդում, թե ներկայացված տվյալը չի համապատասխանում իրականությանը, երբ հանձնաժովը հետաքննություն չի իրականացրել պարզելու՝ կա՞ն այդ 10 հազար ֆիլմերը, արտոնագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես՝ ֆիլմերի ցուցադրությունն արդյոք վճռորոշ չափանիշ է մի կապուղու համար ներկայացված հայտը գնահատելու պարագայում, որի համար որոշված է լրատվական ուղղվածություն: Չափանիշներից անդին Ամենակարեւորը՝ ի՞նչ կապ ունեն մտավոր սեփականության կամ արտոնագրված ֆիլմերի շուրջ հարցադրումներն այն 4 չափանիշների հետ, որոնք հստակ սահմանված են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 50-րդ հոդվածով: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ ՀՌԱՀ-ը պիտի հաշվի առնի սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը, դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններն ու աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Այս չափանիշներից եւ ոչ մեկի վերաբերյալ Գրիգոր Ամալյանը ոչ մի վերապահում չուներ: Անգամ նախորդ մրցույթներում խնդրահարույց դիտված չափորոշիչի. «Եթե նկատեցիք՝ ես որեւէ վերապահում չարեցի տեխնիկական միջոցների եւ ֆինանսական օժանդակության մասով»,- ասաց ՀՌԱՀ նախագահը: Հավելեց. «Մելտեքսի» կողմից ներկայացված զարգացման ծրագիրը եւ բերված ֆինանսական միջոցներն, ըստ էության, համապատասխանության մեջ էին»: Սակայն նա նշեց «Լիցենզավորման մասին» օրենքը, որով ուղղակիորեն կարգավորվում է արտոնագրման գործընթացը նաեւ հեռուստատեսության ոլորտում՝ հստակ ասում է, որ եթե հեռուստատեսության կողմից տրվել են կեղծ տվյալներ եւ տեղեկատվություն՝ դա կարող է հիմք հանդիսանալ արտոնագիրը մերժելու համար»: Այստեղ եւս պրն Ամալյանը խեղաթյուրեց գործող օրենսդրությունը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 2-րդ հոդվածում սահմանված են այն բոլոր օրենքները, որոնք կազմում են ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը: Եվ դրանց շարքում թվարկված չէ «Լիցենզավորման մասին» օրենքը: Ավելի՛ն: «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքներին»: Եթե «Լիցենզավորման մասին» օրենքով կարգավորվեր նաեւ այս ոլորտը՝ ՀՌԱՀ նախագահն, օրինակ, պարտավոր կլիներ գրավոր նշել արտոնագիր ստանալու հայտը մերժելու պատճառները եւ իրավական հիմքերը, ինչը նա համառորեն հրաժարվում է անել: Իրական կեղծիքների մասին «Առավոտը» պրն Ամալյանին հարց ուղղեց՝ մրցութային հայտը ներկայացնելիս «Սինեմաքս»-ի ներկայացուցիչն անընդհատ օգտագործում էր «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություն» արտահայտությունը, երբ նման անգամ հեռուստախմբագրություն գրանցված չէ արդարադատության նախարարությունում՝ այս կեղծ տեղեկության առնչությամբ մտադիր չե՞ն ձեռնարկել որեւէ միջոց: «Հավանաբար շփոթում եք երկու բան՝ հեռուստաընկերություն եւ հեռուստաալիքի անվանում,- պատասխանեց ՀՌԱՀ նախագահը:- «Մելտեքս» ՍՊԸ-ն էլ կոչվում է «Ա1+» եւ օգտագործում այդ լոգոն: Հեռուստաընկերությունն ազատ է ընտրել իր լոգոն եւ ալիքի անվանումը»: Անհաջող օրինակ բերեց պրն Ամալյանը, քանզի ինչպես պրն Մովսեսյանը նշեց՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի «Ա1+» հեռուստաընկերությունը գրանցված է արդարադատության նախարարությունում: Ինչը պետք է աներ եւ «Սինեմաքս»-ը «ԱրմՆյուզի» պարագայում, սակայն այս օրինախախտման վրա ՀՌԱՀ-ը, հասկանալի պատճառներով, փակում է աչքերը: Նշենք նաեւ, որ ժամանակին, երբ հրապարակեցինք «TV-5»-ի մրցութային փաթեթում ամրագրված պարտավորությունը, թե որոշակի ներդրումներ է անելու «ՍԻՍ» ընկերությունը, վերջինիս ղեկավարը հերքեց դա: «Ունենք նրա խոսքի ձայնագրությունը, թե ընդհանրապես տեղյակ չէ,- ասաց պրն Մովսեսյանը:- Բայց հետո երեւի լեզու գտան իրար հետ, պայմանավորվեցին»: Սպառվող թեմա ՀՌԱՀ նախագահն անընդհատ պնդում էր. «Սրանք բոլոր հանգամանքները չեն՝ ես չեմ ուզում թվարկել՝ էլ ինչ վերապահումներ եմ ունեցել առաջարկի նկատմամբ», «եւ երբեւէ որեւէ մրցույթի ժամանակ ես սպառիչ չեմ թվարկել թերությունները»: «Առավոտը» կոչ արեց նրան, որ բոլորը սպառիչ թվարկի եւ փորձի համոզել հանձնաժողովի որոշման ճշմարտացիության մեջ: Քանզի արդեն վաղուց է, որ ՀՌԱՀ որոշումները՝ հիմնավորվածության տեսակետից, հասկանալի են միայն հենց իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի խոսնակների համար: Իսկ հասարակությունը եւ մասնավորապես՝ թե իշխանամետ, թե ընդդիմադիր գործիչները, նաեւ միջազգային հանրությունն անգամ ՀՌԱՀ նախագահի հետ հանդիպումներից հետո էլ շարունակում են չհասկանալ, թե ինչու եթեր չեն վերադառնում անկախ հեռուստաընկերությունները: Նշենք նաեւ, որ մնացել են ընդամենը 2 մրցույթներ՝ HTB-ինը եւ «Արթ-13»-ինը: Վերջինիս մրցույթը կհայտարարվի նոյեմբերի19-ին: «Ա1+»-ի նախագահը հաստատեց, թե իրենք կմասնակցեն նաեւ այդ մրցույթին. «Թո՛ղ մերժեն»: Թեեւ նաեւ վերահաստատեց վճռականությունը, թե կհասնի նրան, որ ՀՌԱՀ-ը դատարանում պատասխան տա իր թույլ տված բոլոր կեղծիքների համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ