Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԹԱՂԻ ՄՅՈՒՍ «ԳԵԼԵՐԸ»

Հոկտեմբեր 14,2003 00:00

Ո՞ՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԹԱՂԻ ՄՅՈՒՍ «ԳԵԼԵՐԸ» Աջափնյակի թաղապետի ընտրություններում առայժմ ավելի բարենպաստ դիրքեր ունի Արման Սահակյանը Այսօր մեկնարկում է Աջափնյակի թաղապետի արդեն գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչությունը, որը կտեւի ընդհուպ մինչեւ՝ հոկտեմբերի 31-ը, ժ. 24.00-ն: Իսկ երեկ՝ հոկտեմբերի 13-ը, այս համայնքում թաղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների գրանցման վերջին ժամկետն էր: Հիշեցնենք, որ մինչ այդ առաջադրման հայտեր էին ներկայացրել 5 հոգի, որոնցից մեկը Արման Գալուստի Սահակյանի կրկնօրինակն էր՝ Արման Բարեղամի Սահակյանը: Երեկ հայտնի դարձավ, որ բացառությամբ վերջինիս, որն ինքն է իր փաստաթղթերը ետ վերցրել եւ հրաժարվել գրանցվելուց, մնացած 4-ին թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է որպես թեկնածու: Հոկտեմբերի 13-ին արդեն ավարտված էին նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորումը եւ հրավիրվել էր դրանց առաջին նիստերը: Ինչպես որեւէ մակարդակի ընտրություններում, այնպես էլ այս դեպքում, ընտրությունների արդյունքը կանխորոշելու տեսանկյունից կարեւոր է, թե այդ հանձնաժողովներում առաջադրված թեկնածուների ուժերի հարաբերակցությունն ինչպիսին է: Թիվ 6 ԸԸՀ նախագահ Եղիշ Տերտերյանը երեկ հավաստիացրեց, թե ՀՀ նախագահի նշանակմանը վերապահված բոլոր երեք տեղերում էլ մարդիկ ինքնուրույն են գործելու՝ ապահովելով նորմալ ընտրություններ եւ թեկնածուներից որեւէ մեկի կողմը հակված չեն: Պարոն Տերտերյանը դժվարացավ պատասխանել, թե հանձնաժողովների մյուս անդամները, որոնք ներկայացնում են ՀՅԴ-ն, «ՕԵ»-ն, «Ազգային միաբանությունը», «Արդարություն» դաշինքը եւ ՄԱԿ-ը, երկու հիմնական թեկնածուներից որի համար են աշխատելու: Սակայն, մեր աղբյուրների վկայությամբ, հանձնաժողովում տեղերն այնուամենայնիվ բաշխվել են 6/2-ի հարաբերակցությամբ՝ հօգուտ Արման Սահակյանի: Այս իրավիճակն այնքան էլ անակնկալ չէ՝ նկատի ունենալով, որ Ա.Սահակյանը կոալիցիայի անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի, ներկայացուցիչ է, եւ այդ կոալիցիայի մյուս անդամներն ի դեմս ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի, իրենց տեղերը, տալու էին ՀՀԿ-ին: Անակնկալն այս իմաստով կարելի է համարել միայն «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության որոշումը: Այսպես, վերջինս ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տրամադրել է իշխանական կուսակցության ներկայացուցչին՝ Արման Սահակյանին: «Արդարություն» դաշինքը հավատարիմ է մնացել իր խոստմանը եւ առաջիկա ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու խնդիր չունի: Նա աշխատելու է ապահովել արդար ընտրությունների անցկացումը, թեեւ՝ նախորդ ընտրությունների փորձից ելնելով, չի կարելի բացառել, որ Դաշինքի անդամ հանձնաժողովականներն, այնուամենայնիվ, որոշակի նյութական փոխհատուցման դիմաց կհամաձայնեն աշխատել այս կամ այն թեկնածուի համար: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի 3 տեղերին, ապա՝ մեր տեղեկություններով, դրանք աշխատելու են Ա.Սահակյանի համար: Իհարկե, մինչեւ քվեարկության օրը դեռ շատ ջրեր կարող են հոսել եւ անգամ փոխվել հանձնաժողովներում երկու հիմնական թեկնածուների ունեցած տեղերի հարաբերակցությունը: Ընտրական հանձնաժողովներից դուրս էլ այս ընտրությունների խորխորատներում որոշակի զարգացումներ են ընթանում: Անցած օրերի ընթացքում, մեր աղբյուրների վկայությամբ, որոշակի անջրպետ է առաջացել նաեւ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին աջակցող ապարանցիների միջեւ: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, վերջինիս ընտրարշավին մասնակցելու նպատակով Մոսկվայից Երեւան էր եկել այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մանվել Նազարյանի եղբայրը, որ հայտնի է «Գել» մականունով, եւ պայման էր դրել՝ Ա.Խաչատրյանի վերընտրության դեպքում թաղապետի տեղակալ պետք է նշանակվի «իր մարդը»: Մեր տեղեկություններով, սկզբնական շրջանում նման համաձայնություն եղել է, բայց ավելի ուշ այն ի չիք է դարձել, որովհետեւ նախ՝ նմանօրինակ գործարք կնքվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի եւ գործող թաղապետի միջեւ, եւ բացի այդ՝ «Գելի» այդպիսի պայմանը բավարարելու պատրաստակամություն է հայտնել Ա.Սահակյանի թիմը: Այս իմաստով վերջիններիս միջեւ համաձայնությունը կայացած կարելի էր համարել, եթե միայն հենց ինքը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Նազարյանը, չհերքեր մեր տեղեկությունները: Իհարկե, վերջինս հաստատեց, որ ինքն առաջիկա ընտրություններում պաշտպանելու է Արման Սահակյանի թեկնածությունը՝ միաժամանակ հայտարարելով. «Ես երբեք Արծրուն Խաչատրյանին չեմ պաշտպանել եւ չեմ պաշտպանի»: Ինչ վերաբերում է ԵԿՄ Աջափնյակի տարածքային կազմակերպությանը, տեղեկություններ կան, թե վերջինս, ինչպես 99-ին եւ 2000-ին էր, իր մեծամասնությամբ պաշտպանելու է գործող թաղապետին: «Իր մեծամասնությամբ»-ը շեշտում ենք, որովհետեւ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս հարցում ԵԿՄ-ում էլ բացարձակ համաձայնություն չկա, թեեւ ոչ Գալուստ Սահակյանը, ոչ Աշոտ Աղաբաբյանը, որոնք, անպայմանորեն Արման Սահակյանի նախընտրական քարոզարշավի ակտիվ մասնակիցներն են լինելու, այս համայնքի ԵԿՄ կառույցում այնքան էլ մեծ հեղինակություն եւ աջակցություն չունեն: Լավատեղյակների դիտարկմամբ, սակայն, եթե նախընտրական փուլը կոշտ դրսեւորումներ ունենա, չի բացառվում, որ արդյունքում ԵԿՄ-ն ձեռնպահ մնա թեկնածուներից որեւէ մեկին աջակցելուց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել