Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու մարզիչներն էլ ձգտելու են հաղթանակի

Հոկտեմբեր 11,2003 00:00

Երկու մարզիչներն էլ ձգտելու են հաղթանակի Երեկ Հայաստանի եւ Իսպանիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Միհայ Ստոյկիցան եւ Ինյակի Սաեսը մամուլի ասուլիսներ անցկացրին։ Հայաստանցի մարզական լրագրողները միայն վերջին պահին տեղեկացան, որ Սաեսի հանդիպումը լրագրողների հետ նշանակված է «Արմենիա» հյուրանոցում ժամը 12-ին։ Գուցե այդ պատճառով էր, որ մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներն այնքան էլ շատ չէին։ Իսպանացիների գլխավոր մարզիչն ասաց, որ իրենք Երեւան են ժամանել միայն հաղթելու նպատակով։ Ճիշտ է, դա հեշտ չի լինի, բայց երեք միավորը նրանց օդի պես անհրաժեշտ է։ Թեեւ Սաեսն այնքան էլ դրանից ոգեւորված չէ, որովհետեւ, նրա կարծիքով, այսօր հաղթանակ կտոնի նաեւ «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի 6-րդ խմբի առաջատարը՝ Հունաստանը։ Սաեսը տեղեկացրեց, որ ինքը հավաքականի թեկնածուների շարքում ընդգրկել եւ Երեւան է բերել 18 ֆուտբոլիստի, որոնք, նրա համոզմամբ, ներկայումս լավագույնն են Իսպանիայում։ Եվ հենց դա է մարզչին թույլ տալիս մտածել, որ Իսպանիայի ազգային հավաքականը խաղամակարդակով մի փոքր ավելի բարձր է Հայաստանի ընտրանուց, որն էլ հաղթելու հույսեր է ներշնչում։ «Առավոտի» այն հարցին, թե Սաեսը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ո՞ւմ է ամենավտանգավորը համարում, պատասխանեց. «Արթուր Պետրոսյանին»։ Մարզչին հիշեցրին, որ Լեոնում հանդիպման առաջին 60-65 րոպեները շատ ծանր էին իսպանացիների համար։ Նա չի՞ վախենում, որ այստեղ հեշտ չի լինելու բոլոր 90 րոպեներին։ Սաեսը պատասխանեց՝ իրենք գիտեն, որ խաղը շատ ծանր է լինելու, շատ դժվարությունների կհանդիպեն։ Հաղթական արդյունքի հասնելու համար իր սաներից կպահանջվի շատ քրտինք թափել։ Իսկ ինչ վերաբերում է ակնկալվող հաշվին, նրան դա այնքան էլ չի հետաքրքրում։ Կարեւորը, որ հաղթանակ տանեն։ Հայ լրագրողները հետաքրքրվեցին. Իսպանիայիում Հայաստանի հետ խաղում հաշիվը բացեց Տրիստանը, որը հիմա Երեւան չի ժամանել։ Պատասխան խաղում մարզչի կարծիքով ո՞վ կարող է «փոխարինել» նրան։ «Թիմի կազմի առումով ես ոչ մի խնդիր չունեմ։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղալու։ Իսկ թե ո՞վ կարող է գոլ խփել, հիմա դժվարանում եմ ասել։ Երեկոյան մարզում ունենք եւ թիմի կազմը կորոշվի վաղը»,- պատասխանեց մարզիչը։ «Արմենիա» հյուրանոցից շտապեցինք «Հանրապետական» ստադիոն, որտեղ սկսվում էր Միհայ Ստոյկիցայի ասուլիսը։ Մեր թիմի գլխավոր մարզիչն ասաց, որ վնասվածքի պատճառով հնարավոր է Արթուր Պետրոսյանը չկարողանա խաղալ։ Չնայած դրան, թիմը խաղալու է եւ ձգտելու է ուրախացնել իր երկրպագուներին։ Ստոյկիցայի կարծիքով, մրցակիցը խաղալու է իրեն բնորոշ ոճով, որին ինքը ծանոթ է։ «Դժվար թե իսպանացիները կարճ ժամանակում կարողանան, ասենք, իտալական ֆուտբոլ խաղալ։ Կարծում եմ, դաշտում բաց ֆուտբոլ կծավալվի։ Դրանից շահելու է դիտարժանությունը։ Նրանք կձգտեն հարձակվել։ Մենք նույնպես նախընտրելու ենք այդ ոճը։ Հայաստանը դաշտում կխաղա երեք հարձակվողներով»։ Հարց հնչեց Ռաուլին չեզոքացնելու խնդրի մասին, որին ռումինացի մասնագետը պատասխանեց, որ Իսպանիայի թիմում միայն Ռաուլի խնդիրը չէ։ Դա այն հավաքականն է, որի բոլոր խաղացողներն էլ մոտավորապես հավասար են։ Օրինակ, Իսպանիայում ամենավտանգավորը Ռաուլը չէր։ Ինձ համար կարեւորն այն է, թե նրանք դաշտում ինչպես կդիրքավորվեն։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել