ԵՄԱ-ն բավարարված է պաշտոնական տարբերակից Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուս» հ/կ-ն եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օրերս հանդես եկան հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ: Երեկ նրանք մոտավորապես նույն կազմով ասուլիս էին հրավիրել՝ արտահայտելու իրենց բավարարվածությունը արդարադատության նախարարության եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների թափանցիկ աշխատանքից: Նրանց կարծիքով վերոնշյալ կառուցողական աշխատանքներին խոչընդոտում են որոշ լրագրողների ու քաղաքական գործիչների ոչ իրազեկ հրապարակային դատողությունները: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հաճախ նրանք նույնիսկ դժվարանում են հասկանալ, թե ինչ են ուզում մեր լրագրողները: Օրինագծի՝ Մամուլի ազգային ակումբի ներկայացրած տարբերակի շատ դրույթների հետ ԵՄԱ-ն եւ իր թիմակիցները համաձայն չէին: Օրինակ, ըստ Բ. Նավասարդյանի, ՄԱԱ օրինագծում բավական մեծ տեղ է հատկացված ազատ լրագրողի կարգավիճակի սահմանմանը. «Հստակ երեւում է, որ այստեղ եղած չափանիշներով ոչ մի հայաստանյան լրագրող ազատ լրագրողի կարգավիճակ չի կարող ստանալ, այնքան բարդ է այդ պրոցեդուրան: Այնպիսի դաժան պայմաններ են, որ երեւի Հայաստանում ազատ լրագրողներ չեն լինի, եթե հանկարծ այդպիսի դրույթ ընդունվի: Շատ անգամ մարդիկ ունենալով մտքում լավ բաներ, մտածում են, որ եթե իրենց համար դա լավ է, իր գրածն էլ այդ լավ համատեքստով կօգտագործվի: Բայց մի բան է մտքում ունենալը, մի այլ բան է գրելը: Երբ դու գրում ես եւ դա դառնում է արդեն օրենք, այդ օրենքի կիրառումն արդեն քոնը չէ, այն մեկնաբանելու են ուրիշները»: Միեւնույն ժամանակ, ԵՄԱ-ին դուր է եկել ՄԱԱ-ի օրինագծի՝ հավատարմագրմանն առնչվող դրույթը: Բորիս Նավասարդյանը նշում է, որ այստեղ Եվրոպայի խորհրդի հետ միայն մի հակասություն կա. Եվրոպայի խորհրդի պահանջն է, որպեսզի ԶԼՄ-ներում ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ապահովվի օրենքով: «Սա նորմալ, քաղաքակիրթ պահանջ է, որովհետեւ հասարակությունը իրավունք ունի իմանալ, թե որտեղից է ֆինանսավորվում թերթը, որ իրենց կյանք է սովորեցնում: Բայց դրական նշանակություն ունենալով հանդերձ՝ այս դրույթը ունի բացասական կողմեր, որ մեր այսօրվա կյանքում շատ ավելի լուրջ են, քան դրականները: Այդ պատճառով մենք շարունակում ենք հակադրվել Եվրոպայի խորհրդի այս առաջարկին»: Խոսքն այն մասին է, որ տվյալ լրատվամիջոցի ֆինանսական աղբյուրը մեր օրերում կարող է նրա փակվելու պատճառ դառնալ, օգտագործվել լրատվամիջոցի դեմ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ