ԼԱՎ ՑԱՆԿԱՊԱՏ՝ ԼԱՎ ՀԱՐԵՎԱՆ Չանսալով ռամկավարների կոչին՝ զերծ մնալ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին կարծիքներ հայտնելուց, Հայաստանի ամերիկյան համալսարանը երեկ կազմակերպել էր «Հայ-թուրքական սահմանի վերաբացման խնդիրները» թեմայով գիտական նստաշրջան եւ կլոր սեղան: ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը հարգեց Ամերիկյան համալսարանը, առավոտ վաղ ներկայացավ գիտաժողովին ու ողջունեց այն: Նախարարը ներկայացրեց պետության պաշտոնական տեսակետը այս հարցի առնչությամբ. «Մեր մոտեցումը հետեւյալն է. մե՜ծ հաշվով սահմանի բացումը եւ հարաբերությունների լավացումը օգուտ է մեր երկրին: Ճիշտ է, կարող է որոշ հարցերում այնքան էլ լավ չլինի, բայց մե~ծ հաշվով սահմանի բացումը բխում է Հայաստանի շահերից»: Վ. Օսկանյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ իր երկու հանդիպումների ժամանակ արծարծված հիմնական թեման հայ-թուրքական սահմանի բացումն է եղել: Եվ եթե մինչեւ հիմա հիմնական խոչընդոտը եղել է Թուրքիայի կողմից ԼՂ հարցի կարգավորումը որպես նախապայման դնելը, ապա «վերջերս նկատվում է, ոչ միայն նկատվում է, այլեւ թուրքական կողմը մի քիչ ավելի բարձր ասում է, որ մեր երկկողմ հարաբերություններն այլեւս չեն ուզում նույն ուժգնությամբ կապել ԼՂ հարցի հետ: Եվ դա իհարկե դրական տեղաշարժ է արձանագրում երկկողմ հարաբերություններում»: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը բազմակողմանի դասախոսություն էր պատրաստել հայ-թուրքական սահմանի պատմության մասին՝ օսմանյան կայսրության ժամանակներից մինչեւ Սեւրի դաշնագիր: Տնտեսագիտական տեսակետից սահմանի վերաբացման կարեւորությունը ներկայացրեց ԵՊՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Թորոս Թորոսյանը: Նրա բոլոր տվյալները պաշտոնական էին, ու չնայած դրան՝ բավականին հետաքրքիր: 95 թվականից հետո Թուրքիան զբաղեցնում է ՀՀ-ի ներմուծման շուկայի 4-6%-ը, իսկ դա, ըստ տնտեսագիտության դոկտորի՝ «շատ վատ է, քանի որ Թուրքիան, փաստորեն, առանց պայմանագրի նվաճում է Հայաստանի շուկան: Մենք արտահանում ենք Թուրքիա ընդամենը 17 տեսակի ապրանքախումբ, այնտեղից ներմուծում ենք 80 տեսակի ապրանքախումբ: Բացի այդ, հարակից ճանապարհներով Թուրքիայի հետ առեւտուր անելու պատճառով, ամեն ինչ շատ ավելի թանկ է նստում մեզ վրա»: Եթե Հայաստանը՝ որպես առեւտրային գործընկեր, Թուրքիայի առեւտրային հաշվեկշռի առաջին 100 երկրների ցուցակում ընդհանրապես գոյություն չունի, ապա Թուրքիան մեր առեւտրային հիմնական գործընկերների մեջ 4-րդն է: Այսպիսով, պարոն Թորոսյանն առաջարկում է հրաժարվել ջայլամային քաղաքականությունից, եւ առեւտրային պայմանագրեր կնքելով՝ ամեն ինչ բերել քաղաքակիրթ եւ տնտեսապես շահավետ հիմքերի վրա: ՀԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց հայ-թուրքական սահմանի աշխարհաքաղաքական նշանակությունը: «Այն, որ այդ սահմանը, բացի Հայաստանից, պահում են նաեւ ռուսները, կարեւոր բնութագրական է: Հայ- թուրքական սահմանը ուղղակի երկու երկրների միջեւ ձգված սահման չէ, այլ սահման է երկու քաղաքակրթությունների՝ քրիստոնեության եւ իսլամի միջեւ, սահման է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ազդեցությունների ոլորտների միջեւ, սահման է, որով կարելի է փորձել ճնշումներ իրականացնել Հայաստանի քաղաքականության վրա: Ստացվում է, որ Թուրքիան սահմանը փակ պահելն օգտագործում է շատ ավելի մեծ, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար, քան Հայաստանի տնտեսությունն է»։ Այսքանից հետո, ըստ պարոն Սաֆրաստյանի, պարզ է, թե ինչու Թուրքիան չի անսում իր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հորդորներին՝ սահմանը բացելու մասին: Ընդ որում, ինչպես ներկայացրեց բանախոսը, ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ բոլորը շահագրգռված են սահմանի բացմամբ: Ու թեեւ Հայաստանը միայն կրավորական դեր ունի այս հարցում, քանի որ սահմանը փակողն էլ, բացողն էլ Թուրքիան է, այնուամենայնիվ, «պիտի գիտակցենք, որ համաձայնելով սահմանի բացմանը, մենք ընտրում ենք ճանապարհ դեպի Եվրոպա»: Վերջում պարոն Սաֆրաստյանը հիշեցրեց հայտնի ասացվածքը՝ «լավ հարեւան ունենալուն նպաստում է լավ ցանկապատը»: Այնպես որ, անկախ նրանից՝ բաց, թե փակ կլինի մեր սահմանը Թուրքիայի հետ, այն պետք է ամուր եւ վստահելի լինի: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ