Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԶԱՐԳԱՆԱ ՕՐԵՆՔՈՎ

Հոկտեմբեր 11,2003 00:00

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԶԱՐԳԱՆԱ ՕՐԵՆՔՈՎ Քաղաքապետը հասկացավ, որ դա է «վերեւների» կամքը Վերջին երկու ամսում Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը մի քանի անգամ տարբեր առիթներով ասել է, որ մայրաքաղաքի հիմնախնդիրները լուծել լիովին հնարավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով։ (Հիշեցնենք, որ ինքը՝ նախագահ Քոչարյանը, կարեւորում է «Երեւանի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը)։ Ավելին, իր պաշտոնավարման երկու ամսվա կապակցությամբ տրված մամլո ասուլիսում քաղաքապետն ասաց (եւ «Առավոտն» արձանագրեց). «Երեւանի կարգավիճակն ինձ չի անհանգստացնում։ Որ չունի բյուջե՝ էլի չի անհանգստացնում»։ Ներկայիս քաղաքապետը նշանակվեց կոալիցիոն կառավարության օրոք, որի մաս (եթե ոչ՝ գլուխ) կազմող Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, նախագահի կարծիքին համահունչ՝ արձանագրվել էր մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծման համար «Երեւանի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շնորհանդեսին հնարավորություն ստեղծվեց այս հակասության շուրջ պարզաբանումներ ստանալ միաժամանակ ՀՀԿ նախագահ ու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանից։ «Դուք մի քիչ երեւի սխալ եք մեկնաբանում,- քաղաքապետին ակնհայտորեն հուշելով ասաց վարչապետը։- Որովհետեւ Սահմանադրության նախագծի մեջ էլ գրված է, որ «Երեւանի մասին» օրենք է անհրաժեշտ։ Եվ քաղաքապետն էլ ընդունում է, որ այդ օրենքն անհրաժեշտ է։ Ուղղակի քաղաքապետն ասել է, որ այսօր աշխատելուն դա (օրենքի բացակայությունը- Ա. Գ.) չի խանգարում։ Բայց օրենքը պետք է, որպեսզի մեր աշխատանքն ավելի արդյունավետ լինի, ավելի կանոնակարգված լինի, որովհետեւ մեծ խնդիրներ են առաջացել քաղաքի եւ պետության առջեւ։ Մենք կընդունենք օրենքը։ Քաղաքապետարանն էլ օրենքի նախագիծը պատրաստում է։ Ինչպե՞ս կարող են իրենք օրենքի նախագիծ պատրաստեին եւ դեմ լինեին «Երեւան քաղաքի մասին» օրենք ընդունելուն։ Հակասություններ գոյություն չունեն»։ «Պրն վարչապետը ճի՞շտ մեկնաբանեց ձեր դիրքորոշումը»,- վարչապետը դեռ մեր կողքին՝ դիմեցինք քաղաքապետին՝ անհամբեր սպասելով, որ վերջինս կասի՝ ո՛չ, ես մնում եմ իմ դիրքորոշմանը, դեռ երկու ամիս առաջվա իմ կարծիքին եմ։ Քաղաքապետն ասաց. «Պրն վարչապետը շատ ճիշտ մեկնաբանեց։ Ես կրկնում եմ իմ ասածը, որպեսզի տարակարծիքություն չլինի»։ Եվ կրկնեց. «Քաղաքի այսօրվա վիճակը բավարարում է ինձ՝ նորմալ աշխատելու եւ քաղաքի առջեւ ծառացած բոլոր խնդիրներին լուծում տալու համար»։ Մնացածը կրկնություն դժվար է համարել, լրացում՝ գուցե։ «Բայց ես չեմ բացառել, որ քաղաքին կարգավիճակ պետք չի եւ քաղաքը օրենք չպիտի ունենա»,- քաղաքապետը հավանաբար լեզվի սայթաքում ունեցավ, քանի որ, կարծում ենք, երեկ հակառակն էր ուզում ասել՝ որ չի բացառել, որ քաղաքին կարգավիճակ պետք է։ Իսկ զարգացմա՞ն իմաստով։ «Զարգացման իմաստով,- ասաց Երվանդ Զախարյանը,- քաղաքի առանձին կարգավիճակ ունենալը կնպաստի քաղաքի զարգացմանը»։ Ինչ ուզում եք՝ ասեք, սակայն անհայտ է մնում. եթե այսօր քաղաքն առանց օրենքի է զարգանում եւ օրենքի բացակայությունը ոչ մեկին չի խանգարում, վաղը այդ ի՞նչ պիտի պատահի, որ պետք լինի օրենքով զարգանալ։ Վարչապետը փորձեց հուշել քաղաքապետին այս հարցի պատասխանը, սակայն վերջինս կարողացավ առանց այդ օգնության ասել, որ մայրաքաղաքն այսօր բյուջե չունի (ինչը, կրկնենք, իրեն երկու ամիս առաջ չէր անհանգստացնում- Ա. Գ.)։ «Ո՞նց կարող է քաղաքը առանձին բյուջե ունենալու դեպքում աշխատանքներին ավելի չնպաստել»։ Վարչապետն իրավացի էր այն հարցում, որ քաղաքապետարանում պատրաստվում է օրենքի նախագիծը։ Այդ աշխատանքները Ե. Զախարյանից առաջ են սկսվել։ Սակայն վերջինս խոստովանեց, որ դրան դեռ չի հասցրել ծանոթանալ։ Հավանաբար, շատ շուտով կծանոթանա՝ նկատի ունենալով վարչապետի եւ նախագահի կարծիքն այս հարցում։ Իսկ ընդհանրապես, երեւի ավելի լավ կլիներ պաշտոնավարության սկզբում ծանոթանալ վերադասի եւ իրականում իշխող կուսակցության տեսակետներին՝ որպեսզի հետագայում սեփական կարծիքը փոխելու անհրաժեշտություն չլինի։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել