Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՎԹԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՅԳԻՆ

Հոկտեմբեր 11,2003 00:00

ԶԱՎԹԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՊՈՒՇԿԻՆԻ ԱՅԳԻՆ Օպերայի եւ Օղակաձեւ այգիների զավթումից հետո վերջին, փոքրիշատե զբոսայգի հիշեցնող տարածքը նախագահի նստավայրի դիմացի Պուշկինի այգին է: Սակայն նշաններ կան, որ այն նույնպես շուտով կդառնա այլ նշանակության վայր: Համենայն դեպս, այգու մի խոշոր հատված հատկացվել է «Եվրոստան ույուտ» ընկերությանը, եւ հիմա այնտեղ խոշորամասշտաբ շինարարություն է ընթանում: Մեր բոլոր փորձերը՝ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Բորիս Քոչարյանից տեղեկանալ, թե ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակներով է հատկացվել այդ տարածքը եւ ի՞նչ են կառուցում այնտեղ, ավարտվեցին ապարդյուն: Երեկ չէ առաջին օրը պրն Քոչարյանը օրվա կեսը խորհրդակցությունների էր, մյուս կեսը՝ դրսում: Երեկ առավոտյան ժամը 12-ին, այնուամենայնիվ, բախտ վիճակվեց խոսել անձամբ պարոն Քոչարյանի հետ: Սկզբից նա երկար մտածում էր, թե ի՞նչ այգու մասին է խոսքը, հետո, թե՝ այգու ո՞ր հատվածի, իսկ երբ, ի վերջո, տեղը բերեց, հանկարծ հայտնաբերեց, որ չի լսում. «Ալո~, ալո~, էս անջատվե՞ց, հա, անջատվեց»: Մինչ ի պատասխան ասում էի, որ չի անջատվել, եւ ես շատ ուշադիր լսում եմ, զրուցակիցս հասցրեց հեռախոսը ցած դնել: Անմիջապես հետեւեց հաջորդ զանգը, եւ, երեւի դեռ չէր հասցրել պետը քարտուղարուհուն տեղեկացնել, որ «ինքը տեղում չի», ստիպված եղավ կրկին խոսել, ու ասաց, որ «կստուգի եւ ժամը 14-ին կասի»: Ինչպես եւ սպասվում էր՝ ժամը 14-ին Բորիս Քոչարյանը «դուրս էր եկել»: Եվ մինչեւ 16-ը, այդպես էլ ներս չեկավ: Քանի որ որեւէ հույս չմնաց, թե առաջիկա մի քանի օրը նա «ներս կգա», ստիպված եղանք դիմել անձամբ «Եվրոստան ույուտ»-ի հիմնադիր խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին: Բնականաբար, պրն Բադեյանը հավատացրեց, որ շինարարությունն օրինական է, ոչինչ ապօրինի չի արվում, եւ որ «քաղաքապետարանից ու մնացած ինստանցիաներից բոլոր թղթերը կան»: Ճիշտն ասած, հակված ենք հավատալու, որովհետեւ մեր քաղաքապետարանից ամեն ինչ սպասելի է: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել