Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն շրջափակեց Անդրանիկ Մանուկյանին

Հոկտեմբեր 11,2003 00:00

Բաքուն շրջափակեց Անդրանիկ Մանուկյանին Երեւանում ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) երրորդ նիստում Հայաստանն ընտրվել է ՏՐԱՍԵԿԱ-ի նախագահող երկիր առաջիկա տարվա համար եւ, հետեւաբար, ՄԿՀ գլխավոր քարտուղարը նույնպես պետք է ընտրվեր հայկական կողմից՝ փոխհամաձայնության հիման վրա: Սակայն, Ադրբեջանական կողմը շրջափակել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ընտրությունն այդ պաշտոնում: Այդ առնչությամբ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը մամլո ասուլիսում հայտարարել է, որ այսուհետ Հայաստանն էլ, իր հերթին, կշրջափակի նախագծի շրջանակներում Ադրբեջանի նախաձեռնությունները: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պեր Բրիքս Քնուդսենը դատապարտել է ադրբեջանական պատվիրակության նման քայլը, ասելով, որ ՏՐԱՍԵԿԱ-ն տրանսպորտային-տնտեսական նախագիծ է, եւ քաղաքական քայլերն այստեղ տեղին չեն: Ադրբեջանի ներկայացուցչի խոսքով, ինքը հայ գլխավոր քարտուղարի թեկնածության դեմ քվեարկելու հրահանգ էր ստացել իր երկրի բարձրագույն ղեկավարությունից: Արդյունքում՝ ՏՐԱՍԵԿԱ-ի ՄԿՀ գլխավոր քարտուղար է ընտրվել Բուլղարիայի ներկայացուցիչ Լյուդմիլա Տրենկովան, որը, Ա.Մանուկյանի խոսքով, կներկայացնի Հայաստանի շահերը: «Դա չափազանց պատասխանատու նշանակում է, քանի որ ես ՏՐԱՍԵԿԱ նախագծում Բուլղարիայից բացի պետք է ներկայացնեմ նաեւ Հայաստանը»,- հայտարարել է Լ. Տրենկովան: Նիստի ընթացքում ընդունվել է Երեւանյ ան հռչակագիրը, որում արտացոլված են ՏՐԱՍԵԿԱ-ի բոլոր նպատակներն ու խնդիրներն առաջիկա տարում: Բացի այդ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք նպաստում են նախագծի մասնակից երկրների տրանսպորտային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցմանը, թմրանյութերի եւ զենքի փոխադրման նկատմամբ վերահսկողությանը: Հիշեցնենք, որ Աֆղանստանն ու Իրանը, որոնք ՏՐԱՍԵԿԱ նախագծին մասնակցելու հայտեր են ներկայացրել, ընթացակարգային նորմերի համաձայն, նախագծի անդամ կդառնան 2004 թվականի առաջին կիսամյակում: Ինչեւէ, ՏՐԱՍԵԿԱ-ի ՄԿՀ հաջորդ խորհրդաժողովը կկայանա Ադրբեջանում 2004 թվականի վերջին, որտեղ Ադրբեջանը կընտրվի նախագահող երկիր: Ա.Մանուկյանը խոստացել է, որ Ադրբեջանի կողմից ՄԿՀ գլխավոր քարտուղար չի լինի: Ինչ խոսք, դա կլինի, իրավամբ, արժանի հակահարված Բաքվին, սակայն դժվար չէ ենթադրելը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նման խաղերի արդյունքում Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքը հաստատ չի ստեղծվի: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել