«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆԵՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ» ՀԺԿ 4-րդ արտահերթ համագումարի օրակարգում միայն կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը «Կուսակցությունների մասին» օրենքին համապատասխանեցնելն էր: Այնուամենայնիվ՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթում հնչեցին նաեւ քաղաքական գնահատականներ: «Մեր երկրում 100-ից ավելի կուսակցություններ կան,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:- Սակայն նրանց տարբերակողը, ցավոք, գաղափարական տարբերությունները չեն: Հարմարվողականությունը, իշխանության լծակներին ամեն գնով մոտ կանգնելու գաղափարախոսությունն է այսօր ավելի տարածված»: ՀԺԿ-ի մասին ասաց, թե այն դիմակայել է փորձություններին եւ առավել ամրապնդվել. «Միշտ էլ փորձել են պառակտել, թուլացնել ՀԺԿ-ն, բայց այդ փորձերը միշտ էլ դատապարտվել են անհաջողության եւ այդպես էլ լինելու է այսուհետեւ»: Ներկուսակցական հարցերից անցնելով միջկուսակցական հարաբերություններին՝ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Այսօր տարբեր կողմերից շրջանառության մեջ են դրվում լուրեր, թե իբր հակասություններ կան «Արդարություն» դաշինքում եւ այն փլուզվելու է: Ուզում եմ հիասթափեցնել այն մարդկանց եւ ուժերին, որոնք այդ մասին երազում են՝ նման բան չկա, դաշինքում գործնական մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ, բայց քննարկումների շնորհիվ միշտ էլ գալիս ենք ընդհանուր հայտարարի»: Աժ-ում «Արդարության» ակտիվ գործունեության առնչությամբ նշեց. «Սա բացարձակապե՛ս չի նշանակում, թե մենք համակերպվել ենք այս իշխանություններին եւ լեգիտիմացնում ենք նրանց: Ժողովուրդը մեզ քվե է տվել եւ պարտավոր ենք արդարացնել այդ վստահությունը»: Նաեւ հավելեց. «Այն, որ փորձում ենք լուծել մեր ծրագրից բխող կոնկրետ հարցեր՝ չի նշանակում, թե մենք դադարեցրել ենք պայքարը օրինական իշխանություն հաստատելու համար: Հայաստանում իշխանությունը բռնազավթված է եւ առաջնահերթ խնդիրը մնում է օրինական իշխանության հաստատումը: Եվ մենք դրան հասնելո՛ւ ենք»: Կուսակցության 30 հազարից ավելի անդամներից ընտրված 427 պատվիրակները ծափերով դիմավորեցին այս հավաստիացումը: «27»-ի դատավարությունը «կոծկման ճանապարհով» տանելու առնչությամբ ՀԺԿ նախագահն ասաց, թե ամբողջ պատասխանատվությունն «այս խայտառակ գործընթացի համար ընկնում է իշխանությունների եւ անձամբ իշխանությունը բռնազավթած անձի վրա»: Անդրադարձ եղավ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներին: Եվ ՀԺԿ նախագահը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, թե Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ, իսկ հայ-թուրքական սահմանի բացմանն էլ դեմ չեն, «բայց ոչ ի հաշիվ մեր անձնական արժանապատվության: Պատմական արդարությունը պետք է հաղթանակի»: Այս պնդումներն էլ առիթ դարձան, որ «Առավոտը» պարզաբանումներ խնդրի պրն Դեմիրճյանից: Նկատեցինք, թե արտաքին քաղաքական հարցերում նրա մոտեցումներն առանձնապես չեն տարբերվում ներկա իշխանության քաղաքականությունից, եւ երբեմն նույնիսկ բացարձակ նույնական են: «Եթե մենք ընդդիմություն ենք՝ չի նշանակում, որ ինչ-որ հարցերում տեսակետները չեն կարող համընկնել իշխանության հետ»,- պատասխանեց նա: ՀԺԿ նախագահն անդրադարձավ նաեւ կոալիցիայի վերջին որոշմանը. «Արատավոր պրակտիկան շարունակվում է, երբ առանձին քաղաքական ուժերի կամ անհատների պաշտոնամոլական հավակնություններին հագուրդ տալու համար՝ ստեղծվում են ինչ-որ պաշտոններ: Առանց այն էլ մեր պետական ապարատն ուռճացված է: Իսկ այսօր փոխնախարարաների հաստիքներ են ավելացնում՝ առանձին մարդկանց հարցերը լուծելու համար»: Դարձյալ հանրահավաքային շարժում սկսելու առնչությամբ հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում, որ ընտրություններից հետո դրանք այլեւս նպատակահարմար չեն: Պատկերավոր ասած՝ «կռիվն» արդեն վերջացել է, եւ առանձնապես չարժե հիմա բռունցքներ թափահարել: «Հրավիրում ենք հանդիպման, քանի որ կա հասարակական պահանջ,- ասաց Ս. Դեմիրճյանը:- Մեզ զանգում, դիմում, խնդրում են չդադարեցնել կենդանի շփումները բնակչության հետ»: Արդեն անեկդոտների թեմա դարձած «սահմանադրական ճանապարհ» արտահայտության առնչությամբ նշեց, թե դա «նեղ հասկացություն չէ: Այսօր շատ ուժեր խորհուրդներ են տալիս, թե այս է պետք անել, այն է պետք անել… Որեւէ մեկը չի խոչընդոտում նրանց ինքնուրույն իրագործել այն, ինչ խորհուրդ են տալիս»: Թեեւ պատրաստակամություն էր հայտնել ակտիվորեն աշխատել ինչպես Աժ-ում, այնպես էլ խորհրդարանի պատերից դուրս՝ այնուամենայնիվ, «Արդարություն» խմբակցության ղեկավարը միայն կարճ ժամանակով է մասնակցում ԱԺ նիստերին, երբեք հանդես չի գալիս ելույթներով ու չի մասնակցում խորհրդարանական ճեպազրույցներին: Այս պահվածքը բացատրելու մեր խնդրանքին ի պատասխան՝ պրն Դեմիրճյանն ասաց. «Ես օգտագործում եմ այն 3 րոպեները, որոնք մեզ հատկացված են «Խորհրդարանական ժամ» հեռուստածրագրով եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ ներկայացնում մեր տեսակետները: Բացի այդ՝ ես կարեւոր եմ համարում խմբակցության աշխատանքների կազմակերպումը: Բոլորը տեսնում են, որ «Արդարությունն» իսկապես շատ ակտիվ գործունեություն է ծավալել խորհրդարանում»: Նշենք, որ ՀԺԿ-ի հերթական համագումարը կկայանա 2004-ի գարնանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ