Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՈՒՐԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ»

Հոկտեմբեր 11,2003 00:00

«ՏՈՒՐԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ՇՓՈԹԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ» Ասում է ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: – Ձեր նշանակումը՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, համապատասխանո՞ւմ է ձեր սպասելիքներին եւ դուք գտնո՞ւմ եք, որ այդ նշանակումը բավարա՞ր է ձեր նման ծանրակշիռ եւ ծանրամարմին քաղաքական գործչի համար (ձեւակերպոււմները ձերն են)։ – Դիվանագիտության դերը չափազանց մեծ է, քանի որ լավագույն դիվանագիտության պայմաններում մենք կարող ենք ունենալ հզոր արդյունաբերություն, ազգային անվտանգություն, կարող ենք լավագույն հարաբերություններ ունենալ մեր հարեւանների եւ աշխարհի շատ երկրների հետ, կարող ենք կրճատել մեր ռազմական պոտենցիալը (լինելով ավելի ապահով), այսինքն՝ հսկայական միջոցներ կարելի է խնայել, հսկայական արդյունավետ ապահովություն ձեռք բերել, եթե ունենանք լավ դիվանագիտություն, եթե քո երկրի քաղաքական կշիռը կարողանում ես բարձր ներկայացնել միջազգային ատյաններում, եթե կարողանում ես ապահով զգալ ժողովրդավարության իրական զարգացումների մեջ եւ քայլել քաղաքակիրթ աշխարհին համաքայլ։ Ցավով նշեմ, որ մենք շատ պարզ ժողովուրդ լինելով եւ միառժամանակ պետություն չունենալով, չենք կարողացել ունենալ լավ դիվանագիտություն։ Դիվանագիտության արմատները մենք դեռ նոր ենք ձգում եւ դրա կարեւորությունը պիտի կարողանանք ընդգծել անվերջ, աշխարհին ներկայացնելով մեր երկիրը, աշխարհից ստանալով օգտակարություն եւ լինել ապահով վիճակում։ Ես անչափ կարեւորում եմ այս աշխատանքը, որն ինքս եմ ընտրել, մանավանդ իմ մասնագիտական եւ անձնական հակվածությունը միշտ եղել է միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության կողմը։ – Այսինքն՝ դուք մանկո՞ւց եք երազել դիվանագետ դառնալ եւ այժմ կատարվեց ձեր մանկության երազա՞նքը։ – Չթաքցնեմ, որ բարձր դասարաններում երազում էի սովորել Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (դա այն ժամանակ միակ բուհն էր, որ պատրաստում էր դիվանագետներ), սակայն կային որոշակի դժվարություններ։ Այն ժամանակ հանրապետությունից մեկ-երկու մարդ էին ուղարկում Կենտկոմի որոշմամբ եւ դա շատ դժվար խնդիր էր։ Դրանից հետո որտեղ էլ որ աշխատել եմ, միջազգային հարաբերությունների հետ շատ սերտ եմ եղել։ Միշտ առնչվել եմ այդ կարգի գործերի, պատվիրակությունների կազմում եմ եղել, պատվիրակություններ եմ ընդունել, բանակցություններ եմ վարել։ Երբ Երեւանի Հր. Աճառյանի համալսարանը բացվեց, իմ առաջարկով այստեղ ստեղծվեցին չորս միջազգային ֆակուլտետներ (իրավունքի, հարաբերությունների, տնտեսական եւ ժուռնալիստիկայի)։ Ես Մոսկվայի համապատասխան ինստիտուտից բերեցի ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, այստեղից ընտրեցինք մասնագետներ, նախկին դեսպանների, որոնք դասավանդում են այդ ֆակուլտետներում։ Եվ հետո՝ եթե նկատել եք, որ որպես ԱԺ նախագահ, ես չափազանց ակտիվացրեցի միջազգային հարաբերությունները։ Համեմատելի չէին նախկինում եւ իմ օրոք վարվող միջխորհրդարանական հարաբերությունները։ Ինքս ընդգրկվեցի շատ միջազգային կառույցներում, ելույթներ ունեցա, բանակցություններ վարեցի եւ տարբեր ֆորմատի հանդիպումներ ունեցա։ Եվ ինքնաբավարարվածությամբ պետք է ասեմ, որ որոշակի լուրջ հաջողությունների հասա։ – Պրն Խաչատրյան, երբ ասում եք, թե դուք ընտրեցիք դիվանագետի աշխատանքը, նկատի ունեք, որ ձեզ այլ աշխատանք եւս առաջարկվել է եւ դուք ընտրել եք դիվանագիտությո՞ւնը։ – Ես մի քանի անգամ ասել եմ, որ մարդն աշխատանք կամ պաշտոն ընտրելիս պետք է ընտրի այնպիսի պաշտոն, այնպիսի բնագավառ, որին տիրապետում է։ Այլապես, այսօր էլ ենք տեսնում, որ ծիծաղելի են դառնում այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում տվյալ բնագավառին եւ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Պետք է գնալ այնտեղ, որտեղ դու պրոֆեսիոնալ ես, որպեսզի կարողանաս քո ունակություններն առավելագույնս բացահայտել եւ օգտակար լինել։ Շատերը կարող են շահի ետեւից վազել, բայց ես միշտ նախընտրում եմ այն բնագավառը, որտեղ ես ունակ եմ եւ կարող եմ օգտակար լինել։ – Շատ լավ՝ ինչո՞ւ հենց Ուկրաինան։ – Թերթերից մեկը գրեց, թե իբր ինձ դեսպան են ուղարկում Իտալիա, ու դրանից հետո շատերն են ինձ հարցնում՝ ինչո՞ւ Ուկրաինա եւ ոչ թե Իտալիա։ Ես միշտ բոլորին կատակով ասում եմ, որ տուրիզմը չպետք է շփոթել աշխատանքի հետ։ Ուկրաինան այսօր Եվրոպայի ամենամեծ երկիրն է, ունի մոտ 53 մլն բնակչություն։ Ուկրաինայի քաղաքական դերն այսօր չափազանց մեծ է եւ աշխարհը շատ է կարեւորում այդ դերը։ Չմոռանանք, որ Ուկրաինան ԳՈՒԱՄ-ի անդամ է եւ մինչեւ հիմա բացահայտ պաշտպանել է Ադրբեջանին եւ Վրաստանին: Այս իմաստով շատ կարեւոր քաղաքական աշխատանք է սպասվում։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել