Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈ «ՄՈՍԿՎԱ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հոկտեմբեր 09,2003 00:00

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈ «ՄՈՍԿՎԱ»՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Գյումրեցիները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են եղել կինոթատրոնում, չնայած երկրաշարժից առաջ քաղաքում չորս մեծ կինոթատրոններ էին գործում ու հաճախակի ցուցադրվող հնդկական հուզաճմլիկ ֆիլմերը չեն մոռանում։ Ներկա պահին Գյումրիում կինոթատրոն գնալու հին ավանդույթն է վերականգնվում։ Ինչպես տեղեկացանք «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանից, այս գործը իրենք են ստանձնել. Գյումրու քաղաքապետարանի հետ օգոստոսին կնքած պայմանագրի համաձայն, հին ու հեղինակավոր մայր կինոթատրոնը՝ «Հոկտեմբերը» (այժմյան «Հանդիսությունների տուն» ՓԲԸ-ն) վաճառվել է կինո «Մոսկվային»։ Սակայն Գյումրու քաղաքապետարանում, չգիտես ինչու, փաստը չեն մանրամասնում, ավելի շուտ՝ անիրազեկ են փորձում ձեւանալ։ Մ. Ադոյանը խոստացավ, որ մշակութային օջախը կարճ ժամանակահատվածում բարձրորակ տեխնիկայով ու հարմարավետությամբ չի զիջի Երեւանում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնին։ Երկու կինոթատրոնները կտարբերվեն տոմսի արժեքներով՝ պայմանավորված տարածաշրջանի բնակիչների գնողունակությամբ։ Ըստ Մ. Ադոյանի, հիշյալ կառույցի վերաբացումը գյումրեցիների համար նվեր է, քանի որ 7-8 տարի անհրաժեշտ կլինի, որ կինոթատրոնը բիզնեսի ու եկամտի աղբյուր դառնա։ Չհաշված «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի վերանորոգումը, նախնական հաշվարկների համաձայն, սարքավորումները, ջեռուցումը եւ կոմունալ հարմարությունները կինո «Մոսկվայի» տնօրինությանը 200 հազար դոլար կարժենան։ Ի դեպ, կինոթատրոնի շենքը դեռեւս 1996-ին Համաշխարհային բանկի տրամադրած գումարներով «կապիտալ» վերանորոգման էր ենթարկվել, սակայն ընդամենը պատերն են բետոնապատվել, իսկ ակուստիկայի խնդիրը չի լուծվել։ 1996 թվից մինչեւ հիմա ընդամենը 3 ֆիլմ է ցուցադրվել՝ «Արարատը», «Արամը» եւ «Լենինական-60»-ը։ Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել