Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՐԶՉԻՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ

Հոկտեմբեր 09,2003 00:00

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՐԶՉԻՆ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» ստադիոնում մարզումային խաղ անցկացրեց «Վաղարշապատ» թիմի հետ եւ հաղթեց 5։0 հաշվով։ Հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի Միհայ Ստոյկիցային խնդրեցինք պատասխանել մի քանի հարցի։ – Պրն Ստոյկիցա։ Դուք անհանգստանում էիք, թե ինչպիսի՞ մարզավիճակով Երեւան կժամանեն մեր լեգեոներականները։ – Բոլորն էլ լավ վիճակում են։ Նրանք իրենց երկրների առաջնություններում խաղում են մինչեւ վերջ ու հիմա ֆիզիկապես պատրաստված են։ Այս առավոտ զրուցել եմ տղաների հետ, երբ վերլուծում էինք Իսպանիայի հավաքականի խաղը։ Բոլորն էլ պատրաստ են պայքարելու։ Ամեն բան խաղը ցույց կտա։ – Արթուր Պետրոսյանը վնասվածքի պատճառո՞վ չի մարզվում։ – Այո, նա մոտ 10 օր է, ինչ վնասվածք ունի, որը, ցավոք, բավականին լուրջ է։ Բայց ցանկացել է այս պատասխանատու պահին լինել թիմի կողքին։ Նույն բանը կատարվեց Հարություն Վարդանյանի հետ, որը ցանկացավ թիմակիցների հետ միասին լինել Հյուսիսային Իռլանդիայում։ Եվ նրա ներկայությունը տղաներին շատ օգնեց։ Իսկ հավաքականն այսօրվա դրությամբ ինձ դուր է գալիս։ – Դուք բազմիցս հայտարարել եք, որ ցանկանում եք հաղթել Իսպանիային։ Շանսերն ինչպե՞ս եք գնահատում։ – Հիսուն-հիսուն։ – Նման պատասխանատու հանդիպումներին նախապատրաստվելիս մրցակից ընտրում եք Հայաստանի՝ համեմատաբար թույլ թիմերը։ Ո՞րն է դրա գաղտնիքը։ – Հարկ չկա պաշտոնական կարեւոր հանդիպումներից երեք օր առաջ խաղալ ուժեղ թիմի հետ։ Բայց մենք ենք թույլ ասում նրանց։ Օրինակ, «Վաղարշապատն» այսօր իրեն լավագույն կողմերով դրսեւորեց։ Մյուս կողմից տեղի ֆուտբոլիստները հավաքականի դեմ պայքարելու հնարավորություն ստանալով՝ ներդնում են իրենց ողջ կարողությունները։ Այնպես որ, դա երկու թիմերի համար էլ օգտակար ու ձեռնտու է։ Սա նաեւ հանրապետությունում ֆուտբոլի պրոպագանդա է։ Մենք էլ այդ թիմերին, դրանց խաղացողներին մեկ անգամ եւս տեսնելու հնարավորություն ենք ունենում։ Հեռանկարային երիտասարդներ Հայաստանում կան, որոնք հետագայում կարող են համալրել հավաքականների թեկնածուների շարքերը։ Այսօր ես Միխալ Ստոյկային ասացի, որպեսզի նա ուշադիր նայի «Վաղարշապատի» ֆուտբոլիստներին։ Եթե լինեն այնպիսիք, որոնց տարիքը համապատասխանի, կարելի է մտածել հրավիրելու մասին։ Իսկ լավ տեխնիկա ունեցողների այսօրվա մրցակցի կազմում ես տեսա։ Իսպանիայի հետ հանդիպումով ավարտում ենք հավաքականի այս տարվա շրջափուլը։ Մեկ շաբաթից սկսվում է 17 տարեկանների առաջնությունը։ Դրանից հետո կտեսնենք, թե աշխատանքներն ինչպես կշարունակենք։ Երիտասարդները կխաղան Արարատում Ֆուտբոլի Հայաստանի եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականների՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ին «Հանրապետական» ստադիոնում նշանակված խաղը տեղափոխվել է Արարատի քաղաքային ստադիոն։ Դա արվել է իսպանացիների պահանջով։ Նրանք մտահոգված են, որ «Հանրապետականի» խաղադաշտը, հնարավոր է, չհասցնեն նախապատրաստել հաջորդ օրը կայանալիք ազգային հավաքականի հանդիպմանը։ Մինչդեռ, «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի այս վերջին խաղը Իսպանիայի համար ճակատագրական նշանակություն ունի։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել