Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ CNN-ՈՎ ԵՐԵՎԱԼՆ ԷՐ

Հոկտեմբեր 09,2003 00:00

ԿԱՐԵՎՈՐԸ CNN-ՈՎ ԵՐԵՎԱԼՆ ԷՐ Արա Աբրահամյանը Հայաստանից հրավերի է սպասում Երեկ «Երեւան» հյուրանոցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը տեղի ունեցավ նախատեսվածից 50 րոպե ուշացումով: Ուշացումը վերջինս բացատրեց իր ազգին բնորոշ յուրահատկություններով: Դժվար է ասել, Արա Աբրահամյանը հատկապես որ ազգին նկատի ուներ, բայց հայ ազգը շատ ավելի յուրահատուկ սովորույթներ ունի. օրինակ, հյուրին չափազանց շատ է հարգում եւ համեստորեն սպասում, թե երբ նա կժամանի ասուլիսի: Լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման Ա. Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծված Համաշխարհային հայկական կազմակերպության՝ վերջերս Մոսկվայում կայացած համագումարն էր: Որի մասին խոսելով՝ Ա. Աբրահամյանը եւ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հատկապես շեշտում էին հետեւյալ բառակապակցությունները. «սյունազարդ դահլիճ», «տոնական տրամադրություն», «ուրախ դեմքերով մարդիկ», որ հայտնաբերել է Ա. Աբրահամյանը՝ յուրաքանչյուրի դեմքին հատ-հատ նայելով, «նախագահներ Պուտինի եւ Քոչարյանի լավ ելույթներ», «Ժիրինովսկու կրակոտ ելույթ», որում վերջինս կարծիք է հայտնել, թե Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է միանան Հայաստանին, նորից՝ «սյունազարդ դահլիճ»: Թե ինչու է Համաշխարհային հայկական կազմակերպության համագումարը տեղի ունենում Մոսկվայում եւ ոչ Հայաստանում, Արա Աբրահամյանը բացատրեց, թե հիմնական կազմկոմիտեի անդամները Մոսկվայից էին, իսկ Ռուսաստանի իշխանությունները համապատասխան պայմաններ էին ստեղծել իրենց աշխատանքի համար: «27 համայնքներում նրանք կազմակերպում էին իմ հանդիպումը ե՛ւ համայնքի, ե՛ւ տվյալ պետության իշխանությունների հետ:8230 Ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ: Եթե Ամերիկայի, Ֆրանսիայի համայնքները կամ Հայաստանը մեզ հրավիրի, մեծ ուրախությամբ այնտեղ կանցկացնենք: Մենք դա նաեւ հայերի շահերից ելնելով արեցինք: Մեկ այլ դեպքում այդ մասշտաբայնությունը դժվար թե ստացվեր»: Միտքը շարունակեց Անդրանիկ Միհրանյանը. «Եթե Հայաստանում արվեր, CNN-ը չէր լուսաբանի այդ համաժողովը: Եվ համաշխարհային ԶԼՄ-ները ոչ մի ուշադրություն չէին դարձնի դրա վրա: Սա ի նպաստ մեզ չի խոսում, բայց սառը ռեալականությունն է: Եթե «յաշչիկը» ցույց չի տալիս, ուրեմն մարդկանց համար այդպիսի իրականություն գոյություն չունի»: Լրագրողներից մեկը նկատեց, որ «Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական հաղորդումը, լուսաբանելով համագումարի աշխատանքները, նշեց, որ հայկական համագումարում հայերեն ոչ մի բառ չասվեց: Այս փաստը հերքեց Արա Աբրահամյանը. «Ես անձամբ ինքս լսել եմ, որ ՌԴ նախագահն ասաց «բարեւ ձեզ», մեր համայնքների ներկայացուցիչները ելույթ ունեցան հայերեն,8230լրագրողը սխալ է հասկացել»: Մնում է կռահել, արդյո՞ք CNN-ի թղթակիցը հասկացավ Պուտինի նուրբ հումորը եւ Պետրոս Առաջինի՝ հայերին գուրգուրելու հորդորը, որը հաճույքով հիշեց ՌԴ նախագահը: Ա. Աբրահամյանը թյուրիմացություն համարեց կարծիքը, թե Ռուսաստանն ուզում է հայերին «կոնտրոլ անել». «Ռուսաստանը որ իրեն վերահսկի, մեծ բան է, քարտեզի վրա եթե նայեք, նա շատ լայն տերիտորիա ունի»: Իսկ Համագումարում Դաշնակցության ներկայացուցիչ Ոստանիկ Մարուխյանի ելույթի «սառը» որակմանը Ա. Աբրահամյանը այսպես արձագանքեց. «Նրանք ելույթ ունեցան այնքան, ինչքան կարող էին: Մեր կողմից դա ընդունվեց նորմալ»: Անդրանիկ Միհրանյանը այստեղ էլ ավելացրեց. «Երբ 3 տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունն էր ստեղծվում, Քոչարյանի նման մի տասնյակ մարդիկ ունեինք Ռուսաստանում, որ ասում էին, որ Ռուսաստանի հայերին հնարավոր չէ հավաքել իրար գլխի, որովհետեւ հայ ժողովուրդը եւ միասնությունը իրար հակադիր հասկացություններ են: Ժամանակն է դատավորը, որ դատավճիռ է կայացնելու՝ լինելու կամ չլինելու վերաբերյալ: Հույս ունենանք, որ 3 տարի հետո այս հարցի պատասխանը կտա պարոն Քոչարյանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել