Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումանիտար օգնություն» էլցանցերին

Հոկտեմբեր 09,2003 00:00

«Հումանիտար օգնություն» էլցանցերին Այն պետք է իրականացնեն Գյումրիի անվճարունակ բնակիչները Անի թաղամասի 31 շենքի 50 բնակարանի բնակիչ, 77 տարեկան միայնակ Գեւորգ Ջեյրանյանին էլցանցի աշխատակիցները ժամանակին համոզել ու 500 կվտ էլեկտրաէներգիայի պարտք են վերագրել: Հետո վստահեցրել, թե համակարգիչը կզրոյացնի պարտքը: Այլ բնակիչների ներկայացմամբ, շատերին սա էլ չեն խոստացել: Էլցանցի աշխատակիցները պարզապես հավաստիացրել են, որ այս պարտքը երբեւէ չեն պահանջելու մուծել: Բայց տեղի ունեցավ «իրավիճակի փոփոխություն», հայտնվեց նոր սեփականատեր, իսկ հին պարտք կոչվածը մնաց անփոփոխ: Այսօր նոր տեսուչները բնակիչներին ստիպում են հին պարտքերն անհապաղ մարել: Անակնկալի եկած, իրենց իսկ խոսքերով ասած, բնակիչները չգիտեն ում դիմեն եւ չեն հասկանում, թե ինչու ժամանակին կատարած համակարգի գերածախսերը պետք է բաշխվեն էլեկտրաէներգիայի համար պարտաճանաչորեն մուծած քաղաքացիների միջեւ: Փաստորեն, աղքատ մարզում որպես էլցանցերին տրվող «հումանիտար օգնություն», ճոխ-ճոխ պարտքեր բաժանվեցին բնակիչների կողմից չծախսած էլեկտրաէներգիայի համար: Մեր ուսումնասիրածներից ամենախղճով ցուցանիշը 5500 դրամն էր: Մի ընտանիք պարտավոր էր 17000 դրամ վճարել, մյուսը՝ 20000, 50000 եւ այլն: Բնակիչներից շատերի հավաստմամբ, գումարի չափը որոշվել է ընտանիքների անձանց քանակով: Ընդ որում, «պլանն» իրականացնելիս ոչ մի ներում-բեկում չի եղել. ոչ ծեր թոշակառուներին, ոչ հաշմանդամներին, ոչ էլ սոցիալապես անապահովներին են հաշվի առել: «Բազում սոված օրեր անցկացրինք, բայց ոչ մեկից պարտք չվերցրինք, անգամ հացի փող չխնդրեցինք: ՈՒ չգիտես ինչպես մի օր պարտապանի կարգավիճակում հայտնվեցինք»,- դժգոհեց երկրորդ կարգի հաշմանդամ, գործազուրկ Յուրիկ Հովհաննիսյանը: «Հյուսիսային Էլեկտրացանց» ՓԲԸ-ի իրացման բաժնի փոխտնօրեն Սեյրան Յայլոյանի հավաստմամբ, «Ղարս» մասնաճյուղի 7 ցանցերում բնակչության պարտքը հասնում է 3 մլրդ 612 մլն 550 հազար դրամի: Սակայն ըստ նրա, ներկա պահին «թացը չորից տարբերելը, իրական ու ոչ իրական պարտքերն ապացուցելն անչափ բարդ է»: Նա միաժամանակ ավելացրեց, որ իրենք դատարանի դեր չեն կատարում, այլ ընդամենը նոր սեփականատիրոջ՝ «Հայէլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կնքած պայմանագիրն են կատարում, համաձայն որի, բնակիչներն այլեւս պարտք են ոչ թե իրենց, այլ «Հայգազարդին»: Նոր սեփականատերը, պայմանագրի համաձայն, պարտավորվել է «Հայգազարդի» փոխարեն բնակիչներից պարտքերը հավաքել: Իսկ ինչպես պետք է լուծվի տարիների ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները պարտաճանաչորեն մուծած, էպիկրիզները, անդորրագրերը խնամքով պահպանած բնակիչների խնդիրը, պարզ չէ: Սեյրան Յայլոյանը ՀՀ մյուս տարածաշրջաններում առկա նմանատիպ երեւույթը որպես մխիթարանք է ընդունում ու իրենց արդարացիության մեջ վստահ բնակիչներին դատարան դիմելու խորհուրդ տալիս։ Սակայն դատարանի ճանապարհը լավ իմացող ու կրկնակի ծախսերից վախեցող բնակիչները անհաճո պատմությունից ազատվելու այլ ելք են փնտրում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել