Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ»

Հոկտեմբեր 09,2003 00:00

«ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ» Կառավարությունը երեկ հավանություն տվեց «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու առաջարկին: Նիստից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեկնաբանեց կառավարության որոշումը. – Համաձայնություն տալով Բաց ժողովի նախագահի եզրակացությանը, կառավարությունը փաստեց, որ թիվ 60 լիցենզիայում պետք է կատարվի փոփոխություն, այսինքն՝ «ԱրմենՏելի» մենաշնորհային դրույթները պետք է փոխվեն բջջային կապի բնագավառում եւ ինտերնետով կապի փոխանցման միջազգային ելքի դեպքում, եւ թույլատրվի այլ օպերատորների եւս կատարել այդ գործողությունները: Շատ եմ կարեւորում, որ այսօր կառավարությունը վերջիվերջո կատարեց այդ քայլը, ընդունեց այդ որոշումը: – Պրն Մանուկյան, բնական է, «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելուց հետո, հաջորդ հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է, թե ո՞վքեր, ի՞նչ ընկերություններ կմտնեն մեր շուկա: – Մենք դեռեւս որեւէ մեկի հետ բանակցություններ վարելու ոչ միայն իրավունք, այլեւ ցանկություն չունենք, քանի դեռ կառավարությունը չի կայացրել համապատասխան որոշում, եւ մինչեւ նոյեմբերի 30-ը մենք որեւէ ընկերության հետ բանակցություն չենք վարելու: Առաջարկություններ շատ կարող են լինել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Կառավարության որոշումից հետո նոր կսկսենք բանակցություններ վարել այն օպերատորների հետ, որոնք ցանկանում են մեր երկրում աշխատել: Կներկայացնենք մեր առաջարկությունների փաթեթը, թե մենք ի՞նչ ենք ցանկանում նրանցից, եւ որը կհամապատասխանի մեր պահանջներին, նա էլ կստանա իրավունք՝ մեր երկրում օպերատորություն անել: – Մինչեւ նոյեմբերի վերջը «ԱրմենՏելը» չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, եւ գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է շուկա մտցնել բջջային քարտերի 20 հազարանոց չափաքանակ: Որից հետո եւս 100 հազար, ապա՝ նորից 100 հազար…Արդյո՞ք այս միջոցառումները չեն խրտնեցնի պոտենցիալ նոր օպերատորներին: – Ոչ: «ԱրմենՏելն» այդ ամենը պետք է աներ վաղուց: Բաց ժողովից հետո «ԱրմենՏելն» ակտիվացավ, եւ դա ողջունելի է, քանի որ դա հօգուտ մեր ժողովրդի է: Շատ պարտավորություններ դեռ ունի կատարելու եւ դեռ պետք է կատարի: Ես որպես կապի նախարար, հսկայական օժանդակություն եմ ցուցաբերել «ԱրմենՏելին»՝ այդ բջջային ցանցի կայանները Երեւանում եւ մարզերում տեղադրելու համար: Մենք «ԱրմենՏելի» դեմ, որպես կազմակերպության, որպես խոշոր ներդրողի, ոչինչ չենք ունեցել: Եթե նրանք կարողանային ապահովել մեր երկրում որակյալ հեռահաղորդակցության ծառայություններ, ապա երբեք չէր առաջանա պատժելու անհրաժեշտություն: Եվ մենք չէինք գնա այս քայլին: Որովհետեւ մեզ համար միեւնույն է՝ «ԱրմենՏե՞լը», թե՞ որեւէ այլ օպերատոր կապահովի մեր կապը, մեզ համար կարեւոր է, որ լինեն որակյալ կապ, եւ էժան գներ: «ԱրմենՏելը» չի կարողանում այդ որակն ապահովել, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: – Իսկ եթե «ԱրմենՏելն», այնուամենայնիվ, դիմի Լոնդոնի արբիտրաժ, ինչպիսի՞ն են ՀՀ կառավարության շանսերը: – Ես նրանց խորհուրդ եմ տվել՝ խելամիտ լինել եւ չդիմել ոչ մի տեղ, որովհետեւ մեր փաստարկներն անվիճելի են: Մեր ամենահիմնավոր փաստարկը, դա ցանկացած մարդ կհավաստի, այն է, որ մեր երկրում կապի որակը շատ ցածր է: Եվ այսօր ՀՀ-ում կա շուրջ 200 հազար քաղաքացի, որոնք սպասում են բջջային քարտերի: Շուրջ 140 հազար ընտանիք սպասում է լարային հեռախոս ունենալու: 21-րդ դարում 100-ից ավելի գյուղեր ընդհանրապես զրկված են հեռախոսակապից: Սա է մեր գլխավոր փաստարկը: Մնացածը կարեւոր չէ: «ԱրմենՏելն» ինչ ուզում է՝ թող ապացուցի: Կարող է թվեր նկարել, ասել, որ 174 մլն դոլարի ներդրում է արել, բայց կրկնում եմ՝ եթե այդքան ներդրում կատարվեր մեր երկրում, որը փոքր տարածք ունի, ապա մեր կապի որակը շատ ավելի բարձր կլիներ, քան Հունաստանինը: Այնինչ, ցավոք, դա այդպես չէ: Մեր փաստարկներն անվիճելի են, եւ ես համոզված եմ, որ գործը միջազգային դատարաններ հասնելու դեպքում՝ մենք հաջողություններ կունենանք: Վստահ եմ, որ միջազգային դատարաններն ամեն դեպքում արդար որոշում կընդունեն: Մենք միայն մի բան ենք ուզում՝ որակյալ կապ: «ԱրմենՏելը» չարաշահեց իր մենաշնորհային դիրքը, եւ մենք ստիպված դիմեցինք համապատասխան միջոցառումների: Մենք արժանվույնս կներկայացնենք մեր բոլոր փաստարկները, եւ վստահ եմ, որ կպաշտպանենք երկրի շահերը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել