Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ»

Հոկտեմբեր 09,2003 00:00

«ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ» Խորհրդարանը երեկ 90 «կողմ» ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը, որը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Կառավարության ներկայացուցիչը՝ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նշեց, թե պարտավորությունից բացի՝ սա երկար ժամանակ ծառացած խնդրի լուծում է: Թեեւ քվեարկության գրեթե միաձայնությանը՝ քննարկումները ցույց տվեցին, որ պատգամավորները այս օրինագծի առնչությամբ ունեն բավական մտավախություններ: Օրինագիծը ներկայացնողները հայտնեցին, թե մինչ այժմ կրոնական նկատառումներով զենք վերցնել հրաժարվողների քանակն այդքան մեծ չի եղել՝ ընդամենը մի քանի տասնյակ: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները վստահ էին, թե օրենքը կնպաստի աղանդների տարածմանը, բոլոր զորակոչիկները հանկարծ կհայտնաբերեն, թե կրոնական համոզմունքներ ունեն, վախենում են զենքից եւ այլն: Թեեւ ՄԱԿ-ի պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանի դիտարկման համաձայն՝ հեղինակներին հաջողվել է օրենքում գրավչություն չարձանագրել այս ծառայության համար: Մտահոգում էր նաեւ, թե արդյոք այս օրենքը չի՞ անդրադառնա բանակի մարտունակության եւ կազմավորման վրա: Սակայն Տիգրան Թորոսյանի ձեւակերպմամբ՝ սա այնքան վտանգավոր չէ, որքան ներկայացվում է: Այս օրենքի առնչությամբ որոշ առարկություններ ունեն նաեւ ԵԽ փորձագետները: Խոսքը մասնավորապես այլընտրանքային զինծառայության տեւողության մասին է, սակայն օրինագիծը ներկայացնողը՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե բոլոր երկրներում էլ հավասար չեն այլընտրանքային եւ սովորական զինծառայությունները եւ «առնվազն արդար չէ» պահանջելը, որ այդպես լինի Հայաստանում: Թեեւ նաեւ կանխատեսեց, թե քննարկումները կհանգեցնեն նրան, որ այլընտրանքային ծառայության տեւողությունն ի վերջո կսահմանվի 36 ամիս: Անցկացնելու վայրի վերաբերյալ առարկություններին ի պատասխան՝ նշեց, թե հնարավորություն կընձեռվի, որ ծառայությունն անցկացվի, ասենք, արտակարգ իրավիճակների վարչությունում եւ վերահսկելի այլ կառույցներում: ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանն էլ զուտ իբրեւ հրամանատար իր կարծիքը հայտնեց, թե անընդունելի է կրոնական նկատառումներով զենք կրելուց հրաժարվողների մուտքը մարտական ստորաբաժանումներ, քանի որ նրանք ձեւավորում են խմբեր: Ի դեպ, իբրեւ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության անդամ՝ պրն Աղաբեկյանը նաեւ հայտնեց, թե զորակոչից խուսափելու համար դատապարտվածները երբեւէ ներում չեն խնդրել: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել