Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախացիր, բայց ոչ հիմա

Հոկտեմբեր 09,2003 00:00

Ուրախացիր, բայց ոչ հիմա Այսօր Երեւանում իր աշխատանքը կսկսի TRACECA միջկառավարական հանձնաժողովի երրորդ ամենամյա խորհրդաժողովը, որի ժամանակ Հայաստանը կընտրվի առաջիկա տարում նախագահող երկիր։ Փաստն, ինքնին, ուրախալի է, քանզի Եվրամիության առաջադրած այս ծրագիրն այն քիչ տարածաշրջանային նախագծերից է, որին լիարժեք մասնակցում է Հայաստանը։ Ինչպես հայտնի է, այս ծրագրով նպատակ է դրված ստեղծել Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք, որի գործարկումը տպավորիչ տնտեսական էֆեկտ կապահովի նախագծում ընդգրկված բոլոր երկրների համար։ Սակայն, ցավոք, տակավին վաղ է խանդավառվելը։ Սեպտեմբերի 30-ին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մասնակցել են Եվրամիության՝ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդի ամենամյա նստաշրջանին, որը, մեղմ ասած, որեւէ առարկայական արդյունքի չի հանգեցրել։ Երեք հանրապետություններից յուրաքանչյուրը ԵՄ-ին հասկացրել է, որ տարածաշրջանում որեւէ լուրջ հարց լուծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է կարգավորել տեղային հակամարտությունները։ «Ուոլ Սթրիթ ջոոնլի» մեկնաբանը զարմանքով նշում է, որ «անգամ Ռուսաստանի հետ միացման ջատագով Հայաստանն է», իր հարեւանների հանգույն, ԵՄ-ին առաջարկել ավելի եռանդով ներգրավվել եւ նույնիսկ գլխավոր դերակատարություն ստանձնել հիշյալ հակամարտությունների կարգավորման հարցում։ Ամերիկյան փորձագետները տարակուսում են, որ այն պարագայում, երբ հարավկովկասյան տարածաշրջանն առաջիկա տարիներին առանցքային դեր է խաղալու Եվրոպան վառելիքաէներգետիկ ռեսուրսներով ապահովելու հարցում, ԵՄ-ն, այնուամենայնիվ, չափազանց պասիվ է Կովկասը հանդարտեցնելու եւ տարածաշրջանի երկրներին առավել խորությամբ իր նախագծերում ընդգրկելու գործում։ «Բացարձակապես անտրամաբանական է այն, որ Կասպիական նավթի ամենահիմնական հավակնորդներն այդչափ թույլ մասնակցություն ունեն նավթի եւ գազի տարանցման խողովակաշարերի նախագծերի քննարկման մեջ», արձանագրում են Վաշինգթոնի քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները։ ԱՄՆ-ին զարմացնում է նաեւ այն, որ Եվրամիությունը թեեւ հարավկովկասյան երկրներին ներառել է «Տրասեկա» եւ «Ինոգեյթ» (նավթի եւ գազի տարանցում դեպի Եվրոպա) ծրագրերում, սակայն նրանց հաշվի չի առել երկու այլ կարեւորագույն՝ «Wider Europe» (Ավելի լայն Եվրոպա) եւ «New Neighbors» (Նոր հարեւաններ) նախագծերում։ Մինչդեռ դրանցում ընդգրկված են Մարոկկոն, Սիրիան, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը եւ Ռուսաստանը։ Ամերիկյան փորձագետներն իրավացիորեն նկատում են, որ ամենեւին կարիք չկա Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին վերոհիշյալ ծրագրերում եւ առհասարակ ԵՄ կառույցում ընդգրկելու հեռանկարը շաղկապել Եվրամիություն-Ռուսաստան «էներգետիկ դիալոգի» հաջող կամ ոչ այնքան հաջող ընթացքի հետ։ Ինչպես եւ, ի դեպ, Եվրոպան այսօր վարվում է։ Այդ դեպքում, ըստ Վաշինգթոնի, Ռուսաստանը չհիմնավորված կերպով «առյուծի բաժին» կստանա ԵՄ նախագծերի գործարկումից, իսկ դրանից կտուժեն առաջին հերթին տարածաշրջանի երկրները եւ ապա՝ ԱՄՆ-ն ու հենց Եվրամիությունը։ Հայտնի չէ, թե որքանով Եվրոպայում կանսան ԱՄՆ-ի պրագմատիկ եւ խիստ տրամաբանված հորդորներին։ Իսկ մինչ այդ մեզ մնում է գոհանալ, որ «Տրասեկայի» նախագահությունը Հայաստանը ստանձնում է ոչ թե Մոսկվայում, այլ հենց Երեւանում։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել