Երեւանի 15 կոմիսարները Մոտավորապես այդքան հայեցողական պաշտոն կունենան ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն Կոալիցիոն կառավարությունը շարունակում է իր բուռն գործունեությունը՝ առայժմ պաշտոնների բաժանման եւ վերաբաժանման ճակատում։ ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին հանգիստ չի տալիս, որ հանրապետականը տանտեր է կառավարությունում, իրենք էլ կարծես հանդես են գալիս խնդրողի դերում։ Թերեւս, այս խմորը ժամանակ առ ժամանակ ջուր է վերցնելու, քանի որ քիչ-քիչ իրենց մասն ստացող դաշնակցականները եւ օեկականները միշտ ինչ-որ բանից դժգոհ են լինելու, եւ միշտ իրենց տնվորի կարգավիճակում են զգալու կոալիցիայի ներսում։ Համենայնդեպս, հոկտեմբերի 7-ի գիշերը տեղի ունեցած համաձայնությունը, որը կողմերը համերաշխորեն բնութագրում են որպես սկզբունքային պայմանավորվածություն, ավելին չէ, քան որոշ հայեցողական պաշտոններ մեջ-մեջ անելու գործընթաց։ Հասկանալի է, որ խոսքն այն 12 նախարարությունների մասին է, որոնք կոալիցիայի բաժինն են, իսկ ուժային նախարարությունները, ինչպես նաեւ արդարադատության ու արտաքին գործոց նախարարություններն այս բաժան-բաժանից ապահովագրված են, դրանք միայն նախագահի վերահսկողության տակ են։ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն երեկ չափազանց գաղտնապահ էին եւ սարսափելի խուսափողական պատասխաններ էին տալիս կոալիցիայի խորհրդի գիշերային նիստի մասին, մեկը նույնիսկ ասաց. «չէ, պայմանավորվել ենք, որ ոչինչ չենք ասելու, հո տղերքին չե՞մ քաշելու»։ Կարծում ենք, «քաշելը» այստեղ բոլորովին այլ ենթատեքստ ունի։ Եթե, ասենք, բնապահպանության, կապի, առողջապահության կամ մշակույթի փոխնախարարներից որեւէ մեկն իմանար՝ իր տեղը երերուն է, վստահ եղեք, նրանք արագորեն կկողմնորոշվեին դեպի այս կամ այն կուսակցությունը։ Թերեւս հենց այս մտավախությամբ է պայմանավորված գաղտնապահությունը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ իր հերթին լրացրեց գաղտնապահների շարքը եւ վերոհիշյալի վերաբերյալ լրագրողների հարցերին կարճ պատասխանեց, թե կոալիցիայի տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Իրականում այդ հայտարարության մեջ չափազանց ժլատ տեղեկատվություն կա՝ ընդամենն այն, որ «քննարկվեցին թափուր եւ ազատվող հայեցողական պաշտոններում կոալիցիա կազմած կուսակցությունների թեկնածուների առաջադրման սկզբունքները։ Ձեռք բերվեց համաձայնություն այդ սկզբունքների վերաբերյալ»։ Քանի որ կոալիցիան չի բացահայտում իրեն, ստիպված ենք այդ բանն անել սեփական ուժերով։ Սկզբում շեշտենք, որ «Քաղծառայողի մասին» օրենքը խիստ շահեկան վիճակ է ստեղծել հանրապետական պաշտոնյաների համար։ Այսպիսով, ըստ մեր աղբյուրների, հանրապետականը շարունակում է քանակական առավելություն ունենալ կոալիցիայում, Դաշնակցությանը եւ ՕԵԿ-ին՝ բացի իրենց ունեցած երեքական նախարարների եւ մարզպետների աթոռներից, կտրվեն եւս մի քանի հայեցողական տեղեր, երկուսին միասին մոտ 15 տեղ, ընդ որում, եթե հաշվի առնենք, որ պաշտոնները բաժանվելու են ըստ ընտրություններում ստացած տոկոսների, ապա պարզ է, որ ՕԵԿ-ը կստանա ավելի շատ նոր աթոռներ, քան Դաշնակցությունը։ Ըստ էության, հերթական անգամ հօդս ցնդեց Դաշնակցության ձգտումը՝ «ամբողջական պատասխանատվության» վերաբերյալ։ ՀՅԴ-ն համաձայնել է պրոֆեսիոնալիզմի սկզբունքով կադրերի պահպանմանը, միայն մեկ պայմանով, որ տվյալ կադրը պիտի իմանա, թե ինքը կոնկրետ ո՞ւմ առաջ է պատասխանատու (այս դեպքում՝ Դաշնակցության) եւ ո՞վ է իր համար պատասխանատու (այս դեպքում՝ կոալիցիան)։ Կուսակցական «կոմիսարների» այս ինստիտուտը դժվար թե դուր գա հանրապետականներին։ Հավանաբար, կոալիցիոն դաշնակիցը շատ լավ կռահել է Դաշնակցության մարտավարությունը եւ երբեք այնպիսի պայմաններ չի ստեղծի դաշնակցական եւ ՕԵԿ-ական փոխնախարարների եւ այլնի համար, որպեսզի վերջիններս դառնան իրենց կուսակցությունների աչքն ու ականջը կառավարությունում։ Ըստ որոշ լուրերի, օրինակ, տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը իրոք դաշնակցականներն ուզում են ունենալ, բայց, վստահաբար, տվյալ պաշտոնին նշանակվողի համար այնպիսի աշխատանքային պայմաններ կստեղծվեն, որ այդ մարդը մարզերից տուն վերադառնալու ժամանակ չի գտնի։ Հավանական է, որ նույն կերպ կվարվեն նաեւ այլ փոխնախարարների հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ