«Ա1+»-ԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆ ԵՎ ՓՆՏՐՈՒՄ Իշխանավորները հուսով են, որ «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» այս մրցույթում հաջողություն է սպասվում, ընդդիմադիրները վստահ են, թե այդպես չի լինի: Ո՞ւմ կանխատեսումները կիրականանան հոկտեմբերի 13-ին: «Այո՛»,- այսպես կարճ ու հստակ պատասխանեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր հարցին, թե արդյոք կցանկանար, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որն այսօր դեռ միայն քննարկելու է «Ար»-ի եւ «ԱրմՆյուզ»-ի կապուղիների համար հայտարարված մրցույթում նաեւ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» առաջարկները՝ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռի այդ անկախ հեռուստաընկերություններին: Նույնչափ հստակ էր նաեւ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի դիրքորոշումը. «Ես չգիտեմ այդ մրցույթների իրականացման կարգը՝ իմ գործով եմ զբաղվում: Բայց ես շատ եմ ուզում, որ հատկապես «Ա1+»-ը վերադառնա: «ՆՏ»-ի վերաբերյալ էլ վատ բան չունեմ ասելու, բայց «Ա1+»-ին իսկապես կարոտում ենք»: Հիշեցնենք, որ բյուջետային քննարկումների ժամանակ պրն Խաչատրյանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին դեմ առ դեմ էր հայտնել իր դժգոհությունը, թե այդ հանձնաժողովի գործունեության հետեւանքով՝ եթերը լցվել են ռուսական հաղորդումներ վերահեռարձակողներով ու տափակ ու գռեհիկ կատակներ անող ջահելներով: Կառավարության այլ անդամներ, որոնք առավել հայտնի են Ռոբերտ Քոչարյանին իրենց նվիրվածությամբ՝ խուսափողական պատասխաններ տվեցին մեր հարցին: Այսպես՝ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Հեռուստաընկերություններին միշտ էլ հնարավորություն տրվում է մրցույթին մասնակցելու, բայց հանձնաժողովը պիտի որոշի, թե ում առաջարկն է լավը: Ես կցանկանայի, որ լիներ արդար մրցույթ եւ ով կհաղթի՝ կհաղթի: Ինձ համար միեւնույն է»: Իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն առավել պիտի մտահոգված լիներ այս խնդրի շուտափույթ լուծմամբ, որ արտերկրում այլեւս հարցական չդիտվեր Հայաստանում բազմակարծության առկայությունը՝ մեր հարցին պատասխանեց. «Ով արդարացի է՝ կուզենայի, որ նա էլ հաղթի: Ես չեմ ուզում ինչ-որ քաղաքական հայտարարություն անել: Ցանկալի կլիներ, որ հանձնաժողովն արդար որոշում կայացներ եւ ով որ արժանի է՝ նա էլ հաղթի»: Այսուհանդերձ՝ կոալիցիոն ուժերի խորհրդարանական ներկայացուցիչների պատասխաններից դատելով՝ նրանք ակնկալում են, թե անկախ հեռուստաընկերություններին եթեր վերադարձնելու խնդիրը կլուծվի այս մրցույթում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նման հույս հայտնեց, իսկ այդ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը նշեց. «Ես ուզում եմ, որ «ՆՏ»-ն էլ վերադառնա: Շատ լավ ծանոթ չեմ իրենց գործունեությանը, բայց կողմ եմ, որ վերադառնան: Շատ եմ ուզում, որ եթեր վերադառնա «Ա1+»-ը: Ես փնտրում եմ «Այբ-Ֆե»-ն եւ «Հետգրությունը»: Եվ որեւէ տրամաբանական պատասխան չեմ գտնում, թե ինչու պիտի չվերադառնան»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հայտնեց. «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ «Ա1+»-ը կրկին գործի եթերում»: «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը նշեց. «Միանշանա՛կ պիտի հնարավորություն տրվի այդ հեռուստաընկերություններին վերադառնալ եթեր: Եթե ուզում ենք պետություն կառուցել՝ պիտի կայանան դրա կարեւորագույն ինստիտուտները, որոնցից մեկն էլ ազատ մամուլը եւ 4-րդ իշխանությունն են»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե լավ կլինի, որ այս մրցույթում «Ա1+»-ին հնարավորություն տրվի վերադառնալ եթեր: Իսկ ԱԺ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մի առիթով նշել էր, թե հույս ունի, որ ՀՌԱՀ-ը հաշվի կառնի այն դիրքորոշումները, որոնք արտահայտում են նաեւ արդեն իշխանությանը մաս կազմող ուժերը: Դրանից հետո ՀՌԱՀ նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ ինչպես հասարակության կարծիքն էին ավելի վաղ արհամարհել, այնպես էլ հաշվի չեն առնելու նաեւ քաղաքական գործիչների տեսակետները: «Բնականաբար, որեւէ մեկը չի կարող եւ չպետք է ազդի որեւէ մրցույթի արդյունքների վրա,- ասաց պրն Թորոսյանը:- Մյուս կողմից՝ ցանկացած տեսակետ միշտ կարող է մտորումների տեղիք տալ եւ օգտակար լինել ճիշտ որոշումների ընդունման համար»: Քանի որ նախորդ մրցույթից հետո պրն Թորոսյանն «Ա1+»-ին իր մրցակիցների համեմատ առավել կարեւորել էր հասարակական դերակատարության տեսակետից՝ խնդրեցինք գնահատել նաեւ այս մրցույթի մասնակիցներին. «Մրցույթից հետո կարելի է կարծիք հայտնել: Առավել եւս, որ մարդիկ շա՜տ զգայուն են եւ չէի ուզենա, որ ազդվեն կարծիքից»: Մինչդեռ սկսած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակ Շավարշ Քոչարյանից՝ մինչեւ այլ ընդդիմադիրներ, որոնց հետ զրուցեցինք՝ վստահ էին, թե անկախ կոալիցիայի ցանկությունից՝ Ռոբերտ Քոչարյանն իր նշանակած հանձնաժողովի միջոցով այս անգամ էլ հնարավորություն չի ընձեռի, որ իշխանության կողմից չվերահսկվող հեռուստաընկերությունները նորից լինեն եթերում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն ասաց. «Հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում մի շարք մրցույթներին այդ հեռուստաընկերությունների մասնակցությունը եւ նրանց արհեստականորեն դուրս մղելու գործելակերպը՝ կարծում ենք, որ նույնը կշարունակվի նաեւ այս մրցույթի ժամանակ»: Ցավոք, մեր իրականությունն այնպիսին է, որ մշտապես իրականանում են միայն հոռետեսական կանխատեսումները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ