ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ Այստեղ թաղապետի պաշտոնի համար Արման Գալուստի Սահակյանը կմրցակցի նաեւ Արման Բարեղամի Սահակյանի հետ: Երեքշաբթի Աջափնյակ համայնքի թիվ 9 ԸԸՀ-ին՝ որպես թաղապետի թեկնածու, առաջադրման հայտ էին ներկայացրել եւս երկու թեկնածուներ՝ Վարդան Առաքելյանը՝ Աջափնյակ համայնքի ավագանու անդամ, եւ Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումին» ՍՊԸ նախագահ: Ընդ որում, Վ.Առաքելյանը, ապարանցի է, որն, ամենայն հավանականությամբ, իր թեկնածությունն առաջիկայում կարող է հանել հօգուտ գործող թաղապետի: Երեկ դիտորդները մեզ մի տարբերակ էլ հուշեցին. Վ.Առաքելյանը, որ այս համայնքի բնակիչ է եւ մի քանի ընտրությունների մասնակցելու փորձ ունի, կարող է նաեւ շարունակել ընտրապայքարը, որպեսզի կիսվեն Արման Սահակյանի ձայները: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին՝ Ա.Բաղդասարյանին, ապա՝ նա մեր տեղեկություններով, այսպես կոչված, 3-րդ գյուղի բնակիչ է, իսկ այս բնակավայրը ավանդաբար համարվում է Ա.Խաչատրյանի ընտրազանգվածը: Բայց սրանք այս ընտրությունների մեկնարկի մասին ամբողջ ու կարեւոր հանգամանքները չեն: Երեկ, իր թեկնածությունն է առաջադրել եւս մի Արման Սահակյան՝ Ավան-Առինջի բնակիչ եւ գործազուրկ: Այս մի Արմանի հոր անունը Գալուստ չէ, այլ՝ Բարեղամ: Կարծում ենք, ակնհայտ է, որ նրան «պեղել» են գործող թաղապետի կողմնակիցները ճիշտ այնպես, ինչպես 1999-ին էր՝ ընտրողներին թյուրիմացության մեջ դնելու ակնկալիքով: Հիշեցնենք, որ 99-ին Արծրուն Խաչատրյանի մրցակից Աշոտ Աղաբաբյանի (հանրահայտ «Բուռնաշի») դեմն առնելու համար էլ՝ որպես թաղապետի թեկնածու գրանցվել էր մի այլ Աշոտ Աղաբաբյան՝ խեղճ ու կրակ մի երիտասարդ գիտնական: Այդ «Լժե-Բուռնաշը» հետո էր միայն խոստովանել, որ ինքն առաջադրվելու մտադրություն չէր ունեցել. իրեն առաջարկել էին: Նման զուգադիպությունները մեզ հայտնի են ընտրական տեխնոլոգիաների համատեքստում: Մեկնաբանելով այդ փաստը Արման Գալուստի Սահակյանը երեկ «Առավոտին» ասաց, թե սույն հանգամանքն իրեն միայն ուրախացնում է, որովհետեւ նշանակում է, որ իրենից զգուշանում են: Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը երեկ մեր զրույցի ժամանակ հավաստիացրեց, թե երեկվա դրությամբ որեւէ մեկը ԸԸՀ-ին չի ահազանգել ընտրակաշառքների բաժանման, օրինախախտումների մասին: Պարոն Տերտերյանը հայտարարեց, թե ԸԸՀ-ն միանշանակորեն հետամուտ է լինելու օրինախախտումներն ու ընտրակեղծիքները կանխելուն: Գուցե դեռ երեկ ԸԸՀ-ին ոչ ոք օրինախախտումների մասին չէր ահազանգել, բայց համայնքի բնակիչներից մի քանիսի վկայությամբ, թաղապետն արդեն սկսել է, մասնավորապես մանկապարտեզներում, ծնողական ժողովներ անել: Նրա կողմնակիցները նաեւ համայնքի բնակիչներին այլեւայլ ծառայություններ մատուցելու խոստումներ էլ են տալիս, իհարկե, համայնքի բյուջեի հաշվին: Հենց այստեղ է, որ հարց է բարձրանում թեկնածուների հավասարության սկզբունքի մասին: ԸԸՀ նախագահ Ե.Տերտերյանը երեկ, անդրադառնալով գործող թաղապետի՝ իր լիազորությունները վայր դնելու կամ արձակուրդ գնալու վերաբերյալ մեր հարցին, նկատեց, թե այդ իմաստով ՀՀ Ընտրական օրենսգիրքը կատարյալ չէ եւ նման հստակ պահանջ չկա, թեեւ, իր կարծիքով, զուտ մարդկային տեսանկյունից ճիշտ կլիներ, որ եւ թաղապետը, եւ քաղաքապետարանի վարչության պետը առ ժամանակ չաշխատեին: Ինչ վերաբերում է թիվ 9 ընտրատարածքում ընտրական հանձնաժողովներին, ապա մեր ունեցած տեղեկություններով, այդ հանձնաժողովներում ՀՀ նախագահի կողմից նշանակվող երեք տեղերն արդեն Ա.Խաչատրյանինն են: Իհարկե, ԸԸՀ նախագահ պարոն Տերտերյանը հերքեց այդ լուրը: Ըստ նրա, հիմա որ թեկնածուին էլ հարցնեք՝ կասի, թե հանձնաժողովներում 9 տեղերն էլ իրենն են: Սրանում էլ, անշուշտ, տրամաբանություն կա, բայց բանն այն է, որ տվյալ դեպքում խոսքը պարզապես թաղապետի ընտրության մասին չէ: Այս ընտրություններում, ինչպես ասել ենք, բաշխվում են իշխանության տարբեր թեւերի շահեր: Եվ եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի ասելով, իր որդուն, ի թիվս ՀՀԿ-ի, սատարելու են կոալիցիայի մյուս ուժերը եւս, ապա մեր տեղեկություններով, այս ընտրություններում որոշակի դերակատարում է վերապահված նաեւ ՀՀ նախագահին: Հնարավոր է, որ Ռ.Քոչարյանը կցանկանա ցույց տալ, որ անգամ թաղապետի մակարդակում ՀՀԿ-ն ու վարչապետն իր հետ հաշվի պետք է նստեն: Թերեւս, այս միտումն է պատճառը, որ ոմանք վստահեցնում են, թե Ա.Խաչատրյանին սատարում է նաեւ Ռ.Քոչարյանը, իհարկե, միջնորդավորված կերպով: Միաժամանակ, դիտորդների կարծիքով, չի բացառվում, որ ի վերջո, երկրորդ փուլով թաղապետ ընտրվի հենց Գալուստ Սահակյանի որդին, բայց միայն առաջին փուլում հրահրված «տուրուդմբոցից» հետո, որի արբիտրի դերում այս անգամ կլինի ոչ թե Վազգեն Սարգսյանը, ինչպես 99-ի հուլիսի 13-ից հետո էր, այլ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ