Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԱԳԾԵՐԸ ԹՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԵՆ

Հոկտեմբեր 08,2003 00:00

ՓԱԿԱԳԾԵՐԸ ԹՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԲԱՑԵՆ Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 3.10.2003թ.), սեպտեմբերի 28-ին Թուրքիայի միակ Վագըֆ հայկական գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում եւ Անտիոքի մեծ ամֆիթատրոնում կայացել է համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին։ Ի թիվս թուրք արվեստագետների, այստեղ ելույթ է ունեցել ջութակահարուհի, Երեւանի կոնսերվատորիայի ուսանողուհի (պրոֆեսոր՝ Հ. Սմբատյան) Հասմիկ Ավդալյանը։ Նա Թուրքիա էր մեկնել Ադանայի «Ռոթարի» կազմակերպության հրավերով։ Ջութակահարուհին հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Սոնատ-մենախոսություն» ստեղծագործության, ապա Թուրքիայի մշակույթի նախարարության Չուքուրովայի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Էմին Գյուվեն Յալշչման) ընկերակցությամբ՝ Ուլվի Ջեմիլ Էրկինի ջութակի կոնցերտի կատարումներով։ «Ի պատասխան» հայ երաժշտի, թուրք ջութակահար Հաքան Շենսոնն էլ հնչեցրել է Խաչատրյանի ջութակի եւ նվագախմբի կոնցերտը։ Այնուհետեւ հայ եւ թուրք ջութակահարները կատարել են Բախի ռե մինոր կոնցերտը՝ գրված երկու ջութակի եւ նվագախմբի համար։ Հ. Ավդալյանի հավաստմամբ. «Տպավորություն կար, որ ամբողջ աշխարհն է հետաքրքրված այս համերգներով։ Դրանց ավարտին այնքան շատ լրագրողներ էին հավաքվել ու բազմաբնույթ հարցեր էին տալիս երկու ազգերի երաժիշտներին էլ, որ բոլորին հնարավոր չէր սպառիչ պատասխան տալ»։ Ջութակահարուհին հատկապես հիշեց CNN հեռուստաընկերության թղթակցի դիվանագիտական հարցը. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-թուրքական համերաշխությունը խորհրդանշող այս համերգը»։ Հայ ջութակահարուհին վերջինիս պատասխանել է. «Իմ ժողովուրդը շատ է տառապել եւ ուզում է հաշտ ու համերաշխ ապրել համայն աշխարհի հետ։ Այս համերգը չի կարող դիտվել իբրեւ երկխոսություն, դրա համար պետք է շատ հարցեր լուծվեն, շատ ջրեր հոսեն եւ մոտ չէ այն օրը, երբ իսկապես համերաշխության մեծ համերգ կկայանա»։ Հոբելյանական համերգներին ներկա են եղել Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Սամանդաղի գավառապետը, քաղաքապետը, այլ թուրք պաշտոնյաներ։ Հ. Ավդալյանը հավաստիացրեց, որ անձամբ թուրքերի կողմից (եւ լրագրողների, եւ պաշտոնյաների) իրեն քաղաքական բնույթի որեւէ հարց չի ուղղվել, փոխարենը շնորհավորանքների հետ հնչել են տարբեր մտքեր։ Օրինակ, «երաժշտությունն ունի ազգերին միացնելու հատկություն» կամ՝ «ֆաշիստական Գերմանիան այրել ու ավերել է երկրագնդի կեսը, տառապանքներ կրած ժողովուրդները, սակայն, դա չեն փաթաթել Գյոթեի, Շիլլերի եւ Բեթհովենի վզին»։ Ամեն դեպքում, ջութակահարուհին գոհ է Թուրքիայում ունեցած համերգից եւ այնտեղ խաչատրյանական երաժշտությունը հնչեցնելուց։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին. «Դրա համար կան քաղաքագետներ, պատմաբաններ, դիվանագետներ։ Թող նրանք բացեն մյուս փակագծերը։ Իմը արվեստն է ու երաժշտությունը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել