Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ»

Հոկտեմբեր 08,2003 00:00

«Այս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ» Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգում է Ռուբեն Գեւորգյանի՝ թաղապետ լինելու ժամանակ կատարած գործերը: Այսօր մեր աչքերը փակում ենք այնպիսի մի մարդկային տեսակի առաջ, որը 7 ամիս շարունակ վարձու մարդասպաններով մի սցենար է կազմակերպել Արցախում հերոսաբար զոհված Սամվել Գեւորգյանի երեք տղաների նկատմամբ եւ, ինչպես մեկնաբանեց Սամվելի եղբայրը՝ ազատամարտը իր ուսերին կրած Ռուբեն Գեւորգյանը. «Ըստ իր զարմիկի քմահաճության, որովհետեւ կյանքը նման տականքների համար քմահաճության դաշտ է, իսկ հայրենիքը՝ օրվա հաշիվների անկյուն»։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ նման տականքները մեր հայրենիքը դարձնեն հաշիվներ մաքրելու դաշտ։ Ռուբեն Գեւորգյանը վիրավորված, կարծես առյուծը վանդակի մեջ գոռգոռում էր. «Չեմ ուզում հավատալ, որ դա մեր մեծավորներն են, ինչպե՞ս կարող են ազատագրական արժեքներ կրող երկրի մեծավորները, որոնք նույնպես մասնակից են այս երկրի բարոյականության կերտմանը, նման բան թույլ տալ»։ Սակայն իմ այն հարցին, թե ինչո՞վ կբացատրեք Նուբարաշենի արյունալի դեպքերից հետո 6-րդ գլխավոր վարչության ոստիկանության կողմից գործ հարուցելը «հիմնադրամի» անօրինականության, այսինքն ձեր կողմից յուրացումների մասին, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Այո, ես ուղղակի ապշած եմ։ Ինչպես կարող էր մեր պետությունը այսքան ստորանալ։ Դեռեւս վիշտը իմ սրտում, հանկարծ տեղեկանում եմ, որ 6-րդ գլխավոր վարչության ոստիկանները սկսել են ստուգումներ 8 տարի առաջ Դավիթաշենի թաղապետի՝ իմ երեք տարվա գործունեությունը։ Իմ կողմից այս ստուգել միգուցե ընկալվեր սովորական մի բան, սակայն երբ հարցաքննում են հողերի աճուրդներին մասնակցած հարյուրավոր քաղաքացիների, ճնշում, որ նրանք սուտ ցուցմունքներ տան իմ անձի մասին, իբր թե ես «հիմնադրամից» յուրացումներ եմ կատարել, ինչպե՞ս կարող եմ ես այս ամենը չհամարել Գեւորգյանների քաղաքական հետապնդում։ Ավելին, կան այնպիսի անձնավորություններ, որոնք չգիտեմ ինչ կապ ունեն այս ամենի հետ, առանց ամաչելու նյութեր են տրամադրում, այն էլ այն պարագայում, երբ հենց իրենք են տասը կտոր հողի սեփականատեր դարձել՝ ներկայացնելով տասը տարբեր անձնագրեր։ Պարոն Համլետ Հովսեփյան, այժմյան Շիրակի տարածքի դատախազ, ամենայն պատասխանատվությամբ ձեզ հայտնում եմ, որ ես չեմ յուրացրել ձեր 5000 ԱՄՆ դոլար, ինչպես դուք եք ներկայացրել, այլ այս գումարը, որը ես մի կերպ պոկեցի քեզնից, գնացել է «հիմնադրամ» եւ ավելին, ես ունեմ փաստաթղթեր, թե ինչի վրա է ծախսվել այն։ Այո՛, ես հեռուն նայող մարդ եմ, կյանքի դաժան փորձերը ինձ դարձրին այսպիսին։ Բոլոր գումարները, որ ծախսվել է «հիմնադրամից», փաստաթղթերով ցույց եմ տվել եւ, ավելին, ծախսվել է այնպիսի գործերի համար, որոնք կանգուն են, որոնք մեր պետության կոթողներից են, մեր խոսող վկաները։ Վիրավորվում ես, երբ այդ «հիմնադրամը» ես փայփայել եմ, իմ ընտանիքի անդամներն անգամ իրենց ներդրումն են արել այդ մեծ գործին, հիմա ինձ կասկածում են յուրացման մեջ»։ Իմ այն հարցին, թե ինչո՞վ եք զբաղվում հիմա, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Նստում եմ իմ այս փոքր այգում ու մտածում, թե այս աշխարհն ինչո՞ւ է այսպես ծուռ»։ Պարոն Գեւորգյան, միգուցե փոշմանե՞լ եք, որ ճիշտ եք ապրել։ Նա վրդովված պատասխանեց. «Չէ, չեմ փոշմանել։ Այսօր, եթե ես չունեմ ոչ մի բիզնես, ոչ մի եկամտի աղբյուր, դա չի նշանակում, որ կուզենայի նմանվել այն տարրին, որ ողջ ազատագրականի ժամանակ թալանով ու գռփել-չռփելով է ճանապարհ անցել, որոնք պատերազմում անգամ հասու չեղան մերձավորի վշտին եւ, ավելին, միշտ ծաղրի են ենթարկում Արցախում զոհված տղերքին, հիմա պարծենում են իրենց կեղտոտ «կանաչներով» եւ այդ փողերով առնում պետական որոշ պաշտոնյաների եւ այդ զիբիլներով դիրք, անուն ձեռք բերում հասարակության մեջ։ Բայց մեր ազգը ավելի բարձր է այդ մոլախոտերից, նա գիտակցում է, որ թաղային հեղինակություն ունեցած, «բեզպրեդել» կարգախոսով ապրող թափթփուկները չեն կարող հեղինակություն վայելող մարդկանց մեջ։ Չէ, ես չեմ փոշմանել իմ ապրած ճիշտ կյանքից։ Ավելի լավ է մաքուր աչքերով, առանց վախի նայեմ ժողովրդիս աչքերին, քան նորօրյա «թուրքերի» նման ջիփերով, մերսեդեսներով, թիկնազորի ծածկանվան տակ զինված շարասյունով պտտվեմ ու վախենամ մարդկանց աչքերին նայելուց»։ ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Նյութի հեղինակը «Առավոտի» աշխատակից չէ, ինչով եւ բացատրվում են տեքստի ոճական առանձնահատկությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել