ՀԱՅԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ Քաղաքական ուժերն արձագանքում են՝ Մոսկվայում հայերի համախմբմանը Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին համահայկական համագումարի անցկացումը որոշ քաղաքագետներ դիտարկում են իբրեւ մեր երկրի նկատմամբ «ոչ լուրջ վերաբերմունք», քանզի, նրանց կարծիքով, հայերին համախմբելու ցանկացած փորձ պետք է արվի Հայաստանի Հանրապետություն պետությունում։ Իսկ մյուս կողմից, սա ընկալվում է որպես Ռուսաստանի՝ աշխարհի հետ հարաբերվելու ձեւ, որը՝ կատարելագործման արդյունքում, չի բացառվում, որ վերածվի հայերի ձեռքերով շագանակներ հանելու նկրտումների։ Հայաստանյան քաղաքական ուժերը նույնպես միանշանակ չեն ընդունում սույն միջոցառումը։ Ասենք, ՀՌԱԿ համանախագահներից կազմված պատվիրակությունը իր մասնակցությամբ շուք հաղորդեց հիմնադիր համագումարին՝ այդ կերպ արտահայտելով կուսակցական դիրքորոշումը։ Նորացված կոմունիստների առաջնորդ Յուրա Մանուկյանը ողջունում է ձեռնարկը. «Մանավանդ որ, դա Ռուսաստանի նման հզոր պետությունում է, մանավանդ որ, այդ պետության ղեկավարը 300 տարվա վաղեմության փաստ է հրապարակում»։ Դա պարոն Մանուկյանի համար լրացուցիչ առիթ է հայ-ռուսական դարավոր բարեկամության փաստը նշելու եւ մեկ անգամ եւս հպարտորեն արձանագրելու՝ «Ինչքան էլ չցանկանաք, ռուսական ներկայությունը Հայաստանում՝ դա մեր ժողովրդի արյան մեջ է։ Իսկ երկու երկրների նախագահների ներկայությունը խոսում է պատմական նշանակության միջոցառման մասին»։ Միաբանման այս, ինչպես թիվ 1 նորացված կոմունիստն է համարում, «հրաշալի փորձը», ըստ նրա՝ Հայաստանում պետք է լիներ, բայց՝ «նման դեպքերում, երբ պաշտոնական տվյալներով 2,5 միլիոն հայ է ապրում ՌԴ-ում՝ ողջունելի է»։ Մեզ հետ զրույցում պրն Մանուկյանը նաեւ վստահեցրեց, որ եթե այդ հավաքը լիներ, ասենք, ԱՄՆ-ում, իրենք նույնպես չէին ընդդիմանա։ Բայց վերապահումով կվերաբերվեին, քանզի «ԱՄՆ-ը հեռու է, պատվիրակներն իրենց ծախսով են գնացել»։ Նաեւ՝ «որտեղ հայկական գաղութը մեծ է, այնտեղ էլ պիտի լիներ»,- ասելիքն ամփոփեց Յու. Մանուկյանը։ Ավանդական կոմունիստներն, ի դեմս Ռուբեն Թովմասյանի, իհարկե նախնական կարծիք ունեն, բայց, հավանաբար, ելնելով շրջահայեցության նկատառումներից, գերադասեցին այն արտահայտել «արձագանքները լսելուց հետո»։ Ազգայնական ճակատներից մեկը ներկայացնող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ողջունում է ու միաժամանակ էլ ցավում, որ հայերը հայրենիքից դուրս են միավորվում։ Դրա համար, սակայն, մեր զրուցակցի կարծիքով, թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ կան։ Նախ, ըստ Գ. Մարգարյանի՝ «հիմնավորել 2,5 մլն հայ բնակչության առկայությամբ՝ ընդունելի չէ։ Անկախ ամեն ինչից, մենք պետություն ենք։ Իսկ դա խոսում է այն մասին, որ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ ժողովուրդը փախչի հայրենիքից։ Դա գովելի չէ»։ Իսկ մյուս կողմից, Գ. Մարգարյանի կարծիքով՝ «52 երկրներից մեր հայրենակիցները, եթե գային ու այցելեին շրջաններ, այդ թշվառությունը տեսնեին՝ կապացուցվեր, որ Հայաստանում իշխանություն չկա»։ Ռուսաստանի հետ այդպիսի «ֆորմատով» հարաբերությունները Գ. Մարգարյանը մերժում է։ Նաեւ՝ «նման բաները միշտ ՀՅԴ-ն էր անում, բայց հիմա նրանք իշխանություն են՝ իր բոլոր հետեւանքներով, դրա համար հիմա Արա Աբրահամյաններն են անում»։ ԱԻՄ փոխնախագահ Հակոբ Յումեսշադյանը այսօրվա Ռուսաստանին չի համարում այն երկիրը, որին կարելի է գործընկեր դիտել։ Նաեւ՝ «Համաշխարհային այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկար։ Հայերը օտար ափերում չպիտի համախմբվեն։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այս կամ այն պատճառով Սփյուռքում հայտնված մեր հայրենակիցները վերադառնան, ոչ թե հայրենակցական միությունների մեջ ամրապնդվեն դրսում»։ «Ուժեղ պետություն դառնալու համար, կենտրոնը պիտի լինի Հայաստանը»,- այսօրինակ կարծիք արտահայտեցին նաեւ «Ազգային համաձայնության» առաջնորդ Արամ Հարությունյանը եւ Արամ Կարապետյանի համախոհները՝ «Նոր Հայաստան» անվան տակ համախմբված։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ