Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի վերադառնան իրենց տները

Հոկտեմբեր 08,2003 00:00

Պիտի վերադառնան իրենց տները Հայաստանում ապրում է մոտ 1717218 հազար «ներքին տեղահանված անձ» 1992-94 թթ. Հայաստանի սահմանամերձ տարածքների ռմբակոծման հետեւանքով իրենց բնակավայրերը լքեցին հազարավոր մարդիկ: Միջազգային տերմինոլոգիայով՝ մարդիկ, ովքեր պատերազմական, էկոլոգիական, տեխնածին աղետների կամ նմանատիպ այլ պատճառներով լքել են իրենց մշտական բնակության վայրերը եւ տեղափոխվել ավելի ապահով վայրեր տվյալ երկրի տարածքում, կոչվում են ներքին տեղահանված անձինք: Ի տարբերություն փախստականների, նրանք սահման չեն հատում: Մեզ մոտ տեղահանվածները Ադրբեջանի նման չեն տեղավորվել հատուկ առանձնացված կոմունալ կենտրոններում կամ վրանային քաղաքներում, այլ ցրվել են ողջ հանրապետությունով մեկ։ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը պատմում է, որ 1999-ի վերջին վարչության ստեղծումից հետո իր ձեռքն է ընկել Ադրբեջանի կողմից մշակված եւ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի ծրագիր: «Հետբախումային վերականգնում» կոչվող ծրագրով նախատեսվում էր Ադրբեջանի որոշակի տարածքները լքած բնակիչներին վերադարձնել բնակության նախկին վայրեր եւ պայմաններ ստեղծել, որ նրանք այնտեղ ամրագրվեն: Այս ծրագիրը Հայաստանի պաշտոնյաներին հուշել է, որ կարելի է մեզ մոտ էլ նմանատիպ խնդրով զբաղվել: Առավել եւս, որ ծրագիրը մարդասիրական է եւ չի առնչվում ոչ բուն կոնֆլիկտին, ոչ էլ հաղթող-պարտվող հարաբերություններին: Գ. Եգանյանը պարզաբանեց, որ բացի տեղահանվածների վերադարձից, պետք է լուծվեն նաեւ այլ ոլորտների խնդիրներ՝ գյուղատնտեսությունից սկսած մինչեւ առողջապահություն: Այդ ոլորտներից յուրաքանչյուրի մասին արդեն իսկ կային տեղեկություններ, թե վնասներն ինչքան են եղել՝ 580 կմ ոռոգման ցանց, մոտավորապես 11 հազար շենք ու բնակարան եւ այլն: Հանրապետության հինգ մարզերի շուրջ 185 բնակավայրերի տեղահանվածների նախնական թիվը 72 հազար է: 2000թ. վերջերին կառավարության կողմից հավանության արժանացած եւ նախնական հաշվարկներով 82 մլն դոլար գնահատված այս ծրագրի մշակման գործընթացը համընկել է ներքին տեղահանված անձանց գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆրենսիս Դենքի՝ Հայաստան երկօրյա այցի հետ: Լինելով տեղերում, իր աչքով տեսնելով ավերածությունները եւ բնակչության կենսական պայմանները, վերադարձից հետո Ֆ. Դենքի զեկույցը 2001 թվին քննության է առնվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջանում, որտեղ երաշխավորություններ են ընդունվել այդ ծրագրի առնչությամբ: Տեղահանվածների քանակի, նրանց բնակության վայրի, վերադառնալու մտադրության, ավերածությունների, դրանց վերականգնման անհրաժեշտ ծավալների շուրջ նոր, առավել թարմ տվյալներ հավաքելու մասին երաշխավորությունը կատարելու համար միգրացիայի վարչությունը մի այլ՝ գնահատող ծրագիր է մշակել, որը ֆինանսավորում է փախստականների նորվեգական խորհուրդը: Ի վերջո, հաշվառվել է 67 հազար ընտանիք, որից, ելնելով ՄԱԿ-ի չափանիշներից, 17-18 հազար անձը կարող է համարվել ներքին տեղահանված: Այժմ սկսվել է երկրորդ փուլը, որի նպատակն է պարզել վերադարձի առնչությամբ նրանց մտադրությունները եւ ո՞ր պայմանների դեպքում նրանք պատրաստ են վերադառնալ: Հարցազրույցների անցկացման գործընթացն արդեն սկսվել է: Վարչության պետից տեղեկացանք, որ այս 18 հազարից շուրջ երկու հազարի՝ հիմնականում Երեւան տեղափոխվածների հասցեները ճշտված չեն: Փաստորեն, վարչությունն այսօր խնդիր ունի այդ 2-2.5 հազարին տարբեր ճանապարհներով իրազեկելու ծրագրի մասին: Հայտարարության տեքստը տպագրվում է թերթերում, եթեր է հեռարձակվում հեռուստատեսությամբ: Երկրորդ փուլը կավարտվի հունվար-փետրվարին եւ վերջնական արդյունքները պատրաստ կլինեն մարտին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել