«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՇՈՒԿԱՆ «ԱրմենՏելն» այս օրերին հայաստանյան մամուլում նոր գովազդային ակցիա է սկսել, որով խոստանում է նոյեմբերի վերջից 20 հազար նոր բջջային քարտ միացնել ցանցին: Հետո եւս 100 հազար, հետո եւս այդքան: Այդ խոստումն արդեն իսկ բջջային հեռախոսի բաժանորդների դժգոհության առիթ է հանդիսացել: Մտավախություն կա, թե էլ ավելի կվատանա կապի որակը: Իսկ մեկնաբանների մի մասը «ԱրմենՏելի» այս ակցիան գնահատում է որպես Լոնդոնի արբիտրին դիմելու նախապատրաստություն: Սակայն առավել տրամաբանական է մյուս տեսակետը, որ սույնով ընկերությունը փորձում է փակել շուկան, սպառել պահանջարկը: Անել այնպես, որ նոր օպերատորի պոտենցիալ հաճախորդների թիվը հասցվի նվազագույնի: Վերջապես, որոշակի սահմանից քիչ պահանջարկ ունենալու դեպքում շուկա մտնելու նպատակահարմարությունը կորչում է: Իրոք, ինչպես հայտնել է կառավարությունը, նոր օպերատորի փաստացի կամ նկատելի մուտքը 8-9 ամսից շուտ ակնկալելը ռեալ չէ: Նկատենք, որ «ԱրմենՏելը» մոտավորապես այդ ժամանակ էլ կհասցնի եւս 100-120 հազար բաժանորդի հարց լուծել: Ընթացքի մեջ կլինի մյուս 100 հազարի հարցը: Իսկ մեր շուկան, կամ, այլ կերպ ասած, բջջային կապից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքացիների թիվն անսպառ չէ: Սեփական բիզնեսը պաշտպանելու ռազմավարության տեսանկյունից սա, անշուշտ, խելամիտ քայլ է, բայց չի կարելի վստահաբար պնդել, թե «ԱրմենՏելի» հայտարարած ներդրումներն իրենց կարդարացնեն: Իսկ փաստարկելու համար, որ այս քայլը Լոնդոնի արբիտրին դիմելու հետ կապ չունի, «ԱրմենՏելից» հայտնեցին, որ սա ծրագրվել էր դեռեւս բաց ժողովից առաջ, օգոստոսին կայացած տնօրենների խորհրդի նիստում, որին, ի դեպ, ըստ «ԱրմենՏելի», մասնակցել է նաեւ կառավարության ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, օգոստոսին «ԱրմենՏելն» արդեն տեղյակ էր, որ բաց ժողով է հրավիրվել, եւ տեղեկացված էր նաեւ մեղադրանքներին: Իսկ հարցին, թե այս ներդրումները կատարելու արդյունքում «ԱրմենՏելը» զիջումներ կարո՞ղ է ակնկալել, արդարադատության նախարարությունից բացասական պատասխան տվեցին՝ հիմնավորելով, որ ընկերության կողմից պարտականությունները կատարելը չեն դիտարկում որպես բարեգործություն: Մեր տեղեկություններով, OTE-ն, ինչպես եւ սպասվում էր, ջղաձգորեն է ընդունել հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում նոր ընկերություններից ստացված առաջարկների վերաբերյալ հայտարարությունները: Մեր աղբյուրի հաղորդմամբ, OTE-ն պաշտոնական գրությամբ դիմել է նման այն ընկերություններից առնվազն մեկին, որի անունը նույնպես շոշափվում է որպես մեր ցանցի հնարավոր օպերատոր եւ հարցրել, թե արդյոք այդ ընկերությունը հնարավորություններ է շոշափում շուկա մուտք գործելու համար: Պատասխանը եղել է բացասական: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ