Ռուշայլոն ականջիդ ի՞նչ ասաց Բաքվում դեռ չէին հասցրել կարգին տխրել Հայերի համաշխարհային կազմակերպության մոսկովյան համագումարից եւ դրանում Պուտինի անձնական մասնակցության փաստից, երբ Մոսկվան այս անգամ էլ ադրբեջանցիներին գուրգուրելու պատրվակ գտավ, թեեւ հայտնի չէ. արդյո՞ք Պետրոս I-ը ժամանակին նման հրահանգ տվել է: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի՝ Ադրբեջան կատարելիք այցի մասին դիվանագիտական շրջանակներում վաղուց էին խոսում, սակայն, միջպետական հարաբերություններում, ինչպես հայտնի է, հաճախ ավելի կարեւոր է դիտվում ոչ թե «ինչու այցելել», այլ «երբ այցելել» հարցադրումը: Ըստ ամենայնի, սա հենց այդ դեպքերից մեկն է. նախ, Ադրբեջանում վերջապես հստակություն է մտել Ալիեւ-թեկնածուների հարցում, եւ ապա՝ ինչպես արդեն նշվեց, այդպիսով օպերատիվորեն մեղմվում է հայերի վերոհիշյալ միջոցառման հարուցած դժգոհությունը: Ուստի պատահական չէ, որ ՌԴ ԱԽ քարտուղարը Բաքու մեկնեց հենց երեկ: Հարցը, թե եռօրյա այցի ընթացքում ինչ հանդիպումներ է ունեցել եւ ունենալու Ռուշայլոն ու ինչ խնդիրներ են քննարկվելու դրանց ժամանակ, ինքնին հռետորական է: Վերջինս արդեն իսկ ստանդարտ պարզաբանումներ է տվել իր առաքելության մասին. տարածաշրջանային եւ միջազգային կայունության հետ կապված խնդիրներ, ահաբեկչությանը, կազմակերպված հանցավորությանը, թմրադեղերի տրաֆիկին, սահմանապահ համագործակցությանն առնչվող հարցեր: Սակայն ակնհայտ է, որ թմրանյութերի եւ ահաբեկչության թեմաներով խոսակցությունների «ընդմիջումներին» Ռուշայլոն անպայման փորձելու է նոր երաշխիքներ ստանալ ժամանակին Հեյդար Ալիեւի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակականության հարցում, այս անգամ արդեն իշխանական (հետեւաբար՝ անցողիկ) նոր թեկնածուից: «Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքական կուրսի հաջորդականության մեջ»,-մեղմ ասած՝ ռուսաստանյան ոչ փափկանկատ ոճին հարազատ, հայտարարել է Ռուշայլոն, այդպիսով հասկացնել տալով, որ Մոսկվայի համար Իլհամը հենց այն է, ինչ պետք է: «Ռուշայլոյի այցը Բաքու այլ բան չէ, քան Ռուսաստանի կողմից Իլհամ Ալիեւի թեկնածությունը պաշտպանելու ցուցադրություն: Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա պարզ է, որ դրանք կարող էին քննարկվել նախագահական ընտրություններից հետո միայն, այլ ոչ հիմա»,- «ՆԳ»-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանական հայտնի վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն: Միեւնույն ժամանակ, Բաքվի դիտորդները նկատում են, որ ստացված երաշխիքների դիմաց Ռուսաստանը եւս, իր հերթին, պետք է ինչ որ բան խոստանա Ադրբեջանի պոտենցիալ նախագահին: Դժվար չէ ենթադրելը, որ այդ խոստումը, մասնավորապես, վերաբերելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կամ ավելի ճիշտ, դրա՝ որոշակի եղանակով կարգավորմանը: Թերեւս, հասունանում է Հայերի համաշխարհային կազմակերպության երկրորդ համագումարի անցկացման անհրաժեշտությունը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ