Լրահոս
Օրվա լրահոսը

Լքված թաղապետը

Հոկտեմբեր 08,2003 00:00

Լքված թաղապետը Մհեր Սեդրակյանով ոչ ոք չի հետաքրքրվում Դեռ ՀՀ նախագահի ընտրությունների ամենավաղ փուլում նախագահական նստավայրի պատերից մի պատմություն էր դուրս սպրդել ու բերանից-բերան էր անցնում: Խոսքն Ամանորի օրերին տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ, մասնավորապես, նաեւ թաղապետերի մասնակցությամբ տեղի ունեցած մի հանդիպման մասին էր, որտեղ Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը ներկայացնելով ընտրություններից առաջ համայնքում տիրող ընդհանուր մթնոլորտը՝ նախարարին տեղյակ էր պահել, թե ընտրությունները կազմակերպելու եւ Ռոբերտ Քոչարյանի վերընտրությունն ապահովելու առումով ֆինանսական պրոբլեմներ չկան: Անհեռատես թաղապետը միաժամանակ հավելել էր, թե միակ մեծ խնդիրը մարդիկ են, այսինքն՝ Ռ.Քոչարյանին ձայն տալու պատրաստակամություն ունեցող ընտրողների խիստ դեֆիցիտը: Մ.Սեդրակյանի այս «փոքրիկ» վերապահումը, մեր ունեցած տեղեկություններով, հասել էր Ռոբերտ Քոչարյանին, որն իր հերթին իր մոտ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չէր մոռացել թաղապետի երեսով տալ: Թե այդ դիպվածը հետագայում որքանով էր ազդել Մհեր Սեդրակյանին խոստացված պաշտոնում՝ հարկային ծառայության պետ, չնշանակելու հարցում՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ ընտրություններից կես տարի անց էլ նա շարունակում է մնալ ընդամենը թաղապետ: Հուլիսի 22-ին նրա դեմ կատարված եւ տակավին չբացահայտված մահափորձից ի վեր Մհեր Սեդրակյանը, նրա շրջապատի մարդկանց կարծիքով, հայտնվել է ինքնամեկուսացման մեջ: Մեր աղբյուրների վկայությամբ, ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ բարձրաստիճան բազմաթիվ մեծ ու միջին պաշտոնյաներ, ովքեր իրենց պարտքն էին համարել «դուխ տալ» Մհեր Սեդրակյանին, այսօր նրա առողջությամբ անգամ չեն հետաքրքրվում, թերեւս, այն պատճառով, որ հիմա ընտրություններ չկան եւ թաղապետից այլեւս կախում չունեն: Մ.Սեդրակյանը անհետաքրքիր է դարձել նույնիսկ իր կուսակիցների՝ ՀՀԿ-ի համար: Վերջին անգամ նրանց՝ պատգամավորախառն տեսել են Էրեբունի հիվանդանոցում՝ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Մ.Սեդրակյանի շրջապատի վկայությամբ, ի շխանությունները նույնիսկ նրա դեմ կատարված մահափորձից հետո թաղապետի անվտանգության նվազագույն միջոցառումներ չեն ձեռնարկվել այն դեպքում, երբ տակավին ի հայտ բերված չեն այն անձինք, ովքեր մի անգամ արդեն նրան սպանելու անհաջող փորձ են արել: Ըստ մեր աղբյուրների, այդ խնդիրը կամավոր սկզբունքով ստանձնել են թաղապետի բարեկամ-մտերիմները, թեեւ հարկ է ասել, որ Մ.Սեդրակյանն ինքն էլ առանձնապես ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Փոխարենը նրա շրջապատում սկսել են ավելի հաճախ խոսել այն վարկածի մասին, ըստ որի, նրա դեմ կատարված ոտնձգության հեղինակները հենց իշխանական ինչ-որ թեւի ներկայացուցիչներն են: Մարդիկ իրենց իրավունք են վերապահում տարբեր վարկածներ առաջադրել, քննարկել հիմնականում այն պատճառով, որ, ինչպես նրանցից մի քանիսը մեր զրույցի ժամանակ ասացին, իշխանությունները չեն էլ փորձում ձեւացնել, թե հետամուտ են այդ մահափորձի բացահայտմանը: Նրանց կարծիքով, այդ ուղղությամբ գոնե նշմարվող քայլեր չեն կատարվում եւ չի բացառվում, որ այդ հանցագործությունը, համալրի չբացահայտված գործերի թիվը: Ինքը, Մ.Սեդրակյանը, նրա շրջապատի վկայությամբ, նաեւ մեր փորձից ելնելով, կտրականապես հրաժարվում է լրագրողների հետ շփման մեջ մտնել: «Ի՞նչ ասի»,- այդպես են արդարացնում նրա այդ որոշումը թաղապետի շրջապատում: Այս մասին գրելով մենք բնավ նպատակ չունենք Մ.Սեդրակյանի նկատմամբ խղճահարություն կամ ներողամտության զգացում արթնացնել: Ստեղծված իրավիճակը մեզ ուղղակի շատ ուսուցողական թվաց: Հուսով ենք այս ու այլ նմանատիպ դեպքեր նկատի առնելով, մեզանում մարդիկ պակաս պատրաստակամություն կդրսեւորեն, ՀՀ նախագահին եւ ընդհանրապես ՀՀ իշխանություններին արջի ծառայություն մատուցելիս: Վկան 98-ի, 2003-ի ընտրությունները կեղծողների նկատմամբ այսօր առկա ոտնձգություններն են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել