ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԱԺ-ն երեկ քննարկեց «Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրինագիծը, որի անհրաժեշտության մասին ժամանակին այնքա՜ն էր խոսել ՀԺԱՄ ներկայիս առաջնորդը, որ ստացել էր «Զամբյուղ Սեյրան» մականունը: Սեյրան Ավագյանի այս իղձի երեւութականացմանը նպաստեցին հենց այն ուժերը, որոնք եւ չցանկացան ՀԺԱՄ-ին մի կես տոկոս քվեներ նվիրել, որ այն եւս հայտնվի խորհրդարանում: Վաղուց ի վեր ԱԺ օրակարգում անշարժացած «Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրինագծին կենդանության շունչ հաղորդեցին դաշնակցային կուսակցությունները, որոնց ներկայացուցիչներ Լեւոն Մկրտչյանը, Սամվել Բալասանյանը եւ Գալուստ Սահակյանը ստորագրել էին նախագծի ներքո: Սա երաշխիք է, որ օրինագիծն այսօր կընդունվի 1-ին ընթերցմամբ: Օրենքի նախագիծն իր բովանդակությամբ հիշեցնում է հեռանկարային աշխատանքային պլան, մտադրությունների ծրագիր: Միայն սահմանվում են սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի գաղափարները: Ըստ նախագծի՝ «Սպառողական զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում է օրենքով»: Իսկ կենսապահովման նվազագույն բյուջեի չափը պիտի հաշվարկվի առնվազն տարին 1 անգամ՝ «նվազագույն սպառողական զանբյուղի կազմում ներառված պարենային եւ ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա»: Եվ հետո՝ կենսապահովման այդ բյուջեն պիտի հիմք համարվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստների չափերը սահմանելիս: ԱԺ ընդդիմությունն այս նախաձեռնությունն անմիջապես անվանեց «օրենք օրենքի մասին»: Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց, որ հենց այս օրենքով սահմանվի սպառողական նվազագույն զամբյուղի կազմը: Սակայն նախագիծը ներկայացնողը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ի պատասխան ակնարկեց, թե նման սահմանումը կարող է կառավարության հետ վիճաբանությունների տեղիք տալ եւ հիմք չլինի անգամ 1-ից 2-րդ ընթերցման անցնելու: Իսկ սոցապ նախարար Աղվան Վարդանյանը հեգնեց, թե խնդիրները չեն լուծվի, եթե լոբու, բրնձի եւ մսի քանակությունը մտցվի օրենք: Այսքանը բավական էր, որ «Արդարության» գործիչները հայտարարեին, թե այս օրինագիծն էլ, ավանդների վերադարձման հանձնաժողովի պես, հերթական խաբեություն է: Արամ Գ. Սարգսյանը հոռետես էր, թե այս օրենքը կգործի, եթե դրա հետ միասին «չընդունվի նաեւ այն օրենքը, որի մասին խոսվում է այս օրենքում»: Արշակ Սադոյանը նշեց. «Նման պրիմիտիվագույն օրենքը ներկայացվում է իբրեւ մեծ աշխատանքի արդյունք»: Մինչդեռ հենց այդպես էլ վարվում էին կոալիցիայի գործիչները: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը հայտարարեց, թե սա հեղափոխական քայլ է սոցիալական քաղաքականության մեջ: Իսկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ազդարարեց, թե այս օրինագիծը կոալիցիայի հուշագրի այն դրույթի իրականացումն է, թե «կառավարության տնտեսական քաղաքականությունը պետք է ունենա ընդգծված սոցիալական ուղղվածություն»: Նշենք նաեւ, որ «Արդարության» անունից Վիկտոր Դալլաքյանն առաջարկներ արեց, որոնց ընդունմամբ էլ պայմանավորեց խմբակցության դիրքորոշումը: Դրանցից մեկն այն է, թե կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ արժեքը պիտի որոշվի «միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալական համապատասխան նորմատիվների հիման վրա»: Մյուսը, թե այդ զամբյուղում կառավարությունը պիտի ներառի նաեւ ապրանքների եւ վճարովի ծառայությունների տեսականին: Եւ ամենակարեւորը, թե կառավարությունը կենսապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատելուց բացի՝ այն պիտի արտացոլի նաեւ տվյալ տարվա պետբյուջեում. «Այո՛, եթե ԱԺ-ն օրենքով չափ կսահմանի, եւ տվյալ կառավարությունը չի կարողանա կատարել այն, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա»: Օրինագիծը ներկայացնող Լեւոն Մկրտչյանը նշեց, թե սկզբունքորեն ընդունելի առաջարկներ են: Որպես վերջաբան՝ մեջբերենք այն տվյալները, որ իր ելույթում թվարկեց պրն Դալլաքյանը: Հայաստանում աղքատության գիծն ամսական 12019 դրամ վաստակն է, սակայն ՄԱԿ-ի սահմանմամբ՝ չքավորներ են նրանք, ովքեր ունեն օրական 1 դոլարից պակաս եկամուտ, իսկ աղքատ՝ ամեն օր 2 դոլարից պակաս վաստակողները. «Այս չափանիշն իշխանությունները չեն ընդունում, որը միանգամայն հասկանալի է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինեին հայտարարել, թե աղքատ է Հայաստանի բնակչության ոչ միայն 50, այլ 80 տոկոսը»: «Արդարություն» խմբակցության քարտուղարը մեջբերեց նաեւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանի բնակչության ավելի քան 1,5 միլիոնի սննդի 70 տոկոսից ավելին կազմում են հացն ու կարտոֆիլը: Բնակչության 73 տոկոսն օրական ստանում է միջազգային չափանիշներով սահմանված 2100 կիլոկալորիայից պակաս սնունդ: «Սրանք աղքատության ամենախայտառակ ցուցանիշներից են,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:- Եվ սա՛ է մեր երկրի իրական պատկերը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ