Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՈՀ՝ ՍԵՐԳՈՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբեր 07,2003 00:00

ԳՐՈՀ՝ ՍԵՐԳՈՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Այսօրվանից հայ ազգայնական ճակատը՝ ի դեմս Հայաստանի ազգայնական եւ «Մեկաս» կուսակցությունների ու Երիտասարդական ռազմահայրենասիրական միության, «գրոհ»-ների շարք է սկսելու կրթության նախարարության վրա։ «Լավ է ուշ, քան՝ երբեք» սկզբունքով ազգայնականների գրոհը կշարունակվի այնքան, մինչեւ նախարարն իրենց հետ, ինչպես երեկ հրավիրած մամլո ասուլիսում արտահայտվեց «Մեկաս» կուսակցության նախագահ Գոռ Թամազյանը՝ «երկխոսություն ունենա»։ Մնացածը՝ կախված կլինի նախարարի պատասխանից։ Իսկ ակնկալվող երկխոսության թեման դպրոցների օպտիմալացման ծրագիրն է լինելու։ Ազգայնական Գոռի խորին համոզմամբ, այդ ծրագրի «ստվերում հակաազգայնական քաղաքականությունն է թաքնված, որի արդյունքում խարխլվում է մեր սերունդների հոգեւոր ապագան»։ Երիտասարդ ազգայնականները «վճռական «ո՛չ»-ով» իրենց ձեռքն են մեկնում նաեւ «խարխլվող մտավորականությանը՝ հանձին մեր մանկավարժների»։ Հայաստանի ազգայնական կուսակցության առաջնորդ, հանրահայտ ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին մտահոգում են 9-րդ եւ 10-րդ դասարանների պատմության դասագրքերը. «Հաստափոր գրքի մեջ մի քանի էջ է նվիրված հայոց պատմությանը, այն էլ՝ թռուցիկ»։ Ազգայնական առաջնորդը նաեւ խորապես համոզված է, որ «մեր ղեկավարները չգիտեն դրա մասին»։ Պարոն Գեւորգյանցը նաեւ, որոշ չափով, արդարացնում է կրթության նախարարությանը՝ «նախարարությունն ուղղակի կատարող է», մեր ազգի չուզողները միջազգային վարկատու կազմակերպություններն են, որոնք, Գեւորգյանցի բացահայտմամբ՝ «պահանջներ են դնում»։ «Մենք իրավունք չունենք կոսմոպոլիտ սերունդ աճեցնելու»,- խոսքն ավարտեց Գեւորգյանցը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Հիշեցնենք, որ վերջերս պրն Գեւորգյանցը հանրությանն էր ներկայացրել «Քարերը հավաքելու ժամանակը» ֆիլմը, որում, պաշտոնական քարոզչությանը համահունչ, քարեր էր շպրտում «նախկինների» ուղղությամբ։ Բայց պրն Գեւորգյանցի առաջ, բնականաբար, ոչ ոք «պահանջներ չէր դնում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել