ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԵԳԻՐ Ֆրանսիայի Կրետեյլ քաղաքում ավարտվեց հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի 48-րդ առաջնությունը։ Հայաստանի ըմբիշներն առաջին օրերին նվաճած երկու ուղեգրերին նորերն ավելացնել չկարողացան։ Սակայն աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալստյանը 66 կգ քաշային կարգում դարձավ չորրորդը։ Թե այդ ճանապարհին Վաղինակից նյարդերի ինչպիսի քայքայում պահանջվեց, ներկայացրել ենք «Առավոտի» շաբաթ օրվա համարում։ Նա հարկադրված էր պայքարել միանգամից մի քանի ճակատով։ Սկզբում՝ մարզական կեղծիքների դեմ, հետո՝ մրցակիցների ու կողմնակալ, անարդար մրցավարության։ Բավականին ջանքեր գործադրվեցին նաեւ մեր պատվիրակությունից, մինչեւ կազմակերպիչներին եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) ղեկավարությանը կարողացան ապացուցել իրենց պահանջների ճշմարտացիությունը։ Համաձայնենք, որ նման պայմաններում հավաքվել ու տրամադրվել հերթական գոտեմարտին, հեշտ չէ։ Այնպես որ, Վաղինակ Գալստյանի նվաճած բրոնզե մեդալն ավելի քան արժեքավոր է։ Բարեբախտաբար, առանց քաշքշուկների պայքարի մեջ ներգրավվեց 120 կգ քաշային Հայկազ Գալստյանը։ Նա խմբային պայքարում տարավ երկու հաղթանակ, որը միանգամայն բավարար էր առաջին տասնյակ մտնելու համար։ Եվ Հայկազը 9-րդ տեղով նույնպես Հայաստանին օլիմպիական ուղեգիր բերեց։ Կիրակի օրը, երբ առաջնությունը դեռ չէր ավարտվել, զանգահարեցինք Ֆրանսիա՝ տեղեկանալու, թե վերջնահաշվարկով մեր մյուս ըմբիշներն ի՞նչ տեղեր են զբաղեցրել եւ գո՞հ են, արդյոք, հավաքականի մարզիչները տղաների ընդհանուր մրցելույթներից։ – Մենք կարող էինք ավելի շատ ուղեգրեր նվաճել,- ասաց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։- Բայց չստացվեց։ Պատճառները տարբեր են։ Օրինակ, 55 կգ Ռոման Ամոյանը ձախողվեց մրցափորձի եւ ավելորդ հուզմունքի պատճառով, որն էլ նրա համար ճակատագրական եղավ։ Կարեն Մնացականյանի սխալը տակտիկական էր։ Նա հաղթում էր 3։0 հաշվով։ Ու երբ մենամարտին մնում էր մեկ րոպեից էլ պակաս ժամանակ, նա պասիվության համար նկատողություն չստանալու նպատակով չկարողացավ պահպանել առավելությունը, ընդառաջ գնաց մրցակցին ու պարտվեց։ Մովսես Կարապետյանի, Լեւոն եւ Արման Գեղամյանների խմբերում հավասար ուժի տեր մրցակիցներ էին բաժին ընկել։ Ճիշտ է, նրանք չմտան բաղձալի տասնյակ, բայց բավականին լուրջ ճակատամարտ տվեցին, նայած, թե մրցակիցներն ինչպես հանդես կգային միմյանց դեմ՝ ով ում կհաղթեր եւ ինչ հաշվով։ Իսկ ընդհանուր առմամբ մեր թիմը բավականին լավն է ու հնարավորություններով, ներուժով ոչ ոքի չի զիջում։ Պարզապես որոշ բաներ պետք է շտկել՝ հաշվի առնելով աշխարհի առաջնության դասերը։ Առջեւում վարկանիշային էլի մրցաշարեր կան։ Ժամանակը, կարծում եմ, կբավականացնի անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։ Եվ հույս ունենք, որ դեռ օլիմպիական ուղեգրերի հարցը օրակարգում է։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ