Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանազն» ընդդեմ «Կանազի»

Հոկտեմբեր 07,2003 00:00

«Կանազն» ընդդեմ «Կանազի» «Կանազ» ԲԲԸ-ի լուծարման գործընթացի պատճառով սեպտեմբերի 10-ից «Կանազ» մշակույթի եւ կրթության կենտրոնի աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ինչի մասին տեղեկացվել են հետին թվով՝ սեպտեմբերի 28-ին։ Սեպտեմբերի 17-ին կոլեկտիվն արդեն նամակով դիմել էր ՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությանն ու լուծարային հանձնաժողովին, խնդրելով հաշվի առնել կենտրոնի աշխատակիցների կարծիքը եւ հանձնաժողովի կազմում ներառել նաեւ մշակույթի կենտրոնի աշխատակիցների։ Չնայած սեպտեմբերի 10-ի գույժին, մինչ օրս շարունակվում են պարապմունքները կենտրոնի 47 խմբերում ու ստուդիաներում։ Այստեղ ընդգրկված է շուրջ 400 երեխա, իսկ կենտրոնի 72 աշխատակիցներից 45-ը բարձրակարգ մասնագետներ են, այդ թվում՝ մշակույթի եւ կրթության վաստակավոր գործիչներ։ Կառավարության անցյալ տարվա որոշումներից մեկով է «Կանազ» ԲԲԸ-ն լուծարվում։ Ընկերությունը պետք է օտարի իր հաշվեկշռում եղած «Կանազ» մշակույթի պալատը՝ պետբյուջեի նկատմամբ գոյացած պարտքերը մարելու նպատակով։ Դեռ այս տարվա ապրիլի 7-ին «Կանազ» մշակույթի կենտրոնի աշխատակազմը նամակով դիմել էր ՀՀ առեւտրի եւ մշակույթի նախարարություններին՝ առաջարկելով պետական այս գերատեսչությանը առաջարկել այն «փրկագինը», որը վճարելու դեպքում վերջապես ձեռք կքաշեին իրենցից։ Սակայն այդպես էլ հստակ պատասխան չի տրվել։ Արդեն քանի տարի է, «Կանազ» մշակույթի կենտրոնը «Կանազ» գործարանի հաշվեկշռում է՝ տարօրինակ կարգավիճակով, ինչի արդյունքում չի կարողանում համագործակցել ու պայմանագրեր կնքել այլ կազմակերպությունների հետ, քանի որ այլեւս չունի կնիք եւ հաշվեհամար բանկում։ Բայց դա չի խանգարել նրան աշխատել, ավելին՝ վճարել օրենքով սահմանված բոլոր հարկերը։ «Մենք ունենք ոչ օֆիցիալ ինֆորմացիա, որ շուտով «Կանազ» մշակույթի եւ կրթության կենտրոնի շենքը դրվելու է աճուրդի։ Կտրականապես դեմ ենք աճուրդին, որովհետեւ այն իր օրենքներն ունի. գնորդին չեն կարող պարտավորեցնել, որ տիրանալով գույքին, պահպանի նախկին ուղղվածությունը»,- ասում է կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանը։ Նա վստահ է, որ համապատասխան կարգավիճակի դեպքում կենտրոնը կկարողանա պահել ինքն իրեն, առանց արտաքին ֆինանսական օգնության։ Մանավանդ այս տարի մեծացել է կենտրոն հաճախողների թիվը եւ ստեղծվել են նոր խմբեր։ Չնայած պարապմունքները շարունակվում են, սակայն կենտրոնի տնօրինությունը չի հավաքում վարձավճարները, որպեսզի անօրինականություն չդիտվի։ Երեխաներ կան, որ արդեն քանի տարի տարբեր ստուդիաների սաներ են եւ պիտի վկայականներ ստանան։ Անթույլատրելի է նրանց պարապմունքների կասեցումը այն պարագայում, երբ «Կանազ» մշակույթի կենտրոնը, իբրեւ տիպային մշակույթի օջախ, միակն է երկու համայնքներում (Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն)։ Ստեղծված իրավիճակի պատճառով ձախողվել են կենտրոնի՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ կնքած մի քանի հարյուր հազար դոլարի պայմանագրերը (օրինակ, ամերիկացիների հետ ուսանողների փոխանակման համաձայնություն էր ձեռք բերվել)։ Զավեշտականն այն է, որ օրերս նորից Մ. Սարիբեկյանին ու պահակին երեք ամիս ժամկետով վերականգնել են աշխատանքում, որ վերջիններս «տիրություն» անեն շենքին՝ իբրեւ նյութական պատասխանատուներ։ «Երեւի ուզում են, որ ես ու պահակը հերթով պահակություն անենք»,- ասաց տնօրենը։ «Եթե կենտրոնի դեմ ոչինչ չունեն, էդ դեպքում ինչո՞ւ են այս ամորֆ վիճակը ստեղծել ու ստիպել, որ հայտնվենք աննորմալ պայմաններում»,- զարմանում է Մ. Սարիբեկյանը։ Ըստ Մ. Սարիբեկյանի, ճիշտ կլիներ, եթե «Կանազ» մշակույթի կենտրոնը «Կանազ» ԲԲԸ-ի հաշվեկշռից անցներ համայնքային կամ քաղաքապետարանի հաշվեկշիռ։ Նրա միակ ցանկությունն է, որ կենտրոնը շարունակի աշխատել, թեկուզ առանց իր ղեկավարության։ «Այստեղ անձի խնդիր էլ չկա։ Սխալ եմ համարում 50 տարվա պատմություն ունեցող մշակույթի օջախը գրչի մի հարվածով «ջնջելը»,- կարծում է նա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել