Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական օրենսդրություն

Հոկտեմբեր 07,2003 00:00

Իշխանական օրենսդրություն ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական նորմերը «մամուլի ազատությունը չարաշահելու դեմ»: Մեր թերթի նախորդ համարներից մեկում բերեցինք օրինակներ, թե որքան հեռու է հեռուստատեսային ոլորտը կարգավորող հայաստանյան օրենսդրությունը` միջազգային չափանիշներից: Միայն այն, որ հեռուստաընկերությունների՝ եթերում լինել-չլինելու ճակատագիրը որոշող Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 9 անդամներից 9-ին նշանակում է երկրի նախագահը, արդեն իսկ միջազգային ընդունված սկզբունքներից լուրջ ետընթաց է: Այժմ անդրադառնանք միջազգային այլ սկզբունքների, որոնք նույնպես չեն պահպանվում մեր օրենսդրությամբ: Ըստ Լրատվամիջոցների օրենսդրության միջազգային կենտրոնի իրավաբանական հարցերով փորձագետ Դագլաս Գրիֆինի, որը ներկայացրեց այդ սկզբունքները անցած շաբաթ «Ինտերնյուսի» կազմակերպած համաժողովի ժամանակ, «Զրպարտության համար պատասխանատվության ենթարկող օրենսդրական նորմերը պիտի պաշտպանեն ժուռնալիստներին»: Այսինքն, զրպարտության համար լրագրողները ավելի մեղմ պատասխանատվության պիտի ենթարկվեն, քան այլք: «ԶԼ մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով՝ ճիշտ հակառակն է: Պրն Գրիֆինը ասաց նաեւ, որ միջազգային չափանիշները պահանջում են, որ իշխանավորների հանդեպ զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեղմ լինի, քան հասարակ մահկանացուների նկատմամբ: Եվ սա բացատրվում է երկու պատճառաբանությամբ. նախ՝ իշխանավորներն արդեն իսկ ավելի արտոնյալ են, քան սովորական քաղաքացիները, քանի որ օգտվում են իշխանության ընձեռած բոլոր բարիքներից, եւ երկրորդ՝ լինելով կառավարման համակարգում, նրանք համընդհանուր հասարակական հետաքրքրություն են ներկայացնում: Դա նշանակում է, որ նրանց առնչվող ցանկացած տեղեկություն շատ ավելի կարեւոր է, իսկ սրանից հնարավոր է, որ բխեն նաեւ լիովին չճշտված հրապարակումներ: Այնինչ, մեր օրենսդիրների ընդունած նոր Քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ճիշտ հակառակ ուղղությունն է բռնել: Մասնավորապես, այս օրենսգրքի թիվ 318 հոդվածի համաձայն, լրագրողները ենթակա են ավելի խիստ պատասխանատվության՝ հենց պաշտոնյային զրպարտելու համար: Անցնենք առաջ: Ըստ վերոնշյալ սկզբունքներից մեկի, մարդկանց՝ լրատվություն ստանալու եւ լրատվամիջոցների՝ լրատվություն տարածելու ազատությունը պետք է լինի հնարավորինս փոքր սահմանափակումներով: Նախատեսվում է, որ այդ սահմանափակումը պետք է համապատասխանի միջազգային ընդունված նորմերին եւ տվյալ երկրի Սահմանադրությանը: Այնինչ, «ԶԼ մասին» առաջարկվող օրենքով լրատվամիջոցների տարածումը կարող է սահմանափակվել ոչ միայն օրենքով, այլեւ՝ «դատական կարգով»: Միջազգային սկզբունքներից մեկն էլ հետեւյալն է. «Բովանդակային սահմանափակումները պիտի լինեն չափազանց նեղ՝ միջազգային ստանդարտներից ելնելով: Եվ պետք է շատ հստակ նշված լինեն այն դեպքերը, որոնց դեպքում գործում են այդ սահմանափակումները: Այլ կերպ ասած՝ պիտի գործի «ինչ արգելված չէ, դա թույլատրված է» կարգը»: Մինչդեռ մեր օրենքում կա մի հոդված, որի միայն վերնագիրն ինչ ասես արժե՝ «Խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիությունը»: Չարաշահել կարելի է պաշտոնեական դիրքը, իշխանությունը, վստահությունը՝ այն, ինչ տրվել է քեզ ուրիշի կողմից: Քո բնական իրավունքը (ասենք, օդ շնչելը) չարաշահել հնարավոր չէ: Թե չէ ստացվում է հետեւյալ պատկերը. մենք՝ իշխանավորներս, լավության կարգով ձեզ խոսքի ազատություն ենք տվել, բայց տեսեք, հա՜, հանկարծ չչարաշահեք: Մասնավորապես, հիշյալ հոդվածով արգելվում է «օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող» տեղեկատվության տարածումը (եթե գաղտնի, ուրեմն թող պատժվի նա, ով այդ գաղտնիքը բացել է, ոչ թե նա, ով տարածել է), ինչպես նաեւ «արգելվում է այն անձից ստացած տեղեկության տարածումը, որն ակնկալել է, որ գտնվում է անորոշ անձանց տեսադաշտից դուրս, լսելի չէ նրանց համար, եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ» (ձեւակերպումն այնքան մշուշոտ է, որ սրա տակ կարելի է հասկանալ ամեն ինչ՝ սկսած եղանակի տեսությունից): Այլ խոսքով, մեր օրենքներն ամեն ինչ անում են խոսքի ազատությունը շրջանակելու եւ այդ շրջանակը խիստ նեղացնելու համար: Այլապես մի օրենքում չէին լինի այդքան «պարտավոր է», «պատասխանատու է» եւ «արգելվում է» կարգի ձեւակերպումներ, եւ այնքան քիչ՝ «իրավունք ունի»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել