Վայրագ անտառահատումը շարունակվում է Իսկ անտառատնկումը վերածվել է թատերական ֆարսի «Իմ կարծիքով՝ գործը հասել է նրան, որ մարդիկ, ովքեր մտածում եւ անհանգստանում են բնության եւ մեր սերունդների ճակատագրով, պետք է աղմուկ բարձրացնեն, դիմեն միջազգային ատյաններին, շրջափակեն ճանապարհները։ Գուցե, ի վերջո, այդ աղմուկի ձայնը հասնի էդ խուլ մարդկանց, ում թույլտվությամբ ոչնչանում է մեր սերունդների կեցության միջավայրը։ Մենք մեր սերունդներին թողնում ենք մի գլոբալ խնդիր, որի լուծումը նրանք չեն կարողանալու գտնել»,- ասում է Գուգարքի անտառտնտեսության նախկին տնօրեն Հովիկ Բեկչյանը: Ներկայումս Հայաստանը համարվում է երկրագնդի ամենաանտառազուրկ տարածաշրջաններից մեկը եւ բնակչության մեկ շնչին ընկնող անտառային տարածությամբ (0.12 հա) գրավում է վերջին տեղերից մեկը։ Հանրապետության անտառային ֆոնդը կազմում է շուրջ 460 հազար հա, որից անտառածածկ տարածքը՝ մոտ 334 հազար։ Հայաստանում անտառապատումը կազմում է հանրապետության տարածքի 11.2 տոկոսը, Թուրքիայում՝ 14, Վրաստանում՝ 37.4, Աֆրիկայում՝ 25։ Հանրապետության անտառների 80 տոկոսն ունի զուտ պաշտպանական նշանակություն։ Այդպիսի անտառներում թույլատրվում են միայն սանիտարական, խնամքի ու անտառավերականգնման նպատակով հատումները։ Հանրապետության անտառային ֆոնդի շուրջ 64 տոկոսը գտնվում է Լոռու եւ Տավուշի մարզերում, իսկ 13-ը՝ Սյունիքի մարզում։ Փորձագիտական հաշվումներով, վերջին տասնամյակում հիմնականում որպես վառելիք օգտագործելու նպատակով, սանիտարական հատման անվան տակ տարեկան հատվել է շուրջ 800 հազար խմ բնափայտ։ Լոռիում մինչեւ էներգետիկ ճգնաժամը անտառային ծածկույթը գրավում էր մարզի մակերեսի 30-31%172ը: Այսօր, ըստ Հովիկ Բեկչյանի, 10-15% է։ Դեռ ավելին, ըստ Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության համապատասխան ուսումնասիրությունների (որտեղ աշխատում է Հ. Բեկչյանը), մարզի 98 700 հա անտառներից ամբողջությամբ հատվել է 30 հազար հեկտարը։ Մնացած անտառներում կատարվել են ինտենսիվ հատումներ, որոնք շարունակվում են մինչեւ օրս։ Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսության 800 հա բնական սոճիների անտառը ամբողջությամբ հատվել է, իսկ հանցագործության հետքերը թաքցնելու համար տարածքը հրդեհվել է։ Տարիներ շարունակ ինտենսիվ անտառահատումներին զուգընթաց, անտառատնկման աշխատանքներ գրեթե չեն կատարվել։ Վերջին երկու տարվա ընթացքում մարզի ամբողջ տարածքում իրականացված 60 հեկտար անտառատնկման աշխատանքներն այնքան չնչին են ամեն տարի հատվող ծավալների համեմատությամբ, որ դրանք չեն կարող իրավիճակի բարելավում արձանագրել։ Խորհրդային տարիներին մարզի յուրաքանչյուր անտառտնտեսությունում իրականացվում էր 250-300 հեկտար անտառների տնկում։ Տարիներ առաջ անտառատնկված վայրերում տունկերի կպչողունակությունը կազմել է հազիվ 5 տոկոս, իսկ ավելի հաճախ՝ 0 տոկոս։ Մինչդեռ օրենքով նոր հիմնված անտառը պետք է խնամվի առնվազն հինգ տարի: Այսօր արդեն հատվում են չգիտես ինչպես բնական անտառների շարքին դասված եւ մարդու տքնաջան աշխատանքով տասնամյակներ առաջ ստեղծված տնկարկները։ Մինչդեռ գոյություն ունեցող անտառշինարարական չափանիշներով, անտառահատումը պլանավորվում է յուրաքանչյուր անտառի տվյալ հատվածի բնափայտի տարեկան աճի չափով, այսինքն, որքան աճում է բնափայտի զանգվածը, նույն քանակով էլ պլանավորվում են հատումները։ Սակայն Լոռու անտառներում վաղուց են խախտվել անտառշինարարական նորմերը։ Իսկ անտառատնկման աշխատանքները հաճախ վերածվում են թատերական ֆարսերի։ Հավաքում են մեծ ու փոքր պաշտոնյաների, զուռնա-դհոլով լրագրողների, տեսախցիկների առջեւ մի քանի ծառ են տնկում ու գնում կերուխումի: ՀՐԱՉՅԱ ՊԱՊԻՆՅԱՆ www.hetq.am