Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՋԻԿՍ, ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻ

Հոկտեմբեր 07,2003 00:00

ԱՂՋԻԿՍ, ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԴԱՌՆԱԼ ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻ Ֆեմինիստական շարժումը, որ արեւմտյան երկրներում արդեն այնքան էլ նորաձեւ չէ՝ միտումներ ունի ծավալվելու ԱՊՀ երկրներում: 10 տարի առաջ բալթյան մի շարք երկրների կին գործիչները համաժողով էին անցկացրել, որն անվանեցին «Կանայք փոփոխվող աշխարհում»: 2003-ի հոկտեմբերի 2-5-ին շուրջ 30 երկրներից կանայք էին հավաքվել Սանկտ-Պետերբուրգում, որտեղ գումարված միջազգային 10-րդ համաժողովը կրում էր արդեն «Կանայք, որոնք փոխում են աշխարհը» հավակնոտ անվանումը: Ի մի էին եկել թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք իրենց ասպարեզում կայացած եւ ազդեցիկ են՝ այնտեղ էր Շվեդիայի փոխվարչապետ Մարգարետա Վինդբերգը, Ֆինլանդիայի սոցիալական հարցերով նախարար Սինիկկա Մենկյարեն, «Deutsche telekom»-ի փոխնախագահ Մոդ Պագելը, «Daimler Chrysler»-ի ավագ մենեջեր Կատարինա Կոնը: Բազմաթիվ էին տարբեր երկրների խորհրդարանների եւ կառավարությունների անդամները, գործարար կանայք: Շուրջ 1000 պատվիրակների մեջ կային նաեւ մի քանի լրագրողներ, որոնցից մեկը՝ շվեդ հեռուստալրագրող Ստինա Լունդբերգ Դաբրովսկին հարցազրույցներ էր անցկացրել Նելսոն Մանդելայի, Հիլարի Քլինթոնի, Մարգրեթ Թեթչերի, Ինգրիդ Բերգմանի եւ նշանավոր այլ մարդկանց հետ: Համաժողովում քննարկման համար ընտրված թեմաները բավական ուշագրավ էին՝ «Կանա՞յք քաղաքականության համար, թե՞ քաղաքականությունը կանանց համար», «Կանանց մոտ առաջնորդի համար անհրաժեշտ հատկանիշների զարգացումը», «Վարկավորման հնարավորություններն այն ձեռնարկությունների համար, որոնք գլխավորում են կանայք» եւ այլն: Ի դեպ, այդ առումով այս հավաքները շատ արդյունավետ են՝ նախորդից հետո «Nordic investment bank»-ի փոխնախագահ Սիվ Հելենի ջանքերի շնորհիվ որոշվել է 2 մլն եվրո հատկացնել Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի շրջանի այն ձեռնարկություններին աջակցելու համար, որոնք գլխավորում են կանայք: Ի տարբերություն ԱՊՀ-ն ներկայացնող կանանց, որոնք չէին թաքցնում, թե այս համաժողովն իրենց առավել հետաքրքրում է հատկապես բիզնես կապերի հաստատման տեսանկյունից՝ ակնհայտ էր, որ արեւմուտքի հարաբերականորեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս հավաքների միջոցով ցանկանում են նախկին խորհրդային միության երկրներում եւս տարածել տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների, որոշումներ ընդունելու գործընթացում հավասար ազդեցություն ունենալու գաղափարները: Ավելին՝ անթաքույց հայտարարում էին, թե կանայք կարող են նաեւ իրենց ձեռքը վերցնել իշխանությունը, քանի որ հակամարտությունների հարթման գիտակ են եւ հոգնել են տղամարդկանցից, որոնք միայն խոսում են: Թերեւս պատահական չէր համաժողովի վայրի ընտրությունը: Հոկտեմբերի 5-ին Պետերբուրգում նահանգապետի ընտրությունների 2-րդ փուլն էր, որտեղ հիմնական թեկնածուի՝ Վալենտինա Մատվիենկոյի հաղթանակը բոլորին նախապես էր թվում կանխորոշված, իսկ նրա մրցակիցը, որը Մատվիենկոյից զգալիորեն պակաս ձայներ հավաքեց՝ նույնպես կին էր՝ Աննա Մարկովա: Այնպես որ՝ ինչպես դեռ համաժողովին ողջույնի խոսքում ասաց Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը. «Շուտով կասենք, որ Պետերբուրգը կանացի դեմք ունի»: Ողջույնի հեռագրեր էին հղել նաեւ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ կառավարության ղեկավարը: Համաժողովի կազմակերպիչներից մեկը՝ Պետերբուրգի սոցիալ-տնտեսական ինստիտուտի ռեկտոր Ելենա Կալինինան համոզված է, թե տղամարդիկ չեն ներում կանանց հաջողությունը. «Տղամարդիկ պետք է փոխվեն: Նրանք անընդհատ գնահատում են մեզ՝ արտաքին տեսքից մինչեւ այլ արժանիքներ: Այնժամ, երբ մենք ուղղակի արժեւորում ենք նրանց»: Ֆինլանդիայի կառավարության անդամ Սինիկկա Մենկյարեն բողոքեց. «Քաղաքականության մեջ հայտնվելով հասկացա, թե ստիպված եմ պայքարել, որ տղամարդիկ լսեն ինձ»: Ղազախստանի խորհրդարանի անդամ Տատյանա Մուժչիլը քննարկումներից մեկի ժամանակ ասաց. «Քանի որ քիչ ենք՝ մեր քույրերի առաջ պարտավոր ենք 2 անգամ ավելի ուժեղ լինել»: Եվ իբրեւ կանանց «ուժային» հնարք՝ մեջբերեց ղազախական մի ասացվածք. «Ճանապարհն անցիր այնտեղ, որտեղ ցանկանում է տղամարդը: Բայց նրան տար այնտեղ, ուր ուզում ես դու»: Շվեդիայի փոխվարչապետ Մարգարետա Վինդբերգը ելույթում հերքեց այն փաստարկը, որով տղամարդիկ հիմնավորում են կանանց առաջխաղացումը պաշտոնեական աստիճաններով խոչընդոտելը. «Նրանք ասում են, թե կանայք ոչ կոմպետենտ են: Իսկ ո՞վ է որոշում այդ կոմպետենտությունը: Տղամարդի՛կ: Իսկ տղամարդիկ ընտրում են տղամարդկանց»: Հայտնեց, թե կարողացել են հասնել նրան, որ Շվեդիայի խորհրդարանի 44%-ը կազմեն կանայք ու նաեւ պետական ձեռնարկությունների 42%-ի կառավարումը հանձնվի նրանց: Տիկին փոխվարչապետն իբրեւ կանանց կազմակերպությունների նպատակ հռչակեց այն, թե պետք է նվազեցնել տղամարդկանց ազդեցությունը որոշումներ ընդունելու գործընթացում. նրանք պիտի ավելի քիչ հնարավորություններ ունենան զբաղեցնել այն պաշտոնները, որտեղ կարող են առավել իշխանություն գործադրել. «Կանայք կարո՛ղ են փոխել աշխարհը, եթե մեզ թույլ տան մասնակցել որոշումների ընդունմանը»: Հավաքում ներկայացված առանձին կառույցներ՝ օրինակ, Մենեջեր կանանց եվրոպական ցանցի նախագահները ցանկություն հայտնեցին անդամներ ունենալ նաեւ Կովկասում: Համաժողովի կազմակերպիչներից մեկը՝ «Sprangbradan» շվեդական ընկերության ղեկավար Կարին Լաննը հստակ ասաց. «Մենք լուցկի ենք: Կվառենք մի մեծ խարույկ եւ բոլոր երկրներին կմիավորենք մեր ցանցի մեջ»: Պայմանավորվեցին, որ կանանց հաջորդ համաժողովը կոչվելու է՝ «Հանդիպում են Արեւմուտքը եւ Արեւելքը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Սանկտ-Պետերբուրգ-ԵրեւանՀ. Գ. Քննարկումներից մեկի ժամանակ տեխնիկական անսարքություն եղավ, որը վերացնելու համար կանայք ստիպված եղան դիմել տղամարդու օգնությանը: Այս ակնառու օրինակը մատնացույց անելով, որ անհնար է առանց ուժեղ սեռի աջակցության՝ Հայաստանի պատվիրակներից մեկը՝ «Գարուն» կարի արտադրական միավորման ղեկավար Գոհար Ենոքյանը ներկաներին հարցրեց. «Ուրեմն, ի՞նչ եք այստեղ քննարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել