Լրահոս
Օրվա լրահոսը

Վագրենավորը

Հոկտեմբեր 07,2003 00:00

Վագրենավորը Այն, որ դիվանագիտությունը խորամանկությունների արվեստ է, տեղյակ ենք դեռեւս դպրոցական տարիներից: Սակայն միայն փորձառու գործիչներին է հասու իսկական դիվանագիտական խորամանկությունների բանեցման առանձնաշնորհը: Օրինակ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է. «Հայկական կողմից հայ-թուրքական սահմանի բացումը չի նշանակում, որ դա անհրաժեշտ է միայն Հայաստանին: Դա հավասարապես պետք է նաեւ Թուրքիային»: Մեր պատկերացմամբ, ինչը մեծ հավանականությամբ կարող է եւ սխալ լինել, պրն Օսկանյանի այս մտքի մեջ լուրջ խորամանկություն կա ամփոփված: Ըստ այդմ՝ եթե մենք հետեւողականորեն առաջ ենք տանում եւ ամեն առիթով կրկնում ենք այն միտքը, որ սահմանի բացումը «հավասարապես» պետք է նաեւ Թուրքիային, ապա վերջինս, ինչ-որ մի պահից սկսած, հավատում է դրան եւ սկսում է առնվազն իրենից կախված ամեն ինչ անել՝ սահմանը բացելու ուղղությամբ: Այս մասին ՀՀ արտգործնախարարը երկրորդել է երեկ կայացած ասուլիսին, իսկ նախանցած օրը, առաջին գիշերվա իրավունքով, նույն բանն ասել էր «Հայլուր»-ին: Ապա, ի հեճուկս տնտեսագիտական բոլոր հայտնի ու անհայտ օրինաչափությունների, Վարդան Օսկանյանը, թերեւս, դիմում է հերթական դիվանագիտական խորամանկությանը: Նա հասկացնում է, որ խնդրո առարկա սահմանը բացվի-չբացվի, միեւնույն է՝ Հայաստանի տնտեսությունն աճում է մղոնանոց քայլերով եւ վաղուց ընտելացել է շրջափակման տրամաբանությանը: Այստեղ առաջին հայացքից դժվար է, իհարկե, ըմբռնել, թե որտեղ է թաքնված խորամանկությունը: Միեւնույն ժամանակ, դատելով հայաստանյան փորձագետների կողմից պարբերաբար շրջանառվող մի դիտարկումից, ՀՀ արտգործնախարարի այս արձանագրումը միանգամայն անկեղծ է: Ըստ այդմ՝ մի շարք փորձագետներ վերահաստատում են, որ Հայաստանում ձեւավորված բացառապես կլանային տնտեսության ներկայիս «կնքահայրերն» իսկապես սարսափում են հանրապետության ապաշրջափակումից, ինչը կհանգեցներ գերշահույթների կրճատմանը եւ երկրում բոլորովին այլ տնտեսական (թերեւս ոչ՝ վագրային) իրողությունների հաստատմանը, ուստի՝ ամեն կերպ խոչընդոտում են դրան: Շարունակելով քննության առնել պրն Օսկանյանի արտահայտած մտքերի հատկապես տնտեսական ասպեկտը, չենք կարող չանդրադառնալ վերջինիս հիմնական կռվանին՝ «14 % կազմող»՝ ԱՊՀ-ում աննախադեպ տնտեսական աճին: Իհարկե, հատուկ համարձակություն է պետք այս ցուցանիշը Ադրբեջանում ակնկալվող՝ միլիարդավոր նավթադոլարների հետ համադրելու խորամանկության բանեցման համար, մանավանդ որ մեծ հավանականությամբ կգտնվեն այս թեզը վիճարկող բազմաթիվ բանիմաց տնտեսագետներ: Նշենք միայն, որ նրանցից մեկը «տնտեսական աճ» կոչված հասկացությունը մատչելի բացատրելու համար վերջերս այսպիսի մի օրինակ էր բերել՝ եթե ամայի անապատում մի լահմաջոանոց բացենք եւ թխենք 100 լահմաջո, ապա այդ անապատում տնտեսությունը կաճի մի քանի հազար տոկոսով: Համաձայնենք, որ տպավորիչ ցուցանիշ է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել