Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հոկտեմբեր 07,2003 00:00

Ո՞Վ ԿԼԻՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ Գործո՞ղ թաղապետը, թե՞ Գալուստ Սահակյանի որդին Աջափնյակի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը երեկ պատասխանելով մեր հարցին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 6-ի դրությամբ թիվ 9 ԸԸՀ-ում բացի արդեն առաջադրված Արման Սահակյանից եւ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանից որեւէ մեկը թաղապետի պաշտոնում առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել: Նա, բնականաբար, դժվարացավ անգամ կանխատեսել, թե արդյո՞ք թաղապետի թեկնածուի նոր հավակնորդներ կլինեն: Հիշեցնենք, որ առաջադրման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 8-ն է: Աջափնյակի ԸԸՀ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 2-ին կայանալիք թաղապետի ընտրությունները սպասարկելու համար համայնքում ձեւավորվելու են թվով 43 ընտրատեղամասեր: ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 15-ի համաձայն, ընտրական տեղամասերը տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորում են քվեարկությունից ոչ ուշ քան 45 օր առաջ: Ինչ վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ապա Ե.Տերտերյանի ասելով, դրանք առայժմ ձեւավորված չեն. «Դրա համար ժամկետ գոյություն ունի»: Իսկ այդ ժամկետը, ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 37-ի համաձայն, սկսվում էր երեկվանից՝ հոկտեմբերի 6-ից մինչեւ 9-ը՝ «քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24, եւ ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչեւ ժ. 18.00-ն»: Ի տարբերություն Աջափնյակի ԸԸՀ-ի, որը զբաղված է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, արդեն առաջադրված թեկնածուները նոր են միայն նախընտրական շտաբներ ձեւավորելու ցրցամ տալիս: «Դե, կամաց-կամաց հավաքվում ենք, բայց շտաբներ դեռ չենք ձեւավորել: Դրանք կանենք օրենքով սահմանված ժամկետներում»,- երեկ հայտարարեց, նաեւ, գործող թաղապետ Ա.Խաչատրյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինքն ընտրությունների քարոզչության փուլում մտադի՞ր է գոնե արձակուրդ վերցնել, պարոն Խաչատրյանը հայտարարեց. «Չեմ պատրաստվում»: Նրա համոզմամբ, օրենքն իրեն չի արգելում թաղապետի պաշտոնավարությանը զուգահեռ նաեւ նույն համայնքում որպես թաղապետի թեկնածու, նախընտրական քարոզչություն ծավալել: Ոմանք այսօր արդեն կարծիք են հայտնում, թե ներկա իշխանություններն այս անգամ Ա.Խաչատրյանի վերընտրությունը չեն հանդուրժի, առավել եւս նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա նախագահական ընտրություններում /հատկապես առաջին փուլում/ չի ապահովել Ռ. Քոչարյանի ջախջախիչ հաղթանակը: Իհարկե, դժվար է ասել, թե որքանով է պրն Խաչատրյանը նպաստել լցոնումներին եւ թվերի նկարչությանը՝ գուցե այնքան էլ փութաջան չի եղել: Բայց նախընտրական շրջանում տեղի էր ունեցել տհաճ միջադեպ. երբ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի համար Աջափնյակ համայնքի ազգաբնակչության հետ հանդիպում էր կազմակերպվել Մարզահամերգային համալիրի դիմաց, Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, որ նույնպես եկել էին մասնակցելու միջոցառմանը «Դե-միրճ-յան, Դե-միրճ-յան» էին վանկարկել եւ բարձրացրել էին իրենց թեկնածուի դիմանկարները: Այն ժամանակ նույնիսկ տեղեկություններ եղան, թե թաղապետի տեղակալն էր վատացել ու տեղափոխվել հիվանդանոց: Այդ միջադեպը նկատի ունենալով էր, որ մենք հետաքրքրվեցինք, թե թաղապետի կարծիքով, իշխանությունների վերաբերմունքը նրա նկատմամբ տեղի ունեցած միջադեպից հետո արդյո՞ք չի փոխվել: Ա.Խաչատրյանը նախ չհիշեց, թե ինչի մասին է խոսքը, բայց հետո հերքեց, թե այդպիսի միջադեպ է եղել. «Նման բան չի եղել: Թերթերը սուտ էին գրել: Դա հորինվածք էր»: Իհարկե, ժամանակին թաղապետարանում կատարվածը, որքան հիշում ենք, չէին հերքել: Ամեն դեպքում թաղապետի պատասխանից պետք էր ենթադրել, որ իշխանությունները գործող թաղապետից, մեղմ ասած, չեն նեղացել: Իհարկե, թաղապետի կարծիքը դոգմա չէ, իշխանություններն էլ միատարր չեն: Իսկ թե նրանք որքանով են շահագրգիռ գործող թաղապետի վերընտրությամբ՝ պարզ կլինի թաղապետի թեկնածուների արդեն նախընտրական քարոզչության փուլում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել