ԾԻԳ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՂԱՐԱԲԵԿՅԱՆԻՆ «Մշակույթ» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Մկրտումյանի երեկվա ասուլիսը պատասխան էր Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի՝ մամուլով արտահայտած դժգոհությանն այն մասին, որ Կամերային երաժշտության տունը վատ է նորոգված։ «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենը նշանավոր դիրիժյորի մասին ասաց. «Ես իրան էս վերջերս եմ ճանաչել, ինձ համար ինքն անծանոթ է եղել»։ Նշենք, որ իր դժգոհություններն Ա. Ղարաբեկյանը մանրամասն շարադրել եւ ուղարկել է Ռ. Քոչարյանին։ Պարոն Մկրտումյանն այդ բողոքը համարեց «պատվեր որոշ շրջանակների կողմից», նաեւ կասկածեց, թե «գուցե Ղարաբեկյանն այս ձեւո՞վ է ուզում ճանաչում գտնել հանրության կողմից»։ Ղարաբեկյանի «մտահոգությունները ցրելու» նպատակով ներկա էին Կամերային տան նախագծի հեղինակ Ստեփան Քյուրքչյանը, տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Ալբերտ Շաքարյանը։ Ճարտարապետ Ս. Քյուրքչյանի կարծիքով, «շատ լավ վերանորոգում է կատարվել, իսկ որեւէ բան փոխելու իրավունք ո՛չ նախագծողները, ո՛չ էլ շինարարները չունեին, քանի որ բոլոր պարամետրերը գծվել ու հաստատվել են դեռեւս 1965 թվին»։ Դիրիժյորի դժգոհությունների մի մասը համարվեց անտեղի, որոշ մասը՝ ժամանակից շուտ. «Չէ՞ որ դեռ չենք ավարտել նորոգումը», իսկ ընդհանրապես «ո՞վ է Արամ Ղարաբեկյանը, շենքն ունի տնօրեն, որն էլ հանդիսանում է վերանորոգման ծրագրի կողմերից մեկը»։ Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, որը մասնագիտությամբ դերասան է, գտնում է, որ Ա. Ղարաբեկյանի դժգոհությունն անձամբ իրենից՝ ունի հին արմատներ, որովհետեւ «դեռ չորս տարի առաջ, երբ ես նշանակվեցի տնօրեն, նա հայտարարեց, որ «նոր տնօրենն արվեստի հետ կապ չունի»։ Ասաց նաեւ, որ իր դիտողությունները Ղարաբեկյանը չի հայտնել տնօրինությանը։ «Նա ինձ ասում է՝ բեմը փոքր է, պետք է մեծացնել, ասում եմ՝ դա կամերային երաժշտության բեմ է, 4-8 հոգու համար, ինչո՞ւ մեծացնեմ, եթե այդպես խախտվում է ընդհանուր նախագիծը»,- մեջբերեց Ա. Քյուրքչյանը։ Ասուլիսի կազմակերպիչների ընդհանուր կարծիքով, «Ղարաբեկյանն ընդամենը ցանկանում է ավելի սրտացավ երեւալ, քան պետք է»։ Մեր հարցին, թե ինչո՞ւ են բողոքում մշակույթի մյուս օջախների տնօրենները եւ հատկապես՝ նախատեսվածի ու կատարվածի անհամապատասխանությունից, պարոն Մկրտումյանը պատասխանեց. «Աշխատանքը շարունակական է, թերություններն էլ աշխատում ենք վերացնել, բայց պահանջներ են դնում գույքի, կահույքի։ Որտեղի՞ց, դա ծրագրով նախատեսված չէ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ