ՊԱՅՔԱՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ ԵՎ ԳՈՐԳԻՑ ԴՈՒՐՍ Մեր աղբյուրները Ֆրանսիայից տեղեկացնում են Կրետեյլում (Ֆրանսիա) ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի 48-րդ առաջնությունում երեկ առավոտվա դրությամբ Հայաստանի ըմբիշներն արդեն երկու օլիմպիական ուղեգիր էին նվաճել։ Եթե 120 կգ քաշային Հայկազ Գալստյանը կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը՝ առաջին գոտեմարտը շահելով եւ տասնյակում իր համար տեղ ապահովելով, ապա Վաղինակ Գալստյանից (66 կգ) դրա համար պահանջվեց շատ նյարդեր քայքայել, ընդ որում, նաեւ մրցագորգից դուրս։ Վաղինակի առաջին մրցակիցը Մոլդովայի թիմում հայտավորված Նիկոլայ Մոնովն էր, որին մեր ըմբիշը պարտվեց։ Սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային տեղեկացնելով, որ նա հանդես է եկել Ռուսաստանի առաջնություններում եւ գործող կարգի համաձայն, իրավունք չուներ ընդգրկվելու Մոլդովայի հավաքականում։ Մինչեւ ուշ գիշեր ֆեդերացիայի ղեկավարությունը ուսումնասիրել է բողոքի իսկությունը եւ համոզվելով, որ դրանք համապատասխանում են իրականությանը, հաջորդ օրը Մոնովին որակազրկելու որոշում է կայացրել՝ հաղթանակը շնորհելով մեր ըմբիշին։ Երեկ Վաղինակը ուժերը չափում էր աշխարհի չեմպիոն շվեդ Ջիմմի Սամուելսոնի հետ։ Գոտեմարտը նոր էր սկսվել, երբ այս անգամ Վաղինակի դեմ աղմուկ են բարձրացրել շվեդներն ու մոլդովացիները։ Կազմկաերպիչները ստիպված ընդհատել են մարտը։ Մոլդովացուն որակազրկելու առիթով ծավալվել է նոր բուռն քննարկում։ Մեր պատվիրակությունը կարողացել է կրկին ապացուցել իր ճշմարտացի լինելը եւ կազմակերպիչների՝ գիշերը կայացրած վճիռը մնացել է նույնը։ Կրկին մրցահարթակ են հրավիրվել Վաղինակ Գալստյանն ու Ջիմմի Սամուելսոնը։ Գորգի վրա ծավալվել է անչափ համառ պայքար։ Հիմնական ժամանակում հաղթողին որոշել չի հաջողվել՝ գրանցվել է 3։3 հաշիվ։ Նշանակված լրացուցիչ ժամանակում հայ ըմբիշը արդյունավետ հնարք է կիրառել։ Սակայն գորգի մրցավարը միավորը գրանցել է շվեդի օգտին։ Մեր պատվիրակությունը կրկին հարկադրված է եղել ընդվզել խայտառակ անարդարության դեմ։ Մրցավարական հանձնաժողովը հարկադրված հենց տեղում նայել է տեսագրությունը եւ համոզվելով, որ հնարքը կատարել է Վաղինակն, այլ ոչ թե մրցակիցը, միավորը շնորհել է Գալստյանին, որն էլ 4։3 հաշվով առավելության հասնելով, հաջորդ փուլերում պայքարը շարունակելու իրավունք է ստացել։ Հիմա հաջորդ գոտեմարտում հաջողության հասնելու դեպքում Վաղինակ Գալստյանը կմտնի կիսաեզրափակիչ եւ Հայաստանի հավաքականի համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Բայց անկախ նրա հետագա մրցելույթներից, ամենակարեւորն այն է, որ Վաղինակը նույնպես եկող տարի Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց։ Երեկ ուշ երեկոյան Վաղինակ Գալստյանը 5:0 հաշվով հաղթեց հերթական մրցակցին ու մտավ կիսաեզրափակիչ: