Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ Է ՁԳՎՈՒՄ ՕՐԸ

Հոկտեմբեր 04,2003 00:00

ԵՐԲ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ Է ՁԳՎՈՒՄ ՕՐԸ Ընդունված է կարծել, թե ամեն ժողովուրդ արդյունքն է այն բանի, ինչ նրա հետ կատարվել է Սույն միտքը մեր դեպքում կիրառելիս խնդիրը բարդանում է նրանով, որ ժամանակակից ամենահզորագույն մեքենան եւ հմուտ պատմաբանների մի մեծ խումբ չեն կարող հաշվարկել ու դասակարգել այն ամենը, ինչ մեզ հետ կատարվել է առնվազն մի հինգ հազար տարի։ Եվ քանի որ դա հնարավոր չէ, մենք շարունակելու ենք մնալ չմանրամասնված պատմության պատանդը։ «Պատմությունը ամենավտանգավոր արտադրանքն է, որ ինտելեկտի ալքիմիան կարողացել է երբեւէ ստեղծել։ Նա ստիպում է մտածել, արբեցնում է ժողովուրդներին, նրանց մեջ ծնում կեղծ հիշողություններ, բորբոքում հին վերքերը, չափազանցնում նրանց ռեֆլեքսները, թունավորում հանգիստը, տանում դեպի վեհության կամ հետապնդման մոլագարությանը եւ ազգերին դարձնում դառնալի, չքնաղ, ունայն եւ անտանելի»,- գրում է Պոլ Վալերին։ Կարելի էր այս դատողությանը հակադրվել՝ ինչքան ասես հակափաստարկներ բերելով, սկսած այն բանից, որ այս միտքը վաղուց դեպի մայրամուտ ընթացող պառաված Եվրոպայի «ինտելեկտուալ ալքիմիայի» վառ դրսեւորումներից է, ազգային սնապարծություն սնող անմիտ հոխորտանքով պնդել, թե Եվրոպան դեռ շատ բան ունի մեզանից սովորելու եւ այլն, եւ այլն, մոռանալով կամ անտեսելով մի պարզագույն պարագա, որ նվազագույնը 1000 տարի Եվրոպան հենց դրանով էլ զբաղված է՝ հրաշալի յուրացնելով եւ համադրելով բոլոր այն քաղաքակրթությունների արժեքները, որոնք կարող են ապահովել առաջընթացը եւ զուր չէ, որ նրան համարում են «խճանկարային մշակույթի» ուղղափառ կրողը։ Իսկ ամենակարեւորը՝ Եվրոպան սովորելու եւ յուրացման համար բնավ չի ամաչում։ Չխորանալով հարցի բազմածալության եւ խորքի մեջ, ողջամտությունը պահանջում է հասկանալ, որ, ի վերջո, գերխնդիրը ոչ թե պատմությունն է, որ մեզ հետ կատարվել եւ շարունակում է պահել թելադրողական ուժը, այլ թե ինչպես ենք վերաբերում դրան։ Հակառակ դեպքում, զարմանք կարող է հարուցել եւս մի հանգամանք. չկա մեր պատմության ոչ անցյալի, ոչ ներկայի որեւէ մասնագետ, որ մեր պատմության անցած ուղուն դրական գնահատական տա, սակայն հազվադեպ են նրանք, ովքեր չեն սքանչանում այդ նույն պատմության հերոսականությամբ։ Ապշանքը կրկնակի է դառնում, երբ գիտակցում ես, որ պատմության բացասական բեռի իմացությունը մեզ մշտապես պահում է բացասական զգայությունների դաշտում եւ իմանալով այդ, երբեք չենք փորձում դրական զգացություններով կերտել ապագա, ինչը ցանկացած ազգի համար ամենակարեւորն է։ Ինչ որ է. աշունը մտնում է իր իրավունքների մեջ, վերջին տարիների ամենասովորական աշուններից մեկը։ Եվ քաղաքական աշունը դրանից առանձնապես չի տարբերվում։ Մեկ տարվա մեջ շատ ջրեր հոսեցին, երկրի ապագայի համար երկու կարեւորագույն ընտրություններ կատարվեցին, առանց այն էլ սակավարյուն քաղաքական դաշտում հսկայական նյութական եւ մարդկային էներգիայի ծախսեր եղան եւ վերականգնումի համար դեռ ժամանակ է պետք։ Անզեն աչքով տեսանելի է, որ ժողովուրդը հուսահատված է, քաղաքական ուժերի երկու՝ իշխանական եւ ընդդիմադիր թեւերը վստահություն ներշնչելու խնդիր ունեն, որ յուրաքանչյուր կողմը ընկալում է յուրովի. առաջինները կայունության պատրանք են ստեղծում, երկրորդները խորհրդարանական օրենսդիր նախաձեռնություններով փորձում են հաղթահարել կրավորական նիհիլիզմը։ Ժողովուրդը հավասարապես անտարբեր է երկուսի նկատմամբ էլ, քանի որ ոչ մի ժողովուրդ ի զորու չէ խորությամբ ըմբռնել որեւէ գաղափարախոսություն, լինի Բաստիլը գրոհող հրացանակիրը, թե Ավրորայի համազարկերի հետեւորդը, եւ մտապահում է ընդամենը ընտրարշավներում հնչած կարգախոսները՝ «միասին աշխատելու» անհեռանկարության եւ «իշխանափոխություն» կատարելու անհնարինության գիտակցումով։ Մինչդեռ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը շարունակում է կարծել, որ այս պահին երկրի կայունությունը պահպանող ոչ մի պայման չկա. հռչակված տնտեսական սուտ հրաշքը, քաղաքական համաձայնությամբ գործող կոալիցիայի ներսում ընթացող բացահայտ ներհակությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նախատեսված բարձրացումը, ի վնաս մեզ ղարաբաղյան հակամարտության լուծման ենթադրվող նոր առաջարկները, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների պարագլխի առայժմ անհասկանալի աշխուժացումը, «Դրոյի գործով» նոր բացահայտումներ անելու դեռեւս բանտում մնացած Մնջոյանի սպառնալիքները։ Ինչ խոսք, նախադրյալներից յուրաքանչյուրը կարող է սպառնալիք լինել, սակայն սթափ վերլուծությունը լավատեսություն չի ներշնչում։ Այսպես. ինչ վերաբերում է տնտեսական հրաշքին, դրան առանձնապես ոչ ոք չի հավատում եւ «կովկասյան վագրի» առասպելը լոկ արտաքին աշխարհին ուղղված ժեստ է։ Գալով Ղարաբաղի խնդրին առնչվող նոր առաջարկներին, կարելի է վստահաբար պնդել, որ այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ավելի շուտ կարող է դառնալ պալատական հեղաշրջման պատճառ, քան իշխանափոխության։ Սոցիալական պատճառներով հնարավոր ընդվզման առիթով պետք է ասել, որ պատմությունից հայտնի չէ, թե հայ ժողովուրդը երբեւէ զանգվածային խռովության է դիմել։ Ոճրագործի աշխուժացումը իր պատճառներն ունի եւ հուսով եմ՝ շուտով կպարզվի։ Նույնը կարելի է ասել Մնջոյանի մասին։ Մնում է կոալիցիայի ներհակության հարցը, որը անմիջապես կցնդի, եթե դրան սկսենք վերաբերել ոչ թե որպես առանձին կուսակցությունների դաշինքի, այլ իշխանության։ Հետեւաբար, գոյատեւման կամ քայքայման մասին խոսելը միանգամայն ավելորդ է։ Ի՞նչ է ուզում իշխանությունը՝ սովորաբար է՛լ ավելի շատ իշխանություն, ինչքան հնարավոր է անսահմանափակ։ Թե՞ կարծում եք հսկայական գաղափարախոսական տարբերություն կա դաշնակ Վահանի, օրինացի Արթուրի եւ Տիգրան Թորոսյանի միջեւ. բոլորն էլ դուրս են եկել միեւնույն կարմիր թիկնոցի տակից, կրթվել են համարյա միեւնույն դպրոցներում եւ անգիր գիտեն միեւնույն ոտանավորները։ Թղթակցի այն հարցին, թե ինչ տարբերություն կա Բեռնարդ Շոուի եւ Չարլի Չապլինի միջեւ, ֆրանսիացի փիլիսոփան պատասխանում է. «Ոչ մի, քանի որ երկուսն էլ բեղ ունեն, բացառությամբ, իհարկե, Չապլինի»։ Այնպես որ՝ մեր հերոսների դեպքում տարբերությունները գտեք ինքներդ, եւ պատմությունը ինքնին հասկանալի կլինի։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել