Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՄԱՆՐԵՐԻՑ

Հոկտեմբեր 04,2003 00:00

ԽՈՇՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՄԱՆՐԵՐԻՑ Ստվերը, կեղծիքը եւ խախտումները առկա են Հայաստանի սուրճի շուկայում Դատելով սուրճի շուկայի վերաբերյալ «Առավոտի» 16.09.2003թ. հրապարակման արձագանքներից, այստեղ ստվերն ու խախտումներն ավելի շատ են, քան երեւում էր առաջին հայացքից: Հատկապես դժգոհում են խոշոր ընկերությունների ղեկավարները, նշելով, որ այստեղ, իրոք, ստվեր կա: Բայց հավաստիացնում են, որ փոքր ընկերություններն են խախտումներ թույլ տալիս, իսկ խոշորները, որոնք նաեւ սուրճի ներկրմամբ են զբաղվում, հիմնականում պահպանում են սահմանված նորմերը: Հատկապես այս տեսակետը պնդեց «Կաֆե Մեզոն» ընկերության նախագահ Վարուժան Կուզիկյանը: Հիշեցնենք, մեր հրապարակման մեջ «Փարիզյան սուրճ» ընկերության նախագահ Վազգեն Ասատրյանը նշել էր, որ, իր ընկերությունից բացի, ոչ մեկը «Արաբիկա» տեսակի սուրճ չի ներկրում Հայաստան, բայց փաթեթների վրա նշում են այդ տեսակի պարունակության մասին: Սակայն «Կաֆե Մեզոնի» սեփականատերը պնդեց, որ ինքն էլ է ներկրում «Արաբիկա» եւ դժգոհություն հայտնեց այն բանի կապակցությամբ, որ «Կաֆե Մեզոնի» փաթեթը, ի շարս այլ սուրճերի փաթեթների, պատկերված էր մեր թերթի լուսանկարում: Հատկապես որ, այդ փաթեթի վրա «Արաբիկայի» վերաբերյալ նշում չկար։ (Նշված էր միայն «Ռոբուստա», որն էլ պետք է վկայի պարունակության մասին)։ Մաքսային պետական կոմիտեից ստացած տեղեկության համաձայն, այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում «Արաբիկա» ներկրում են 4 ընկերություններ, որոնց թվում, սակայն, պարոն Կուզիկյանի «Կաֆե Մեզոնը» չէ: «Առավոտի» տարակուսանքին, թե այդ դեպքում ինչպես բացատրել երկու պնդումների հակասությունը, պարոն Կուզիկյանը հավաստիացրեց, թե իրենք «Արաբիկա» ներկրել են 2001 թվականին: Վարուժան Կուզիկյանի հավաստմամբ, դեռեւս այն ժամանակվա ներկրած «Արաբիկան» են օգտագործում: Գործարարի հավաստիացմամբ, այդ սուրճն օգտագործման 5 տարվա ժամկետ ունի: Պարոն Կուզիկյանը հրաժարվեց իր որեւէ պնդումը հաստատող փաստաթուղթ տրամադրել: Այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ համեմատել այս ընկերության կողմից 2001 թվականին «Արաբիկայի» ներկրված եւ երկու տարվա ընթացքում վաճառվածի քանակները: Մաքսային պետական կոմիտեն չի հաստատում նաեւ Վ. Կուզիկյանի այն պնդումը, թե միայն 12 ընկերություններ են սուրճ ներմուծում Հայաստան: Իրականում, պաշտոնական տվյալներով, այդպիսի 23 ընկերություն կա, որոնք 5676 տոննա սուրճ են ներկրել: Մաքսային պետական կոմիտեի տրամադրած տվյալները չեն հաստատում նաեւ «Փարիզյան սուրճը» ներկայացնող Վ. Ասատրյանի հայտարարությունը, թե միայն իր ընկերությունն է «Արաբիկա» ներկրում: Այս տարվա ութ ամիսների ընթացքում նրա ընկերությունն այդ տեսակի սուրճի ներկրման անգամ առաջատարը չէ: Այս հակասություններն ու տվյալները, սակայն, չեն բացառում այս շուկայում ստվերի, խախտումների, կեղծիքների գոյության հանգամանքը: Սուրճի շուկայում աշխատող մեր մի շարք զրուցակիցներ պնդում են, որ սուրճի վաճառքով զբաղվող շատ ֆիրմաներ աղացած սուրճին ընդեղեն են խառնում, այլապես պարզապես չեն տեղավորվի իրենց կողմից առաջարկվող էժան գների շրջանակներում: Շատերի փաթեթների վրա պարունակությունը, արտադրության, պիտանելության ժամկետը չի նշվում եւ այլն: Պարոն Կուզիկյանն իր զարմանքը հայտնեց պետստանդարտի վերաբերմունքին, որը թույլ է տալիս, որ փոքր, անգամ տնային պայմաններում աշխատող ընկերություններն այլ ընկերություններից գնած, բոված, համային հատկանիշները կորցրած, միանգամայն այլ հատկանիշներ ձեռք բերած սուրճն առանց համապատասխան սերտիֆիկատի շուկա հանեն: Ըստ նրա, մանր ընկերությունները ներկրող խոշոր ընկերություններից հատիկավոր սուրճ գնելով, վերամշակման են ենթարկում եւ առանց համապատասխան սերտիֆիկատի շուկա են հանում: Ավելին, ըստ Վ. Կուզիկյանի, նրանք ոչ հարկեր են տալիս, ոչ էլ սուրճի անհրաժեշտ չափանիշներն են պահպանում, ինչն անհավասար պայմաններում է դնում բարեխիղճ ընկերություններին: Դիտարկմանը, թե թող սպառողները որոշեն ինչ սուրճ են ուզում խմել, պարոն Կուզիկյանը համաձայն չէ, «որովհետեւ այդպիսով սպառողի բերանը սովորում է այդ անորակ սուրճերի համերին»: Նա նաեւ նկատեց, որ փողոցում վաճառվող սուրճերը կրում են աշխարհագրությունից հայտնի գրեթե բոլոր տեղանունները: Անգամ այնպիսի երկրներ են նշվում, որոնք սուրճ էլ չեն արտահանում: Մինչդեռ ներկրող ընկերությունները պետական համապատասխան մարմիններին հաշիվ են տալիս ամեն մի հարցում, անգամ փաթեթների քանակի: Այս բոլոր պնդումներն, անգամ հակասություններով, ավելի են հիմնավորում տեսակետը, որ այս շուկան հարկային մարմինների եւ պետստանդարտի կողմից լուրջ վերահսկողության կարիք ունի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել