Լրահոս
Օրվա լրահոսը

Տոհմական պայքար Աջափնյակում

Հոկտեմբեր 04,2003 00:00

Տոհմական պայքար Աջափնյակում Թաղապետին խիստ են հսկելու Նոյեմբերի 2-ին Աջափնյակում տեղի կունենան թաղապետի ընտրություններ: Երեկ այս համայնքի թիվ 9 ընտրատարածքում սկսվեցին համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումները: ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, հնարավոր բոլոր թեկնածուների գրանցումը պետք է ավարտվի արդեն հոկտեմբերի 13-ին, որին հաջորդող օրվանից մեկնարկելու է քարոզարշավը: Հայտնի էր, որ թաղապետի պաշտոնում ընտրվելու հավակնություններ ունեն գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ 2000թ.-ին այս նույն համայնքում այսօր գործող թաղապետի մրցակիցը դարձյալ Գալուստ Սահակյանի ազգականն էր, իսկ ավելի ճշգրիտ, նրա քրոջ ամուսինը՝ այսօր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Կրակոցներով համեմված ընտրությունների մանրամասնություններն ավելորդ անգամ չհիշատակելով միաժամանակ նշենք, որ տպավորությունն այնպիսին է, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնի համար պայքարը սկսում է տոհմական բնույթ կրել: Իհարկե, եւ Գալուստ, եւ Արման Սահակյաններն արդեն համոզմունք են հայտնել, որ այս անգամ կրակոցներ չեն լինի, բայց՝ ով գիտե, առավել եւս, որ այսօր արդեն որոշակի լարվածություն, մեր աղբյուրների վկայությամբ, համայնքում նկատվում է: Երեկ հենց Արծրուն Խաչատրյանն ու Արման Սահակյանն են եղել իրենց թեկնածությունն առաջինն առաջադրած հավակնորդները: Երեկվա դրությամբ նրանցից բացի որեւէ մեկը թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին առաջադրման հայտ չէր ներկայացրել, թեեւ, համաձայն շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է, որ առաջիկայում այդպիսիք լինեն: Ընդ որում, որոշ լուրերի համաձայն, գործող թաղապետը մտադիր է օժանդակել մի քանի դրածո թեկնածուների առաջադրմանն ու գրանցմանը, իբր, իր մրցակցի՝ Արման Սահակյանի օգտին տրվելիք քվեները կիսելու, կամ՝ նրանց թեկնածությունը Ա.Խաչատրյանի օգտին հանելու մտադրությամբ: Թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկայում եւ թե ով կընտրվի թաղապետ այսօր, իհարկե, դժվար է կանխատեսել, բայց, որ պայքարն անզիջում է լինելու միանշանակ է: Թեկնածուներից երկուսն էլ, մեկը քիչ, մեկն ավելի շատ, բայց ունեն վարչական, իշխանական լծակներն իրենց օգտին կիրառելու բացառիկ հնարավորություններ: Բանն այն է միայն, որ եթե, ասենք, ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ թաղապետերին ոչ ոք չէր խոչընդոտում՝ օրենքի խախտմամբ, զբաղվել քարոզչությամբ, ապա՝ այս դեպքում գոնե Սահակյանները հետամուտ կլինեն, որ թաղապետ Ա.Խաչատրյանը հնարավորություն չունենա օգտվել իր իշխանական լծակներից, առավել եւս, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում համապատասխան հոդվածով երաշխավորվում է թեկնածուների հավասարության սկզբունքը: Ասել է թե, թաղապետ Արծրուն Խաչատրյանը ստիպված կլինի գոնե առժամանակ վայր դնել իր լիազորությունները: Աջափնյակի թաղապետի հիշյալ երկու թեկնածուներից երեկ մեզ հաջողվեց խոսել միայն Արման Սահակյանի հետ: Պատասխանելով մեր հարցին նա ասաց, որ իր նախընտրական շտաբներն առայժմ ձեւավորված չեն, թեեւ դրանց աշխատակազմի անդամներն արդեն հայտնի են: Ա.Սահակյանն իր ասելով, սպասում է թիվ 9 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից իր թեկնածության գրանցմանը, որից հետո միայն շտաբները կանցնեն ակտիվ աշխատանքի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել