Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՍՖԱԼՏԻ ՏԱԿ ՉՄՆԱ

Հոկտեմբեր 03,2003 00:00

ՈՐ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՍՖԱԼՏԻ ՏԱԿ ՉՄՆԱ Երբ 1963 թվականին Տիգրան Պետրոսյանն օծվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, հայ ժողովուրդն իր զավակին մեծարեց արժանվույն՝ նրան ընդունելով որպես իր ազգային հերոսներից մեկը։ Ի նշանավորումն Տիգրան Պետրոսյանի շախմատային թագակրության եւ միջազգային մրցաշարերում տարած բազմաթիվ հաղթանակների, քաղաքամայր Երեւանի մի քանի կենտրոնական փողոցներում գետնանցումներին շախմատի խաղատախտակի ձեւ տրվեց։ Դա 60-ականներին էր։ Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ մասին «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում ժամանակին գրել է մարզական լրագրող Սերգեյ Հակոբյանը՝ նշելով, որ աշխարհում առաջին անգամ է այդպիսի բան արվում։ Այդ անցումների լուսանկարները տպագրվել են նաեւ միութենական մամուլում ու դրանով մենք հպարտանում էինք։ Այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման մեծածավալ աշխատանքներ են ընթանում։ Հերթը հասել է Աբովյան փողոցին։ Թումանյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկներում դեռ պահպանվում են այդ վանդակաձեւ անցումները։ Մտավախություն ունենք, որ չիմանալով այս պատմությունը, որ շախմատաձեւ անցումները մեր ժողովրդի համար պատմական հիշողություն են, հնարավոր է՝ դրանք վերացվեն։ Դրա համար էլ դիմում ենք ասֆալտապատման ծրագրի ղեկավարներին, նախագահի աշխատակազմին, որպեսզի անհետաձգելի միջոցներ ձեռնարկվեն գոնե այդ երկու տեղերում անցումները պահպանելու ուղղությամբ։ Մանավանդ որ դրանցից մեկը հենց Սպորտպետկոմի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքի առջեւ է։ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2004 թվականը հայտարարել է Տիգրան Պետրոսյանի տարի՝ գնահատելով հայ ժողովրդի մեծանուն զավակի դերը շախմատի հազարամյա պատմության ու զարգացման մեջ։ Այս ֆոնի վրա մեզ՝ հայերիս, պատիվ չի բերի, եթե ինքներս չհարգենք մեր պատմական հարստությունը եւ պատմական հիշողությունը թողնենք ասֆալտի տակ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՄԼՖ գլխավոր քարտուղար, ՀԱՕԿ-ի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել