Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՈՒՇԱՆԱ

Հոկտեմբեր 03,2003 00:00

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՈՒՇԱՆԱ Ավարտին են մոտենում Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգման աշխատանքները։ Դրանք հեռու են կատարյալ լինելուց, թեեւ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը երախտապարտ է նրանց. «Էլի շնորհակալ ենք շինարարներից, տանիքը վերանորոգեցին, զուգարանները»։ Ի դեպ, այդ աշխատանքները պետք է ավարտվեին դեռեւս անցած տարվա նոյեմբերին, սակայն շինարարները բառացիորեն օրերս են դուրս եկել պատկերասրահից։ Ի սկզբանե Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով նախատեսված էր փոխել պատկերասրահի վարագույրները, քանդակների փայտյա պատվանդանները, սակայն դրանք մնացել են նույնը, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ։ 40 տարվա վաղեմություն ունեն (Փ. Միրզոյանն էլ հաստատեց) նաեւ դռների քառակուսի, դուրս ցցված փականները։ Հին են նաեւ մանրահատակը, ցուցանմուշների ապակյա ցուցափեղկերը։ «Լավ կլիներ, որ դրանք հերմետիկ փակված լինեին եւ ունենային օդափոխության ու լուսավորության համակարգ, որպեսզի ցուցանմուշները չփոշոտվեին։ Պատկերասրահի աշխատողները ստիպված են լինում հաճախակի փոշին մաքրել։ Բայց դա վտանգավոր է. չի բացառվում, որ ցուցանմուշները վնասվեն»,-մտահոգված է տնօրենը։ Ներկայումս պատկերասրահի ողջ կոլեկտիվը փորձում է տեսքի բերել շենքի 8 հարկերը։ Տնօրենը խոստովանում է, որ այդ ամենի համար եւս ժամանակ է պետք, որովհետեւ թանգարանը մի օրում չի բացվում։ Արդեն շատ սրահներում կախված են նկարները, որոնք արեւի լույսից պաշտպանելու համար պատկերասրահի աշխատակիցները ստիպված կախել են հին, պատառոտված վարագույրները։ Պատուհանների մի մասի փակելու շնորհիվ ազատվել է 400-500 քմ տարածք, որոնք կօգտագործվեն նոր նկարների ցուցադրության համար։ Վերականգնվել են պահոցների որոշ աշխատանքներ։ Օրինակ, առաջին անգամ կցուցադրվեն Ռոդենի վաղ շրջանի գործերը, ցավոք, հին ու մաշված պատվանդանների վրա։ Ըստ Փ. Միրզոյանի, սրահների պակաս է զգացվում, սակայն հարցը չի կարող լուծվել, քանի որ շինվերանորոգման աշխատանքները սկսվել են ոչ իր պաշտոնավարության ժամանակ եւ ինքը հնարավորություն չի ունեցել սեփական նկատառումները հայտնելու։ «Եթե շինարարներին մնար, նրանք բոլոր սրահները նույն գույնով կներկեին եւ իմ միջամտությամբ է, որ սրահները տարբեր գունային երանգներ ունեն։ Այցելուն նոր սրահ մտնելով, պետք է թեկուզ ձեւավորումից զգա տարբերությունը»,- կարծում է տնօրենը։ Ներքին հարդարման աշխատանքները (այդ թվում՝ նաեւ քանդակների պատվանդաններ, աթոռներ, էքսպոզիցիա) ավարտին հասցնելու համար պատկերասրահի տնօրինությունը նամակով դիմել է նախագահին՝ խնդրելով որոշակի գումար, դրա մեջ, սակայն, չի շոշափված վարագույրների հարցը. «Իսկ 8 հարկի վարագույրների համար հսկայական գումար կպահանջվի, մանավանդ՝ դրանք պետք է լինեն նոր, գոբելենային, երկտակ եւ, ամենակարեւորը, եվրոպական չափանիշներին համապատասխանող»։ Պատկերասրահը չունի նաեւ ուղեցույց, իսկ այցելուն ցանկացած թանգարանի մասին տպավորությունը ստանում է ուղեցույցից։ Այս մշակութային օջախը ներկայացնող ալբոմը վերջին անգամ տպագրվել է մոտ 20 տարի առաջ: Ինչպես տեղեկացրեց պրն Միրզոյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը խոստացել է աջակցել նոր ալբոմի հրատարակմանը։ Միջոցներ լինելու դեպքում կտպագրվի նաեւ օրացույց պատկերասրահում պահվող գլուխգործոցների նկարներով։ «Թե չէ՝ ամեն տեսակ մերկ աղջիկներով օրացույցներ են վաճառում, իսկ պատկերասրահի շեդեւրներով օրացույց չկա»,- փաստեց Փ. Միրզոյանը։ Այս տարի քանի անգամ պատկերասրահի լավագույն աշխատանքները ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր թանգարաններում, ինչը որոշակի գումարի մուտք է ապահովել։ Այս օրերին Կանդինսկու աշխատանքները ցուցադրվում են Իսպանիայում, առաջիկայում պատրաստվում է ցուցահանդես՝ «Շագալը եւ նրա աշակերտները»։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը ավստրալացիներից էլ հայ գեղանկարիչների գործերը իրենց մոտ ցուցադրելու առաջարկ է ստացել։ «Առավոտի» այն հարցին, թե, վերջապես, մե՞նք երբ հնարավորություն կունենանք դիտելու պատկերասրահի աշխատանքները, Փ. Միրզոյանը տարակուսանքով պատասխանեց. «Երբ լուծվի պատկերասրահի վարագույրների ու էքսպոզիցիայի հարցը»։ «Իսկ եթե դրա համար անհրաժեշտ գումարը չկարողանա՞ք գտնել» հարցին տնօրենը պատասխանեց. «Ուրեմն պատկերասրահը չի բացվի։ Որովհետեւ չենք կարող խայտառակ լինել ու պատառոտված վարագույրներով ներկայանալ մարդկանց»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել