Լրահոս
Օրվա լրահոսը

Կաղում ենք թե՛ օրենքից, թե՛ դրա կատարումից

Հոկտեմբեր 03,2003 00:00

Կաղում ենք թե՛ օրենքից, թե՛ դրա կատարումից Որքանով են լրատվամիջոցներին առնչվող մեր օրենքները համապատասխանում միջազգային սկզբունքներին: Օրերս «Ինտերնյուսի» կազմակերպած, հեռուստատեսության կառավարմանը նվիրված համաժողովին ներկա էր նաեւ Լրատվամիջոցների օրենսդրության միջազգային կենտրոնի իրավաբանական հարցերով փորձագետ Դագլաս Գրիֆինը: Նրա զեկույցը նվիրված էր ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրությանը: Տարբեր երկրների օրենքների բազմաթիվ օրինակներով նա հիմնավորեց, որ ԶԼՄ-ների մասին օրենքներ գրելիս հարկավոր է առաջնորդվել 9 սկզբունքներով: Եթե փորձենք այդ սկզբունքները համեմատել այն օրենքների հետ, որոնք Հայաստանում կարգավորում են (կամ պատրաստվում են կարգավորել) լրատվական դաշտը, ապա կտեսնենք, որ անհամապատասխանությոնները բազմաթիվ են: Չնայած՝ մեզ փորձում են համոզել հակառակը: Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի հեղինակ Աշոտ Աբովյանը պնդում է, որ մեր օրենքը լավագույններից է Եվրոպայում: Դե, իսկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը ոչ միայն Եվրոպայում, այլեւ ամբողջ տիեզերքում է ամենալավը: Միջազգային 9 սկզբունքներից մեկն այն է, որ օրենսդրությամբ գովազդի շուկայի հիմնական մասը պիտի թողնվի մասնավոր հեռուստաընկերություններին: Օրինակ, Չեխիայում օրենքով սահմանված է, որ պետբյուջեից սնվող հանրային հեռուստատեսությունը իր եկամուտների միայն 5%-ը կարող է ստանալ գովազդից: Հետեւաբար, գովազդի հիմնական շուկան մնում է մասնավորին, ինչն էլ կխթանի նրանց զարգացումը: Հայաստանում իրավիճակը տրամագծորեն այլ է: Մեր Հանրային հեռուստատեսությունը առատորեն օգտվում է պետական բյուջեից՝ հիշենք, թե ինչպես էր 2003թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախկին նախագահ Շավարշ Քոչարյանը դժգոհում, որ Հանրային հեռուստատեսությանը բյուջեից հատկացվելիք գումարի չափը գերազանցում է մեր երկրում գիտությանը տրվող ողջ գումարին: Եվ միեւնույն ժամանակ, Հանրային հեռուստատեսությունը՝ երկու այլ հեռուստաընկերությունների հետ միասին, ըստ իրենց իսկ կողմից հաստատված տեղեկության, զբաղեցնում է գովազդային շուկայի 75-80%-ը: Անհամապատասխանության մեկ այլ օրինակ: Գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ TV-ներին լիցենզիա տվող մարմինը լինի ինքնիշխան, որեւէ կախում չունենա կառավարությունից, նախագահից, ընդհանրապես իշխանություններից: Լավ կլինի, եթե կազմված լինի բազմակուսակցական համակարգով, ինչպես նաեւ ընդգրկված լինեն տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թե որքանով է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովը համապատասխանում այս սկզբունքին երեւվում է համապատասխան օրենքի թիվ 39 հոդվածից, որտեղ գրված է. «Ազգային հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, որոնց նշանակում է ՀՀ նախագահը»: Եվս մի սկզբունք՝ պիտի օրենքում հստակ գրված լինի, թե ի՞նչ չափանիշներով է տրվում կամ մերժվում լիցենզիա տալը: Ինչպես նաեւ՝ մերժման դեպքում պիտի գրավոր բացատրություն տրվի մերժման պատճառների մասին եւ դա հրապարակվի: Այս դեպքում, պիտի խոստովանենք, որ մեր գործող օրենքը վատը չէ՝ ապահովում է այդ ամենը: Օրենքում նշված է, թե ինչ որակներ պիտի հաշվի առնի ՀՌԱՀ-ը՝ արտոնագրատիրոջն ընտրելիս: Իսկ 51-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին՝ որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում»: Սակայն այստեղ գործ ունենք միջազգային ամենագլխավոր սկզբունքի անտեսման հետ՝ «օրենքները պիտի կատարվեն»: ՀՌԱՀ-ը համառորեն «Ա1+» հեռուստաընկերությանը որեւէ գրավոր հիմնավորում չներկայացրեց՝ նրանց դիմումը մերժելու պատճառների մասին: Իսկ թե որքանով է միջազգային ստանդարտներին համապատասխանում առաջին ընթերցմամբ ընդունված «ԶԼ մասին» օրենքը, այդ մասին՝ հաջորդ համարում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել